Ակնաղբյուրում՝ առանց մրցակցության
Մարտի 15-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են կայանում Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր եւ Ներքին Ծաղկավան համայնքներում, ավագանու ընտրություններ՝ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում: Ակնաղբյուրում համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված, ոչ մի տեղ չաշխատող, ՀՀԿ անդամ, 1975թ. ծնված Արազ Միրզոյանը դեռեւս փետրվարի 20-ին ինքնաբացարկ է տվել, եւ համայնքի ղեկավարի թեկնածուն մեկն է՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ,1968թ. ծնված Կարեն Դոլմազյանը: Նա Ակնաղբյուր համայնքը ղեկավարում է 2001թվականից: Նշենք, որ ի սկզբանե պարզ էր, որ Արազ Միրզոյանը ինքնաբացարկ է տալու, նրա թեկնածությունն առաջադրվել էր, որպեսզի ապահովվի օրենքի պահանջը, գրանցվի ՏԻՄ ղեկավարի մեկից ավելի թեկնածու:
Ն. Ծաղկավանում համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն են՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ 1963թ. ծնված Նաիրի Աթաբեկյանը եւ գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ, անկուսակցական, 1979թ. ծնված Իսկանդար Մեհրաբյանը: Ն. Աթաբեկյանը Ն. Ծաղկավան համայնքը ղեկավարում է 2004թվականից: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ժամը 11-ի դրությամբ Ակնաղբյուրի ցուցակային 369 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 80, Ն. Ծաղկավանի ցուցակային 452 ընտրողներից՝ 100 ընտրող:
Տավուշի մարզկենտրոն Իջեւանում ավագանու 15 տեղին հավակնում է 21 թեկնածու: Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ-ից տեղեկացանք, որ ցուցակային 14127 ընտրողներից ժամը 11-ի դրությամբ Իջեւանի 8 ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցել է 1653 ընտրող: 21 թեկնածուի մեջ միայն մի կին կա՝ Իջեւանի վարժարանի տնօրեն , ՀՀԿ անդամ Հասմիկ Ամիրյանը: Թեկնածուների մեջ ամենատարեցը ՀՀԿ անդամ, 1958թ. ծնված Սամվել Չիբուխչյանն է, ավագանու թեկնածուների բացարձակ մեծամասնությունը տարիքով երիտասարդ է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ