Երեւանի խուլ-համրերի մարզական պալատում այսօր մեկնարկեց ազատ ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են հանրապետության բոլոր մարզերի (բացի Տավուշից ու Գեղարքունիքից) շուրջ 140 ըմբիշներ:
Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանն Aravot.am-ին ասաց. «Առաջնության արդյունքներով կկազմավորվի ընտրանին, որը կնախապատրաստվի այս տարվա կարեւոր մրցումներին: Առաջինը հունիսին Ստամբուլում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է, իսկ տարվա գլխավոր մեկնարկը կլինի օգոստոսին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը: Մինչեւ Ստամբուլ մեկնելը պլանավորել ենք երեք ուսումնամարզական հավաք եւ մեկ մասնակցություն միջազգային մրցաշարի»: Հարցին, թե ըմբիշների վարպետության մակարդակը գոհացնո՞ւմ է, մարզիչը պատասխանեց. «Դեռ չորս քաշային կարգերի մարզիկներ են մրցագորգ մտել, սակայն ընդհանուր առմամբ պատրաստվածությունը բավարար է: Եղան անցած տարվա առաջնության հաղթողներ, որոնք պարտություն կրեցին ու դուրս մնացին մեդալների համար պայքարից: Իսկ դա նշանակում է, որ ընդհանուր առաջընթաց կա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ