PR մասնագետը՝ Հայոց ցեղասպանության
թեման տարածելու տեխնոլոգիաների մասին
IDeA հիմնադրամի համահիմնադիր, բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանի «100 Lives» նախաձեռնությունը վերջին օրերին դարձել է շատերի, այդ թվում՝ միջազգային մամուլի ուշադրության առարկան: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մեկնարկած ծրագիրը նպատակ ունի ցեղասպանությունների կանխարգելմանը միտված նախաձեռնությամբ նաեւ բարձրացնել Թուրքիայի կողմից չճանաչված Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը: Ի՞նչ ազդեցություն կունենա հայ գործարարի նախաձեռնությունը աշխարհով մեկ Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվությունը տարածելու վրա, ինչ փիառ տեխնոլոգիաներ են օգտագործվել հարցը շատերին հասցնելու համար. այս մասին «Առավոտը» զրուցել է «Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական հ/կ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանի հետ:
Ըստ նրա՝ եթե խոսենք փիառի տերմինաբանությամբ, օգտագործվել է «կարծիքի լիդերի» տեխնոլոգիան, որն ամենաարդյունավետն է. «Դա հայտնի մարդու գործոնի օգտագործումն է` հոլիվուդյան աստղերին ներգրավել մի գործընթացում, որը հնարավորություն է տալիս 100 տարի հետո շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր աջակցել են, այն ժամանակ ձեռք են մեկնել եւ օգնել են Ցեղասպանությունից փրկված հայերին: Եվ այս առումով պետք է ասեմ, որ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունը իսկապես ուշադրություն հրավիրող էր եւ տեղին արված, որովհետեւ երբ որ նայում ես նաեւ կայքը, տեսնում ես, որ վեց լեզվով է, եւ յուրաքանչյուրը կարող է մտնել եւ իր պատմությունը ներկայացնել, եւ այդ պատմություններից համախմբված կստացվի մի պատմություն, որ մինչեւ այսօր Թուրքիան մերժում է, եւ թուրք հասարակության մեծ մասն է մերժում, որովհետեւ իրականում նաեւ տեղեկացված չեն եւ չեն տիրապետում պատմությանը»,- ասում է տիկին Ավետիսյանը: Նա հիշատակում է, որ Ֆլորա Մարտիրոսյանն էլ իր մահից առաջ նման նախաձեռնության միտք ուներ. պետք է հայտնի երգիչներ Էրիկ Բենեթի, Սթիվի Ուանդերի եւ այլ հայտնիների հետ համերգ ունենար «Այլեւս երբեք» խորագրով, որը նույնպես ուղղված էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Աստղիկ Ավետիսյանը կարծում է, որ Ռուբեն Վարդանյանը ճիշտ քայլ է ընտրել. աշխատել է թիրախային խմբերի հետ՝ համախմբել է հոլիվուդյան աստղերի եւ իրավապաշտպանների, որոնք պայքարում են ցեղասպանությունների դեմ, որն այսօր էլ իր փոքր դրսեւորումներն ունի աշխարհի տարբեր մասերում. «Ինքը գլոբալ վերցրել է եւ հատուկ մասնավորեցրել. բոլորը պայքարում են այն բանի դեմ, որ ցեղասպանությունները կանխարգելվեն եւ դատապարտվեն»: Տիկին Ավետիսյանը շատ հետաքրքրական է համարում, որ Ռուբեն Վարդանյանն ընտրել է Ցեղասպանությունից փրկված Արշալույս-Ավրորա Մարդիգանյանի կերպարը եւ մրցանակը նրա հիշատակին անվանել: «Նրա մասին մարդիկ չգիտեին, մենք՝ հայերս էլ չգիտեինք, զգացվում է՝ շատ աշխատած պրոյեկտ է. մենք իմանում ենք, որ 19 թվականին այդպիսի մի ֆիլմ է նկարահանվել, որը կոչվել է «Հոշոտված Հայաստան», եւ որտեղ նկարահանվել է մի երեխա, որը Հայոց ցեղասպանության ընթացքում այդ ամբողջ բարբարոսությունը տեսել եւ վերապրել է»:
Կարդացեք նաև
Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սփյուռքի դերակատարման մասին՝ տիկին Ավետիսյանը նկատում է, որ այստեղ լավ աշխատանք չի տարվում: «Ես չեմ ասի, որ սփյուռքը համակարգված է գործում, որովհետեւ յուրաքանչյուրը փոքր-փոքր նախաձեռնություններով հանդես է գալիս, եւ հենց լոբբիստական խմբերը, որոնք տարբեր երկրներում աշխատում են Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, որոշ տեղերում հաղթանակ են ունեցել, որոշ տեղերում՝ ոչ, բայց ընդհանուր առմամբ այնտեղ, որտեղ հաղթանակ են ունեցել, կազմակերպված, լուրջ աշխատանք են արել: Պետք է համակարգված աշխատել: Այնտեղի կուսակցությունները մեկի մյուսի հետ չեն աշխատում՝ եթե մեկը մի ծրագիր է անում, մյուսը հաստատ այդ ծրագրին չի մասնակցում: Սակայն ներքին անհամաձայնությունները պետք է հաղթահարել, որովհետեւ գլոբալ խնդիր կա, եւ բոլորի ջանքերը պետք է ուղղվեն մի ուղղությամբ»,- ասում է տիկին Ավետիսյանը եւ ավելացնում, որ ոչ բոլոր երկրներում գիտեն հայերի, Հայոց ցեղասպանության մասին, պետք է օգտագործել սփյուռքում ապրող այն մարդկանց, ովքեր հեղինակություն ունեն:
Խոսելով արդեն տարբեր երկրներում մեր դիվանագիտական կորպուսների մասին, թե ինչպես նրանք պետք է աշխատեն, որպեսզի Հայաստանի մասին տեղեկատվությունը լայնորեն տարածվի, տիկին Ավետիսյանն ասում է. «Մեր երկրի դիվանագիտական կորպուսները չեն աշխատում տվյալ երկրների լրատվամիջոցների հետ: Քանի որ հանրային, հասարակական կարծիքը ձեւավորողները հենց ԶԼՄ-ներն են, այդ առումով կաղում է աշխատանքը: Նախաձեռնությունները, միջոցառումները, որ կազմակերպվում են, պետք է ուղղորդվեն, տվյալ երկրի լեզվով, բառապաշարով մատուցվեն տվյալ երկրի բնակչությանը, այդպես ավելի մեծ արդյունք կարող ենք արձանագրել»:
Տիկին Ավետիսյանը պատմում է, որ վերջերս Բուդապեշտում մի ծրագիր են իրականացրել՝ Հայոց ցեղասպանության թեմայով ֆլեշմոբ, որին 32 տարբեր երկրների ներկայացուցիչներ էին միացել. «Մենք ուզում էինք գործող լրատվամիջոցի հետ համագործակցել, հայկական համայնքին դիմեցինք, բայց որեւէ տվյալ չէին պահպանել, այսինքն՝ համագործակցություն չկա: Իսկ ես այսօր հեռուստացույցով տեսնում եմ, որ Լիտվայի դեսպանն է խոսում, հետո փոխում եմ ալիքը, տեսնում, որ մամուլի ակումբներից մեկում Լեհաստանի դեսպանն է ասուլիս տվել: Այսինքն՝ մեզ մոտ իրենք մեր լրատվամիջոցները շատ լավ օգտագործում են: Տեսեք՝ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությանը ինչպես արձագանքեցին, որովհետեւ սա շատ լավ մտածված, աշխատած ծրագիր էր: Եթե ամեն մի ծրագրի մասին այսպես մտածենք, շատ լավ կլինի»,- ասում է տիկին Ավետիսյանը:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.03.2015
Դու ասա Ռուբեն Վարդանյանին էլ Լևոն Հայրապետյանի ,,մոտ,,չուղարկեն…