Արման Նավասարդյանը կասկածում է՝ ԵՄ բանակը ստեղծելուց հետո նրանք կկարողանան Ռուսաստանի ռազմավարական պոտենցիալի դեմ որեւէ լուրջ քայլեր կատարել
«Մենք գործ ունենք քաղաքական շատ խորը մտածված բլեֆի հետ»,- մարտի 14-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հայտարարությանը, թե պետք է ստեղծել ԵՄ բանակ, ասաց արտաքին գործերի նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը:
Նրա խոսքերով՝ հայտարարությունը, թե բանակի հիմնական նպատակն այն է, որ Եվրոպան պետք է պաշտպանվի Ռուսաստանից, հեռու է իրականությունից, որովհետեւ Գերմանիան այսօր շարունակում է իր քաղաքական գիծը, որը տարել է մեկ դար. «Գերմանացիներին ձանձրացրել է լինել օկուպացված երկիր. նրա տարածքում ե՛ւ ամերիկյան, ե՛ւ ՆԱՏՕ-ի բազմաթիվ ռազմական կայաններ կան, նրանք կարծես թե ուզում են փոշիացնել այդ իրավիճակը եւ ՆԱՏՕ-ից դուրս գալ: Եթե նրանք ՆԱՏՕ-ից դուրս գան, դա ձեռնտու կլինի Ամերիկային, նա իր զորքերը կհանի Գերմանիայից, որովհետեւ ֆինանսների հարց է»:
Արման Նավասարդյանը կարծում է, որ Գերմանիան ունի հիանալի ռազմական դպրոց՝ ցամաքային զորքեր ստեղծելու համար, եւ եթե նրան միանա Ֆրանսիան իր ռազմավարական միջուկային զենքով եւ միջուկային զենք ստեղծելու կարողությամբ, դառնում է շատ ուժեղ բանակ. «Եվրոպան վերջին հաշվով փող ունի, բացի դրանից՝ մարդկային ռեսուրսների առումով Եվրախորհուրդում հինգ հարյուր միլիոն մարդ կա: Ես կասկածում եմ, որ նման բանակ ստեղծելուց հետո նրանք կկարողանան Ռուսաստանի ռազմավարական պոտենցիալի դեմ որեւէ լուրջ քայլեր կատարել, բայց կարող են լինել փոքր խնդիրներ, որոնք կարող են անել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ