Լրահոս
Օրվա լրահոսը

Կամուսնանաք 2,5 միլիոնից մինչեւ 13 միլիոն դրամով

Մարտ 14,2015 14:30

Եթե պատրաստվում եք ձեր կյանքի ամենակարեւոր տոներից մեկին՝ հարսանիքին, ապա երկար ժամանակ կծախսեք մերօրյա բազմազանության մեջ ընտրություն կատարելու համար: Թերեւս նորապսակների համար կարեւոր է Աստծո օրհնությունն ստանալը:

Չնայած որ Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանան մեզ ասաց, որ արարողությունը բացառապես անվճար է, մոմավաճառի հետ «անկեղծ» զրույցից պարզեցինք, որ պարտադիր է վճարել 3500 դրամ: Մի քանի այլ եկեղեցիներում նույնպես Աստծո օրհնության վճարը տատանվում է 3000-3500 դրամի սահմաններում: Հետո, եթե մտադիր եք գրանցել ձեր ամուսնությունը, ապա կպահանջվի պետական տուրք 1000 դրամի չափով, իսկ եթե ցանկանում եք ամուսնությունը գրանցել «ԶԱԳՍ»-ի աշխատավայրից դուրս, ապա ստիպված կլինեք պետբյուջեին մուծել 51.000 դրամ:
Ցանկացած հարսանիքի պարագայում ամենակարեւոր դերում հարսն է, ամենաքննարկվողը՝ նրա արտաքին տեսքը:

Մեր քաղաքում հարսի շորի վարձույթի գները սկսվում են 30-40.000-ից եւ հասնում մինչեւ 1,5 միլիոնի, իսկ որոշ հարսանյաց սրահներում այս գնից էլ թանկ հարսանյաց զգեստներ կան: Քիչ ծախս չեն պահանջում նաեւ վարսահարդարումն ու դիմահարդարումը: Գեղեցկության սրահներում այս ծառայությունների գները 10.000-ից մինչեւ անգամ 60.000 դրամ են։ Եթե ձեր կազմակերպած հարսանիքը պիտի մնա մարդկանց հիշողություններում, նկատվի անգամ անծանոթների կողմից, ապա անպայման պիտի դիմեք դիզայներական ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնք բնակարանից, բակից ու հանդիսության սրահից սկսած՝ կձեւավորեն: Դիզայներներն իրենց վրա կվերցնեն նաեւ եկեղեցու ու ավտոմեքենաների ձեւավորման հարցը:
Այս պարագայում շատ կարեւոր հանգամանք է նաեւ եղանակը. աշնանն ու ձմռանը գները տատանվում են 300 հազար դրամի սահմաններում, իսկ գարնանն ու ամռանը՝ 400 հազարի։

Հարսի մեքենայի վարձույթի գներն էլ են տատանվում 30 հազարից մինչեւ 220 հազար դրամի սահմաններում՝ կախված մեքենայի մակնիշից ու արժեքից:
Հարսանիքի ամենածախսատար հատվածը ռեստորանի խնջույքն է: Եթե առանձնահատուկ ճոխությունների սիրահար չեք, ապա յուրաքանչյուր անձի համար պիտի վճարեք 8-13 հազար դրամ, իսկ, օրինակ, կան ռեստորաններ, որոնց ճոխությունների համար մեկ անձի սպասարկումը 30 հազար դրամ է, ի դեպ՝ սովորական կերակրացանկի դեպքում։ Ճաշատեսակների մեջ անպայման պիտի առանձնանա գեղեցիկ ու տոնական թխվածքը, որը մոտավորապես 150 հոգու պարագայում կարժենա 150.000-600.000 դրամ:
Սրահում ամենակարեւորը տրամադրությունն է. այստեղ օգնության են գալիս հանդիսավարներն ու երաժիշտները: Հանդիսավարի պարագայում՝ սովորական թամադայից մինչեւ հայտնի դերասան՝ 100.000-ից մինչեւ 2.300.000 դրամ է, իսկ երաժիշտներին կվճարեք 100.000-300.000 դրամ:

Հարսանիքին հարսի պարը պարելու համար էլ, եթե պարուհի չեք եւ պարուսույցի կարիք ունեք, ապա մինչ ամուսնությունը կվճարեք 45.000-150.000 դրամ՝ արագացված տեմպերով պարել սովորելու համար:

Այսքանը կազմակերպելուց հետո, բնականաբար, պիտի նկարահանեք. ֆոտո եւ տեսանկարահանման համար կվճարեք 100.000-ից մինչեւ անգամ 2 միլիոն դրամ՝ կախված ձեր ցանկություններից ու երեւակայությունից:

Ոչ բարդ մաթեմատիկական հաշվարկներով՝ այսօր մեր երկրում հարսանեկան արարողությունը արժենում է 2,5 միլիոնից մինչեւ 13 միլիոն եւ ավելի դրամ:

ԼԻԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Որպեսզի այդ ամենը չլինի,պետք չէ շարժվել մեր երկրում ամենաանճաշակ/և ամենահարուստ/ մարդկանց ուղիով՝ուղղակի գրանցվեք ԶԱԳՍ -ում և ուղևորվեք փոքր ճամբորդության՝թեկուզ հանրապետության ներսում,որովհետև դրանից չէ կախված ձեր ընտանիքի հետագա ճակատագիրը այլ փոխադարձ ՍՐԻՈւՑ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031