«Ժամանակ» թերթը զրուցել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ:
Պարոն Սաֆարյան, մեր երկրի կարեւոր գործընկեր Ռուսաստանի տնտեսությունն օրեցօր վատանում է: Իսկ դա անմիջականորեն իր բացասական ազդեցությունն է ունենում մեր երկրի վրա: Տրանսֆերտները նվազում են, արտահանումն ու ներդրումները՝ նույնպես: Նման պայմաններում ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսության վիճակը:
Իհարկե, դրանք գործոններ են, որոնք միանշանակ բացասաբար են ազդում մեր տնտեսական այն բոլոր ցուցանիշների վրա, որոնք ծրագրավորվել էին 2015թ. համար: Առավել եւս, երբ ձեր թվարկած որոշ ցուցանիշների դեպքում կայուն վատացումից անգամ կտրուկ վատացում էլ է նկատվում: Բնականաբար, դրանք բացասաբար են ազդում մեր բոլոր գնահատականների՝ եւ մակրոտնտեսական, եւ բյուջետային ֆինանսական ցուցանիշների վրա: Եվ պատահական չէ, որ մենք ներկայումս բացասական հետեւանքների հետ կապված գնահատումներ ենք իրականացնում, եւ կարծում եմ, որ մինչեւ այս ամսվա վերջը կունենանք որոշակի ցուցանիշներ եւ դրանք կներկայացնենք հանրությանը: Վստահաբար, այդ ցուցանիշները լինելու են ավելի բացասական, քան մենք ծրագրել էինք երեք-չորս ամիս առաջ:
Բյուջեի հիմնական ցուցանիշը՝ 4,1 տոկոս աճը, հավանաբար, այս տարի հնարավոր չի լինի իրականացնել: Ձեր նոր գնահատականները նշանակում են, որ կկրճատվի՞ այս թիվը:
Ես չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել եւ որեւէ կոնկրետ թիվ հրապարակել, քանի որ հիմա մեր մասնագետները հաշվարկ են անում: Մենք նաեւ միջազգային կառույցների հետ քննարկումների կարիք ունենք, քանի որ դրանք այն ցուցանիշներն են, որոնք ազդում են մեր ՀՆԱ-ի աճի վրա, եւ որոնք հիմնականում պայմանավորված են այն պետություններով, որոնց հետ մենք սերտ տնտեսական կապեր ունենք: Միջազգային ֆինանսական կառույցներն են այն մարմինները, որոնք կարողանում են այդ ամբողջը հանրագումարի բերել եւ առանձին երկրների դեպքում գնահատել ազդեցությունը: Մենք ունենք որոշակի գնահատականներ, բայց նաեւ կարիք ունենք տեսնելու, թե տնտեսական աճի ինչպիսի դինամիկա է սպասվելու այն բոլոր երկրներում՝ ՌԴ-ում, եվրոպական երկրներում, որոնց հետ Հայաստանն ակտիվ տնտեսական կապերի մեջ է: Դա է պատճառը, որ ես ասում եմ, թե ամսվա վերջին մենք արդեն կունենանք ճշգրտված ցուցանիշները:
Իսկ այդ ճշգրտումների արդյունքում հնարավո՞ր է, որ 2015թ. բյուջեում կանխատեսված 4,1 տոկոս աճի փոխարեն հայտարարվի, թե տնտեսական անկում է լինելու:
Չի բացառվում:
Անգամ կանխատեսումներ կան, որ ինչպես 2009 թվականին՝ այս տարի նույնպես երկնիշ տնտեսական անկում է լինելու:
Ես կարծում եմ, որ նման մոտեցումները հիմնավորված չեն հաշվարկային եղանակով, որովհետեւ գոնե այժմ մեր հաշվարկները մեզ նման պնդումներ անելու հիմքեր չեն տալիս: Դրանք կանխագուշակումներ կամ ցանկություններ են, կամ էլ թվեր են, որոնք իրերի վատ դասավորվածության դեպքում ինչ-որ հավանականությամբ կկատարվեն: Բայց այսօր նման կանխատեսումներ անելու հիմքեր չկան:
Հրապարակումն ամբողջությամբ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: