Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՄ-ն չի հեռանալու Հայաստանից, իսկ մենք ի՞նչ ենք ուզում ԵՄ-ից

Մարտ 14,2015 12:00

Ռիգայում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում
Հայաստանից կոնկրետություն է ակնկալվում

2015-ը կարեւոր տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար: Այս տարի ակնկալվում է, որ հստակեցվելու են ԵՄ-ՀՀ համագործակցության շրջանակներն ու այդ հարաբերությունների ապագան:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան վերջերս միջազգային կոնֆերանսի ժամանակ նշել էր, թե ԵՄ-ն սկսել է աշխատել ՀՀ-ԵՄ բանակցությունների նոր համաձայնագրի շուրջ` ընդգծելով, որ իրենց նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ԵՄ-ՀՀ երկկողմ հարաբերությունների հետագա ձեւավորմանը, եւ որ ԵՄ-ն Հայաստանի հետ հեռանկարային հարաբերություններ է նախանշում, ու կողմերն ունեն քաղաքական կամք:

Մայիսին Ռիգայում կայանալու է ԵՄ գագաթնաժողովը: Եվրոպացի պաշտոնյաները շեշտում են, թե Ռիգայի գագաթնաժողովից անհրաժեշտ է իրատեսական ակնկալիքներ ունենալ: ԵՄ-ն Հայաստանից չի հեռանալու՝ վստահեցնում են եվրոպացի դիվանագետները: ԵՄ-ն մտադիր է օժանդակել Հայաստանում մասնավոր հատվածի` ՓՄՁ-ների զարգացմանը, եւ դրա համար նախատեսված է 19 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին: ԵՄ-ն աջակցելու է նաեւ Հայաստանում արդարադատության համակարգում բարեփոխումների շարունակությանը, պետական կառույցների արդիականացմանը: Այս տարի ավելացել են նաեւ քաղաքացիական հասարակությանը տրամադրվող գումարները` կազմելով 2,1 միլիոն եվրո: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար ԵՄ-ն նախատեսում է տրամադրել 12 միլիոն եվրո, 15 միլիոն` հարեւանության ներդրումային խրախուսման համար:
Եվրոպացիները եկել են այն գիտակցման, որ Հայաստանի քաղաքացիները պետք է ավելի լավ հասկանան, թե ի՞նչ է ԵՄ-ն, պետք է պարզորոշ գիտակցեն, թե ինչո՞ւ է ԵՄ-ն ԵՄ հարկատուների գումարները, ճգնաժամի օրոք, ծախսում Հայաստանում ինչ-որ ծրագրեր իրականացնելու համար՝ օրերս նշել էր Հրիսթեան:

Առհասարակ, եվրոպացիները վերջերս ոչ միայն առանձնահատուկ ակտիվություն են ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակի ճշգրտման թեմայի առիթով, այլեւ տարածաշրջանային անվտանգության հարցերով: Եվրոպական երկրները լրջորեն անհանգստացած են ղարաբաղա-ադրբեջանական սահմաններում լարվածության ավելացման առիթով, ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորությունների մասին Ադրբեջանից հաճախ հնչող հայտարարություններով: Ուկրաինական հակամարտությունից Արեւմուտք-Ռուսաստան վերաճած առճակատումը, կարծես, աչքի առաջ ունենալով՝ ԵՄ-ն գիտակցել է Հարավային Կովկասում մեկ թեժ կետի բռնկման վտանգը եւ փորձում է խաղաղության գործընթացին ավելի ակտիվորեն նպաստել:

Ռիգայում կայանալիք ԵՄ գագաթնաժողովն իսկապես կարեւոր է, հատկապես այն առումով, թե ինչ ենք մենք ակնկալում ԵՄ-ից եւ ինչի ենք պատրաստ: Անդամակցելով ԵՏՄ-ին՝ իհարկե, մենք սահմանափակեցինք մեր զարգացման բազմաթիվ հնարավորությունները, սակայն հիմա մեր երկրի ներսում ոչինչ չի խանգարում, եթե մենք իրապես կիրառենք այն կանոնները, որոնցով առաջ են շարժվում համամարդկային արժեքներին հավատարիմ երկրները:

Ռիգայի գագաթնաժողովում Հայաստանը արժե, որպեսզի հանդես գա կոնկրետ առաջարկներով, գործողությունների ծրագրով` միանգամայն անկեղծ նշելով, թե որքան է ԵՏՄ անդամակցությունը մեր երկրին հնարավորություն տալիս ԵՄ-ի հետ հարաբերությունները նոր հունի վրա դնելու:

Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Եժի Նովակովսկին օրերս չբացառեց, որ Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը՝ չմիանալով խորը եւ համապարփակ առեւտրի բաղադրիչին: Դեսպանը հավելել էր նաեւ, որ Լեհաստանը հույս ունի, որ մայիսին Ռիգայում կայանալիք Եվրամիության Արեւելյան գործընկերության հերթական գագաթնաժողովին պաշտոնական Երեւանը կհստակեցնի իր դիրքորոշումը՝ ներկայացնելով Եվրամիության հետ համագործակցության հնարավոր սահմանները:

Քիչ ժամանակ է մնացել Ռիգայում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին, սակայն դեռ բավարար ժամանակ կա դրան լրջորեն նախապատրաստվելու եւ եվրոպացիների ուղերձներին համարժեք արձագանքելու:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031