Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր վատ մարդիկ, վերջիվերջո, պետք է վերածվեն լավ ցայտաղբյուրի»

Մարտ 14,2015 15:00

PR-ի մասնագետ Հայկ Կիրակոսյանը մեկնաբանում է, թե Հայաստանի վարկանիշն
ինչպես է տուժում օրը ցերեկով փողոցներում տեղի ունեցող սպանություններից:

Օրը ցերեկով՝ բացեիբաց Վերնիսաժում, Նուբարաշենում, Գյումրիում միմյանց վրա կրակելը, «գողական» հաշվեհարդարներ տեսնելն ու քաղաքացիների աչքի առաջ «ռազբորկաներ» կազմակերպելը չի բացառվում, որ վնասեն Ցեղասպանության 100-ամյակի առիթով այս տարի կազմակերպվող միջոցառումներին: «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնում «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար Հայկ Կիրակոսյանը: PR-ի մասնագետից հետաքրքրվել էինք, թե վերջին շրջանում հասարակության աչքի առաջ տեղի ունեցող դանակահարությունները, զենքով միմյանց վրա կրակելն ու «ռազբորկաներն» ինչպես են անդրադառնում մեր երկրի հեղինակության վրա, հատկապես, որ կառավարության գերակա ուղղություններից մեկը տուրիզմի զարգացումն է. տուրիստը կնախընտրի՞ այցելել մի երկիր, որտեղ մարդկանց ձեռքին զենք կա, եւ երբ ուզեն, որտեղ ուզեն՝ կարող են գործածել:

«Եթե Սիցիլիայում տուրիզմին բավական հետաքրքիր առավելություն է տալիս «մաֆիայի» թանգարանը, ապա մեզ մոտ եթե այսպես շարունակվի, եւ այդ ծավալները մեծանան, ապա մենք կունենանք խուլիգանության թանգարան, որը պաշտոնապես առաջինը կլինի աշխարհում, բայց դա չի լինի օրենքով գողերի կյանքին, գործունեությանը վերաբերող թանգարան, որը գոնե կհետաքրքրի մարդկանց, խորհրդային ժամանակաշրջանում «օրենքով գողերը» կրթված, որոշակի կարգուկանոնով մարդիկ են եղել: Իսկ հիմա գործ ունենք որոշակի ուժերի հետ, որոնք օրը ցերեկով կարող են, առանց հաշվի առնելու, կրակ բացել այն վայրերում, որտեղ մայր ու մանուկ, ահել ու ջահել կան՝ իրենց հերթական խնդիրները լուծելու համար»:

Հայկ Կիրակոսյանը կարծում է, որ տվյալ իրավիճակը բացասական արձագանք կունենա ինչպես դիվանագիտական գործերով այստեղ գտնվող անձանց, այնպես էլ տուրիստական նպատակներով մեր երկիր այցելած մարդկանց համար: Մասնագետի խոսքերով՝ բացառություն կկազմեն որոշակի ուժեր, որոնց կարող է այդ վիճակը ձեռնտու լինել. «Հայտնի է, որ հանրությանը կառավարելու գործիքներից մեկը վախի մթնոլորտն է: Երբ շուրջբոլորը ավտովթարներ են, սպանություններ, խռովություններ են, յուրաքանչյուրը մտածում է՝ գլուխը մի տեղ թաքցնի, որ մի բան էլ իր ընտանիքին չպատահի, մինչեւ շտկվի ստեղծված իրավիճակը»:

Ինչ վերաբերում է երկրի իմիջին, ապա Հայկ Կիրակոսյանի մեկնաբանմամբ՝ պարտադիր չէ, որ ահաբեկչական երկիր լինենք՝ մետրոյում, շենքերի մոտ ռումբեր պայթեցնեն, կամ Հայաստանը թրաֆիքինգով ողողված լինի, որ տուրիստները վախենան մեր երկիր այցելել: Բավական է այն, որ տուրիստը քայլի եւ զոհ դառնա երկու «խուլիգանների» «ռազբորկային:
«Օրը ցերեկով օգտագործում են զենք ու զրահ՝ որտեղ ուզեն: Վաղնջական ժամանակներում «դուել» ասվածը կարգ ուներ: Հրազենային «դուելի» ժամանակ այնքան ինքնահարգանք կար եւ այլոց հանդեպ հարգանք, որ հատուկ նախատեսված վայրերում էր այդ մենամարտն անցկացվում, ոչ թե որտեղ պատահի, որ ժամին պատահի: Վերջիվերջո, կարելի է «ռազբորկան» անել այնպիսի վայրերում, որ նրանց սպանված դիակները կամ կրակոցները մարդիկ չտեսնեն»,- ասում է պարոն Կիրակոսյանը: Ըստ նրա՝ էականն այն է, որ այդ զենք-զրահը, զինամթերքը փաստացիորեն կա այդ մարդկանց ձեռքում, եւ ոստիկանությունը, որը մարտի 8-ին ծաղիկներ է բաժանում կանանց, չի ապահովում նույն այդ կանանց եւ նրանց երեխաների անվտանգությունը. «Ասեմ, որ այդ ծաղիկներով, փուչիկներով PR-ը որեւէ էֆեկտ չի ունենալու, քանի դեռ իրավասու մարմինները չեն լուծել ամենատարրական անվտանգության հարցերը: Անվտանգությունը շատ ավելի բազային պահանջմունք է, քան էսթետիկական մոտեցումները: Մարդիկ, նախեւառաջ, աչքի տեսածին ու ականջի լսածին են հավատում»:

Կրկին անդրադառնալով Հայաստանի վարկանիշին՝ PR մասնագետը մտահոգություն հայտնեց, որ մեր երկրում կատարվող ցանկացած նման դեպք հմտորեն օգտագործվում է մեր հակառակորդ երկրների լրատվամիջոցների կողմից, որոնք զերծ չեն մնում այդ դեպքերը «ցեղասպանություն» որակելուց.
«Մեկնաբանում են, թե հայերը խոսում են 1915 թվականին եղածի մասին, բայց իրենց երկրում օրը ցերեկով անմեղ անցորդի վրա են կրակում կամ իրար վրա են կրակում: Եվ հատկապես այս շրջանում, երբ մենք սպասում ենք բազմաթիվ հյուրերի՝ դրսում ապրող հայերի եւ օտարերկրացիների: Այս վիճակը կարող է կրճատել եկողների թիվը, մտածեն, որ անվտանգության ոչ մի երաշխիք չունեն, եւ ցանկացած պահի կարող են իրար վրա կրակել, բոլորի մոտ զենք կա, եւ դրան նպաստում են հակառակորդի լրատվամիջոցները: Ակնհայտորեն սա նաեւ հարվածի տակ է դնում 100-ամյակի միջոցառումները»:
Այդուհանդերձ, Հայկ Կիրակոսյանը գտնում է, որ մեր երկրի վարկանիշին ավելի շատ օգուտ բերողներ կան, քան վնասողներ. «Հայաստանն այնքան մեծ ավանդ ունի ամբողջ աշխարհի պատմության, կրթության մեջ, որ այդ իմիջը դեռ հարյուրավոր տարիներով պահպանվելու է գիտակից մասսաների մոտ»:

Պարոն Կիրակոսյանն այս ամենում մի դրական կողմ է տեսնում, որը պայմանավորում է «բնության հավերժական օրենքներով»: Նրա կարծիքով՝ բնությունը այդ եղանակով ֆիլտրում է. «Նրանք իրար սպանում են, եւ վաղ թե ուշ մենք այդ քրեական տարրերից ահագին թեթեւանալու ենք, մի տասը տարի հետո կունենանք կրիմինալ տարրերից մաքրված երկիր: Ես կատակով ասում եմ՝ առողջ փոխակերպման օրենք կա՝ բոլոր վատ մարդիկ, վերջիվերջո, պետք է վերածվեն լավ ցայտաղբյուրների՝ հա՛մ երկիրը կշահի, հա՛մ տուրիստները»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031