Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Ազատության հրապարակը համարում եմ ճահիճ». Ստյոպա Սաֆարյան

Մարտ 14,2015 15:15

«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը չի քննադատում քաղաքական ուժերի ներկայացուցիչների որոշումը նախագահի հետ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցեր քննարկելը: Նրա խոսքով, ինքը մշտապես կողմ է եղել, որ «Ժառանգությունը» կատեգորիկ չմերժի սահմանադրական փոփոխությունների խնդիրը ու հանուն խորհրդարանական համակարգի անցնելու դնի հարակից փաթեթով այլ խնդիրներ. Օրինակ՝ համամասնական ընտրությունների անցնելու հարցը, ընդդիմության դերի ավելացման ու ազատ եւ արդար ընտրությունների երաշխավորման հարցեր:

«Բայց կուսակցությունն այլ ճանապարհով գնաց՝ կարեւորելով եռյակի շուրջ դիրքորոշումների նույնացումն այդ հարցում եւ համարեց, որ չի մասնակցում ու մերժում է այդ փոփոխությունները: Կարծում եմ՝ «ժառանգությունն» առաջին հերթին չպետք է այդքան կոշտ դներ պայման, որ այսօր այսպիսի վիճակ չստեղծվեր իր համար, որովհետեւ ժառանգության անդամների մի մասը հենց հղում է անում էդ դիրքորոշմանը, որ սկզբում մերժում էին: Խնդիրը ոչ թե գնալու մեջ է, այլ որ գնացել են նախկինում դա կատեգորիկ ձեւով բացառելուց հետո: Թե չէ «Ժառանգությունը» տարիներով ՀՅԴ-ի նման միշտ կողմ է եղել խորհրդարանական  կառավարմանը:

Եթե պետք է գնալ այդ քննարկման, ինչու կատարվեցին այդպիսի կատեգորիկ հայտարարություններ»,- մեզ հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով, լուրջ խնդիր է, որ քաղաքական ուժերը սկզբում շատ կատեգորիկ մերժում էին՝  փոփոխություններ չենք անելու, հեռացնելու ենք Սերժ Սարգսյանին, բայց. «Դա տապալվեց խայտառակ, նվաստացուցիչ ձեւով ու  դրանից հետո գնում են՝ հա ճիշտ էիք ասում Սերժ Ազատիչ, համաձայն ենք սա անել, եթե բարեհաճեք, այսպիսի առաջարկներ ընդունել: Ես կուզենայի եռյակի ճնշումները՝ մեծ զանգվածները թիկունքում,  օգտագործվեր, որ մի կողմում ունենային միայնակ ՀՀԿ իր նախագահով ու մյուս կողմում ընդդիմություն, որը համախմբվել է  ու ուզում է երկրում իսկապես խաղի կանոնները փոխել: Վախենում եմ ու  խղճում եմ այն մարդուն, որը ընդդիմության դաշտից 2018-ին որոշելու է նախագահ դառնալ, խղճում եմ նրան , որովհետեւ նա բոլոր շանսերն ունի  այն ճանապարհն անցնելու, որն անցել են բոլոր ընդդիմադիր գործիչները՝ Վազգեն Մանուկյան, Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Տեր Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը: Խղճում  եմ նրանց, որ նստելու են նույն մեղադրյալի աթոռին  եւ նստելու են, որովհետեւ ոչինչ չի արվում խաղի կանոնները փոխելու համար: Կարեւոր է, որ երկրում փոխվի արտաքին մթնոլորտը, որ մի կողմից չասենք, թե Մոսկվան ում ուզում է  նախագահ է դառնում, բայց մյուս կողմից էլ  չգնանք Մոսկվայի կամ Կրեմլի դռանը հերթ կանգնենք, թե ով է հարսնացուի  ամենագեղեցիկ թեկնածուն: Ուզում եմ, որ մեր քաղաքական կյանքում ստեղծենք այնպիսի ուժերի բալանս, որ ընդդիմությունը հաղթելու շանսեր ունենա: Ուզում եմ, որ կառավարման ձեւը փոխվի, որ քաղաքական ուժերը օբյեկտիվորեն չդիտարկվեն որպես հաճախորդներ եւ չդառնան հաճախորդներ: Ուզում եմ, որ մեր քաղաքական գործիչների  համար նախագահի թեկնածություն դնելը չդառնա կարիերայի ու քաղաքական կյանքի վերջը, որովհետեւ բոլոր քաղաքական գործիչների հետ այդպես է եղել, որովհետեւ այսպիսի քաղաքական կյանքում դա է ապագան, ուզում եմ, որ քաղաքական բազմակարծ համակարգ ձեւավորվի , որ պրոֆեսիոնալները զբաղվեն քաղաքականությամբ:

Ուզում եմ, որ քաղաքականությունն ու դաշինքները լինեն գաղափարախոսությունների վրա, չունենանք այս վիճակը: Ազատության հրապարակը արդեն համարում եմ ճահիճ, որովհետեւ այնտեղ ավելի շատ խորտակվել են հույսեր, բացառությամբ 88 թվականի, խորտակվել են քաղաքական կարիերաներ, կուլ են գնացել ժողովրդի հաղթանակներ ու այսօր էլ քաղաքական գործընթացները պահել Ազատության հրապարակի մակարդակում  նշանակում է  գնալ նույն տրորված ճանապարհով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Է է,պարոն Սաֆարյան,ընդիմությունը վաղ թե ուշ,իշխանություն է դառնալու և նույն պիտակավորումներն է ստանալու,որովհետև մեր երկրում,արդեն այնպիսի մթնոլորտ է ստեղծվել,որ,իբր նոր իշխանություններ գալուց հարկեր չեն հավաքելու,երթևեկության կանոններ չեն լինելու,տաքսիստները առանց լիցենզիաների են աշխատելու,գյուղացու հողը պետությունն է վար ու ցանելու և բերքը գյուղացուն վերադարձնելու,ոստիկանությունը իրավախախտներին չի ձերբակալելու,դատապաշտպանները ընդունելու են,որ իրենց պաշտպանյալը,իրոք,հանցանք է գործել,որ արտագաղթ չի լինելու և այլն:Մեկ տարի հետո բոլորն իրենց անհաջողությունները վերագրելու են արդեն ՆՈՐ իշխանություններին…:Անցած 25 տարիների ընթացքում այդպիսի հիմքեր են գցվել և վերնաշենքն էլ այդպիսին է լինելու:Մեր ամենամեծ սխալն այն է,որ քննադատվում են ընդհանրապես իշխանությունները,այլ ոչ թե նրա այս կամ այլ քայլը:Թվում է,մենք ավելի լավ կապրենք եթե իշխանություններ ընդհանրապես չլինեն…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031