«Վերջին տարիներին ինքնասպանությունների թիվն աճել է». այսպիսի պնդման այսօր հաճախ կարելի է հանդիպել: Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ պնդում է, որ չի կարելի միանշանակ ասել՝ ինքնասպանությունների թիվն աճել է թե նվազել, քանի որ նման եզրահանգման գալու համար լուրջ հետազոտություններ են անհրաժեշտ, ոչ թե աչքաչափ:
«Պարզապես, մենք այսօր բավականին տեղեկացված ենք դարձել, իսկ խորհրդային տարիներին ինքնասպանությունների մասին լուրերը յոթ փակի տակ էին պահվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերջին շրջանում հատկապես պատենական տարիքում կատարված ինքնասպանություններին, ասաց Ս. Խուդոյանը՝ ընդգծելով, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզանում, առավելապես 18-25 տարեկաններն են հակված ինքնասպանություն գործելու: Ինչ վերաբերում է դեռահասներին, հոգեբանն ասում է, որ նրանք այս առումով այնքան էլ վտանգավոր գոտում չեմ, քանի որ այդ տարիքում դեպրեսիան շատ խորացած չի լինում: Նրանք հիմնականում ինքնասպանության են գնում պատժելու համար որևէ մեկին՝ ծնողին, ընկերոջը…
«Բայց եթե անգամ ինքնասպանությունը գիտակցված է, որոշումը կայացնելու պահին այդ մարդը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է գտնվում»,- նկատեց Ս. Խուդոյանը՝ հավելելով, որ երբեմն անհաջող ինքնասպանության փորձ կատարած մարդիկ նորից են դիմում այդ քայլին, բայց եթե այն միայն ցուցադրական բնույթ է կրել, այլևս չեն կրկնում:
«Կա նաև չգիտակցված ինքնասպանության տեսակ,- ասում է հոգեբանը,- այս դեպքում մարդու մեջ ենթագիտակցորեն կա արդեն ինքնասպանության ցանկությունը, բայց նա չգիտի էլ այդ մասին: Նա, պարզապես, կարող է այնպես անզգուշորեն անցնել փողոցը, որ ընկնի մեքենայի տակ»:
Կարդացեք նաև
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը ևս, անդրադառնալով խորհրդային ժամանակաշրջանին, նշեց, որ Վիճակագրության կոմիտեն այդ տարիներին տվյալներ էր հրապարակում, ըստ որոնց՝ տարեկան ինքնասպանությունների ընդամենը 40 դեպք էր լինում. «1994 թվականից հետո այդ ոլորտն այլևս չի ուսումնասիրվել, մինչև այդ էլ իրական պատկերը թաքցվում էր: Մեր կենտրոնը պարզեց, որ ինքնասպանություններն այդ տարիներին ոչ թե 40-ն են եղել, այլ 400-ը: 2006-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ այդ տարի ինքնասպանությունների 476 դեպք է գրանցվել»,- ասաց նա՝ տեղեկացնելով նաև, որ Միջազգային առողջապահության կազմակերպության տվյալներով՝ ինքնասպանությունների թիվը գնալով շատանում է, և դրանք կատարվում են տարբեր պատճառներով. «Ըստ այդ տվյալների՝ ինքնասպանությունների 51%-ը կենցաղային հողի վրա է կատարվում, 49%-ը՝ անհայտ պատճառներով»:
Ա. Ամարյանը ցավով նկատեց, որ որևէ մեկը չի հետազոտում աղանդավորական կառույցների գաղափարախոսությունը, որը շատ ինքնասպանությունների պատճառ է դառնում. «Կրոնական կառույցները քարոզում են, որ ինքնասպանության միջոցով մարդը կարող է ազատվել այս աշխարհի տանջանքներից: Տարիներ առաջ կամուրջից նետված 12 տարեկան երեխայի սենյակում բացի կրոնական գրականությունից ու սև հագուստից ուրիշ ոչինչ չգտան»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ եթե կրոնական կառույցների գաղափարաբանությունը բացահայտող հետազոտություն արվի, Կառավարությունը կկարողանա ճնշման լծակներ կիրառել, քանի որ ժողովրդին պետք է պաշտպանել այն աղանդավորական կառույցներից, որոնք մարդու հոգեբանության վրա բացասական ազդեցություն են գործում:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ