Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը վտանգավոր քայլի է դիմել»

Մարտ 14,2015 16:00

Աշոտ Մանուչարյանի համոզմամբ՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացն արագ կարող է վերածվել իշխանության վստահության հանրաքվեի

«Սերժ Սարգսյանը շատ վտանգավոր քայլի է դիմել: Ես հիմա չեմ էլ ուզում գնահատել՝ ո՞րն է իրական նպատակը, որովհետեւ սահմանադրությունները, որոնցով Հայաստանն ապրում է, Հայաստանի հետ որեւէ կապ չունեն: Ինչ էլ առաջարկում է Սերժ Սարգսյանը՝ էլի Հայաստանի հետ որեւէ կապ չունի: Դա նորից արտաքին ճորտացման համակարգերից մեկն է, որն իրականում մեզ զրկում է ազատությունից ու անկախությունից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
Սերժ Սարգսյանը երեկ հանդիպումներ է ունեցել քաղաքական ուժերի հետ՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ: Աշոտ Մանուչարյանից հետաքրքրվեցինք՝ կհաջողի՞ իր նախաձեռնած գործընթացը հանգիստ ավարտին հասցնել Սերժ Սարգսյանը՝ մանավանդ ՀՀԿ-ԲՀԿ համատեքստում վերջին քաղաքական իրադարձությունները կարծես թե բոլոր խոչընդոտները վերացրեցին: Երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել են ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՀՇ, «Ազատ դեմոկրատներ», Միավորված աշխատանքային կուսակցության ներկայացուցիչները: ՀԱԿ-ը հայտարարել է, որ ոչ մի հրավեր չի ստացել, իրենք էլ կտրականապես մերժում են այդ քննարկումները: «Ժառանգությունը» 3 պահանջ է ներկայացրել իշխանություններին, որոնք կատարելու դեպքում իրենք պատրաստ են մասնակցել սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկմանը: Երեք պայմաններից մեկը համամասնական ընտրակարգին անցնելն է, ընտրական ցուցակները հրապարակելը: «Բուն գործընթացը բերելու է ժողովրդի մոբիլիզացիայի մեծ հնարավորության, եւ դա շատ արագ վերածվելու է իշխանության վստահության հանրաքվեի: Երկրորդ հանգամանքն էլ կա՝ շատ մեծ արտաքին մարտահրավերներ կան. հիմա այդպիսի գործառույթ դնել, որը կարող է երկրում խոշոր առճակատումներ առաջացնել, մեղմ ասած՝ անպատասխանատվություն է»,- կարծում է մեր զրուցակիցը:

Հայաստանի երկու նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մեջ վերջերս վեճ ծագեց ԼՂՀ-ն բանակցություններից դուրս թողնելու մասով: Հիշեցնենք, որ մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «…քոչարյանական վարչախումբը արտաքին քաղաքականության մեջ թույլ տվեց մի ավելի կոպիտ ձախողում. մինչ այդ հակամարտության լիիրավ կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս մղվեց կարգավորման գործընթացից, եւ արցախահայության ինքնորոշման իրավունքի խնդիրը վերածվեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի առարկայի»։ Դրան հետեւեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարությունը՝ համեմված մամուլի հրապարակումներից պատառիկներով, որոնք իբր ապացուցում էին այն, որ ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է թողել Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով՝ ով ինչ չափով ու ձեւով է մասնակցություն ունեցել ԼՂՀ-ի՝ բանակցային գործընթացից դուրս մնալուն: «Ես համարում եմ, որ Հայաստանը ֆունդամենտալ սխալ կատարեց, երբ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում ընդունեց Մինսկի խմբի բանաձեւը, քանի որ դա, իբրեւ ֆորմատ, ստեղծված էր այլ խնդիրներ լուծելու:

Աշխարհի հզորներն իրենց խնդիրներն էին դրանով լուծում: Մեկը՝ իր ներկայության, մյուսը՝ համադրման եւ այլն, իսկ մեր ժողովուրդներն իրենց համար ուղղակի խաղալիքներ էին, որոնց օգնությամբ իրենց դիրքերը ամրացնում էին»,- ասաց նա: Աշոտ Մանուչարյանը հիշեցնում է, որ կոնֆլիկտի սկզբնական շրջանում Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ունեին իրենց նախագծերը, որոնք այդ պահին տանում էին նրան, որ տարածաշրջանը ներկայանար իբրեւ մեկ Կովկասյան միավոր՝ կոնֆեդերացիայի տեսքով: Մանուչարյանը համոզված է՝ այդ ծրագրի իրագործումը կնպաստեր տարածաշրջանի կայացմանն ու կայունացմանը. «Այդ պահին կովկասյան տարածաշրջանը կարեւորագույնն էր, Եվրասիա մայրցամաքում միակ չեզոք հատվածն էր, եւ բոլորը շահագրգռված էին, որ այդ չեզոք հատվածը լինի, որպեսզի եթե մեկը մյուսի հետ կոնֆլիկտ ունենար՝ այդ չեզոք հատվածով լուծեին կոմունիկացիոն խնդիրները: Այդ չեզոքի առկայությունը բոլորի համար կարեւոր էր, եւ բոլորն էլ կցանկանային, որ այն իրենց ձեռքի տակ լիներ: Բայց եթե որեւէ մեկի ձեռքի տակ չի՝ բոլորը կաշխատեին լավ հարաբերություններ ունենալ այդ միավորի հետ: Դա մենք կարող էինք օգտագործել, զարգացնել, այն կլիներ նաեւ ժողովուրդների անվտանգության համակարգ եւ այլն: Բայց մենք այդ պլաններից հրաժարվեցինք, որովհետեւ մեզ հավաստիացրին, որ իրենք շատ ավելի լավ կլուծեն այդ հարցերը»:

Աշոտ Մանուչարյանն ամբողջական խոհանոցին չի տիրապետում ու չի բացառում, որ մեր ղեկավարությանը նաեւ սպառնացել են, բայց վստահ է՝ սեփական ծրագրերից հրաժարվելը եւ գերտերություններին վստահելը մեր կոպիտ սխալն էր: «Այս ամենից հետո, երբ մենք հայտնվեցինք այդ ֆորմատում եւ սկսեցինք խաղալ այդ խաղերը՝ կա՞ այդտեղ Ղարաբաղը, թե՞ չկա, այսպե՞ս է, թե՞ այնպես՝ քիչ բան էր փոխում: Իհարկե, կարեւոր է, որ Ղարաբաղն իբրեւ սուբյեկտ ճանաչվեր: Այս տեսակետից կոպիտ սխալ էր Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանում հայտնվելը: Եթե պատերազմի տարիների լրատվամիջոցները նայեք, որեւէ հաղորդագրություն չեք գտնի, որ լինի այնպես, թե Հայաստանը Ղարաբաղի գործերի մեջ է մտած»,- ասում է մեր զրուցակիցը՝ նկատելով, որ Ղարաբաղն իր հանրաքվեով անկախացել էր, Հայաստանի հետ մերձեցման գործընթաց էլ կար, բայց շատ ճիշտ է, որ դա առերեւույթ չէր: Ու հանկարծ Ղարաբաղի նախագահը դառնում է Հայաստանի վարչապետ: «Սա փակում է գործընթացների ողջ տրամաբանությունը: Այդ օրվանից սկսած՝ արդեն խնդիրը լուծված է, Ղարաբաղը Հայաստանի մասն է:

Ու հետագա բանակցություններում Ղարաբաղին էլ ի՞նչ թողնես: Հոգեբանորեն էլ դժվար է: Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ ինքը Ղարաբաղի հարցն ամենալավ պաշտպանողն է, Հայաստանի հարցն էլ: Էլ ի՞նչ Ղարաբաղի ներկայություն: Այսինքն՝ այս հարցը լուծվել էր լրիվ այլ դաշտերում, եւ բնավ կարեւոր չեն այս կամ այն կողմից եղած ելեւէջները: Ինքնիշխանությունից, մեր սեփական քաղաքականությունից հրաժարվելը եւ ուրիշներին ենթարկվելը կոպիտ սխալ էր: Դա էլ բերեց ղարաբաղյան հարցում ներկայիս իրավիճակին»,- կարծում է մեր զրուցակիցը:
Այս տարիների ընթացքում մշտապես խոսվել է այն մասին, որ երեք նախագահների ներկայությունը մեր քաղաքական դաշտում պարալիզել է այն, եւ առողջացումը կկայանա միայն երեքի հեռանալուց հետո: Հարցին՝ վերջին քաղաքական զարգացումները նման հնարավորություններ ընձեռո՞ւմ են, մեր զրուցակիցը նկատեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քանիցս առաջարկել է բանաձեւեր՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ միասին քաղաքական թատերաբեմից հեռանալու: «Վերջին երկու նախագահների տանդեմային կառավարումը՝ մեկն իշխանությունն է ղեկավարում, մյուսը՝ ընդդիմությունը, փառք Աստծո, քանդվեց: Այն տեսակետից, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը կրողն են փողի գերակայության փիլիսոփայության, որով կառուցվել է երկիրը, իհարկե՝ նրանց հեռանալը շատ մեծ նշանակություն կունենա: Բայց այստեղ երկրորդ հարցը կա: Հեռացան: Իսկ ո՞ւմ եւ ինչի՞ն են զիջում: Դա պիտի հաստատվի»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ «ումը» կա, բայց հաստատման կարիք ունի: Այս իմաստով նա դրական է համարում մտավորականության կոչը՝ բոլոր նրանց, ովքեր ծրագրեր եւ գաղափարներ ունեն, միավորվել:

Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ դա հնարավոր բան է եւ մեկ-երկու ամսում կարելի է կոնսոլիդացվել ընդհանրական ծրագրի եւ կառավարության, ժողովրդական վստահության հարցերի շուրջ. «Ժողովրդական վստահությունն ավելացնում եմ, որպեսզի հին կաշառակերներին նորից չառաջարկեն կառավարությունում կամ վարկաբեկված անձանց, ում խղճին մարդասպանություն, ջարդարարություն կա»: Մեր զրուցակիցը նկատում է, որ Հայաստանի նախագահները երբեք չեն դրել արժեհամակարգի կամ «աստվածների» խնդիրը, մինչդեռ այն թիվ մեկն է: «Ընտրություններ» բառն այսօր արտասանելը Աշոտ Մանուչարյանը հանցագործություն է համարում: Նա կարծում է, որ «ընտրությունները» նշանակում են «հանրապետության ոչնչացում»: Սա մեր զրուցակիցն ասում է ի գիտություն այն ուժերի, որոնք այս օրերին փորձում են ինչ-որ բաներ անել. «Այս արժեհամակարգում մեկը մյուսի ձեռքից փորձելու է խլել երկիրը թալանելու փայլուն հնարավորությունը, եթե նույնիսկ ազնիվ խմբեր էլ կան, մյուսների հզորությունն այնքան հսկայական է, որ անգամ հավանական հաղթող ազնիվ խումբն անապատի է հանդիպելու»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ռոմանտիկները էլի գաղափարներ կտան,ֆանատիկները այդ գաղափարները կիրականացնեն,կարիերիստները էլի կտիրեն իշխանությանը:Եւ այդպես շարունակ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031