Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարի հեղինակային իրավունքը պատկանում է նկարչին, այլ ոչ թե «Դոմինո Փրոդաքշն» ընկերությանը

Մարտ 14,2015 14:00

Ըստ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից ինտերնետային կայքում եւ ֆեյսբուքյան էջում իր կողմից, իր աշխատանքների արդյունք չհանդիսացող՝ համերգային ծրագրերը, տեսահոլովակները, լուսանկարները, գովազդային հոլովակները, իրեն չհանձնված մրցանակները եւ գործողությունները, որպես իրենը եւ որպես սեփական աշխատանքի արդյունք ներկայացնելը, ինչպես նաեւ «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ի ստեղծման վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելը, կարող է մոլորեցնել հասարակությանը։
«Դոմինո Փրոդաքշն» ՍՊ ընկերությունը դիմել է վարչական դատարան, խնդրել է անվավեր ճանաչել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի թիվ 149-Ա առ 18.06.2013թ. «Դոմինո Փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումը եւ որպես անվավերության հետեւանք՝ պարտավորեցնել հանձնաժողովին վերադարձնել մուծված տուգանքի գումարը։

Հայցվորի ներկայացուցիչները Դավիթ Մանթաշյանն ու Վարդան Հայրապետյանն են: Իսկ պատասխանող՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչն է Արսեն Հովհաննիսյանը: Երրորդ անձ է ճանաչվել Աշոտ Առաքելյանը:
Գործը գտնվել է վարչական դատարանում 31.07.2013թ.-ից, իսկ այսօր այն բողոքարկվում է վերաքննիչ վարչական դատարանում:

Վարչական առաջին ատյանն իր որոշմամբ, «Դոմինո Փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի թիվ 149-Ա առ 18.06.2013թ. «Դոմինո Փրոդաքշն» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումն անվավեր ճանաչելու եւ որպես անվավերության հետեւանք հանձնաժողովին մուծված տուգանքի գումարը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, մերժել է։

Հայցվոր կողմի ներկայացուցիչը դատարանում հայտնել էր, որ վարչական վարույթի ընթացքում ներկայացվել են նյութեր, որոնք ապացուցում են, որ «Դոմինո Փրոդաքշն» ընկերության ֆեյսբուքյան էջում տեղադրված հոլովակները պատկանում են ոչ թե «Դոմինո Վիդեո Պրոդաքշն» ընկերությանը, այլ դրանք երկու ֆիզիկական անձանց՝ Արամ Հարությունյանի եւ Աշոտ Առաքելյանի համատեղ աշխատանքներն են։
Իսկ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը մինչ այդ վարչական վարույթ էր հարուցել «Դոմինո Վիդեո Պրոդաքշն» ընկերության նախկին համահիմնադիր Արամ Հարությունյանի 13.05.2013թ. դիմումի հիման վրա:

Վարչական դատարանում վիճարկվել է այն հարցը, թե արդյոք Արամ Հարությունյանը, որպես առեւտրային ընկերության հիմնադիր, իրավասո՞ւ էր հանդես գալու ընկերության անունից՝ առանց համապատասխան լիազորագրի։

Վարչական վարույթի նյութերում նշվել է, որ նման փաստաթուղթ առկա չէ։
Հանձնաժողովն իր որոշման մեջ դիմումատուին ներկայացրել է որպես նշյալ ընկերության նախկին համահիմնադիր։

Ըստ դիմումատու ընկերության, Ա.Հարությունյանի կողմից ներկայացված դիմումից անհասկանալի է եղել, թե տվյալ փաստարկները բերելով՝ Ա.Հարությունյանը ի՞նչ է պահանջում հանձնաժողովից եւ ո՞ւմ է այն ուղղված եղել։

«Դոմինո Փրոդաքշն» ՍՊ ընկերությունը հայտնել էր, որ վարչական մարմինը՝ մրցակցության հանձնաժողովը, 18. 06. 2013 թվականին նշանակված նիստի մասին պատշաճ ձեւով չի ծանուցել իրենց ներկայացուցչին եւ նիստը կայացել է իրենց բացակայությամբ, այդպիսով, խախտվել է որպես վարչական վարույթի կողմի իրենց իրավունքները։

Գործի քննության ժամանակ նշվել է, որ Աշոտ Առաքելյանն է ստեղծել «Դոմինո Փրոդաքշն»-ը, եւ նախկին «Դոմինո Վիդեո Պրոդաքշն» ՍՊ ընկերության աշխատանքները համացանցում տեղադրելով՝ ներկայացրել այն որպես նոր ընկերության աշխատանքներ։ Հանձնաժողովն անտեսելով նշվածը՝ վարույթի կողմ չի դարձրել Աշոտ Առաքելյանին, բայց նրա կատարած գործողությունների համար տուգանել է մի ընկերության, որը վերջինիս հետ ոչ մի իրավական կապ չունի։

Ըստ դիմումատուի՝ «Դոմինո Փրոդաքշն»-ը ստեղծվել է Աշոտ Առաքելյանի կողմից, սակայն իրականում այն ստեղծվել է Ռուզաննա Վարդանյանի կողմից, որը հանդիսանում է գործադիր մարմնի ղեկավար, տնօրեն, ընկերության միակ մասնակից:
Վարչական վերաքննիչ դատարանում, ուր առկա են սույն գործով նյութերը, մասնավորապես, առաջին ատյանի՝ վարչական դատարանի որոշումը, առկա է տեղեկատվություն այն մասին, թե «Դոմինո Փրոդաքշն» ՍՊ ընկերության ինտերնետային կայքը պատրաստման փուլում է եւ այնտեղ չկա տեղադրված որեւէ նյութ, բացի ֆոնային նկարից, մասնավորապես, «Գոհար» երգչախմբի համերգի նկարը, որի վրա, ի դեպ, որեւէ նշում չի եղել ընկերության կողմից համերգի կազմակերպման մասին։ Եվ որ նկարի հեղինակային իրավունքը պատկանում է նկարչին, այլ ոչ թե «Դոմինո Փրոդաքշն» ընկերությանը:

Ինչ վերաբերել է ֆեյսբուքյան էջին, ապա պարզվել է, որ այն ստեղծվել է Աշոտ Առաքելյանի կողմից, եւ հակափաստարկների համաձայն, տվյալ էջի հետ «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ն ոչ մի առնչություն չունի. «Այնտեղ տեղադրված նյութերը հասանելի չեն «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ին եւ նույնիսկ որեւէ տվյալ փոփոխելու կամ նյութ տեղադրելու թույլտվություն չունի։ Այսինքն, Աշոտ Առաքելյան անձը, որ նույնպես նախկին համահիմնադիր է, ինչպես եւ դիմումատուն, ստեղծել է ֆեյսբուքյան էջ եւ տեղադրել այնտեղ իր աշխատանքի արդյունքները, որպես տեսահոլովակների ռեժիսորի։ Տեղադրված մի շարք լուսանկարների, բոլոր տեսահոլովակների եւ գովազդային հոլովակների ռեժիսորը Ա. Առաքելյանն է»։

Դատարանում կողմի դիրքորոշումը եղել է այն, որ եթե դիմումատուն իրեն իրավունք է վերապահում որպես համահիմնադիր հանդես գալու ընկերության անունից՝ կատարած աշխատանքներից, ապա այդ նույն իրավունքը վերապահված է նաեւ մյուս համահիմնադիրներին։

Գործի քննության ժամանակ տեղեկացվել է, որ համացանցում տեղադրված նյութերը, գովազդային հոլովակները նկարահանվել են մինչեւ «Դոմինո Վիդեո Պրոդաքշն» ընկերության ստեղծվելը, ռեժիսոր Ա. Առաքելյանի կողմից, ինչպես «Պապենական Կիլիկիա», «Ամերիկյան էքսպրես» գովազդային հոլովակները:

«Դոմինո Փրոդաքշն»-ը, ըստ դիմումատուի, օգտագործել է իր ընկերության ապրանքային նշանը՝ լոգոն: Ըստ դատարանում հնչածի, գրաֆիկական -տեքստային պատկերն առաջին անգամ օգտագործվել է 2009 թվականի դեկտեմբերին, «MEGAPOLIS» ամսագրի 1-ին համարում: Իսկ ամսագրի նախագծի ղեկավարներն են հանդիսացել Աշոտ Առաքելյանը եւ դիմողը։

Դատարանում խոսք է գնացել նաեւ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ տարվա հիթ անվանակարգում «Պապենական Կիլիկիա» երգի մրցանակակիր դառնալու մասին, մրցանակի, որը ստացել է Ա. Առաքելյանը, որպես համապրոդյուսեր. «այդ ժամանակ էլ չի նշվել, թե այն ստանում է «Դոմինո Վիդեո Պրոդաշն» ՍՊ ընկերությունը»:

Այս մրցանակաբաշխության երկրորդ մրցանակը՝ ARMENIA MUSIC AWARDS 2012թ. մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Գոհար» երաժշտախումբը՝ Երեւանում կազմակերպված համերգի համար եւ մրցանակի հանձնման համար բեմ են հրավիրվել պրոդյուսերներ Սեւակ Սերոբյանը՝ «HAYASA PRODUCTION», Աշոտ Առաքելյանը եւ Արամ Հարությունյանը՝ «Դոմինո Վիդեո Պրոդաքշն», որպես նախագծի հեղինակ եւ ղեկավար, եւ այդ մրցանակները չեն տվել ընկերությանը։

Տնտեսական մրցակցության հանձնաժողովի դիրքորոշումը եղել է հետեւյալը.
Արամ Հարությունյանը 2013թ. մայիսի 13-ին դիմում է ներկայացրել հանձնաժողով իր անունից՝ որպես քաղաքացի, այլ ոչ թե «Դոմինո Վիդեո Պրոդաքշն» ՍՊ ընկերության անունից։ Հետեւաբար, հանձնաժողով դիմում ներկայացնելու համար որեւէ լիազորագրի անհրաժեշտություն չի առաջացել։ «Իսկ Ա.Հարությունյանի կողմից դիմումում իրեն որպես նախկին համահիմնադիր, ինչպես նաեւ որպես «asekose.am» եւ «megpolise.am» ամսագրերի հիմնադիր, գլխավոր խմբագիր ներկայացնելը հանդիսանում է հավելյալ տեղեկատվություն եւ բնութագրում է տվյալ անձի շահագրգռվածությունը վարչական վարույթի ելքում»,-պատասխան խոսքում նշել էր հանձնաժողովի ներկայացուցիչը։
Հանձնաժողովում հեղինակային իրավունքի հարց չի քննարկվել։ Հանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել էր, թե նիստի ժամանակ քննարկել է հետեւյալ հարցը՝ կա՞ «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ի ֆեյսբուքյան էջ, որտեղ ներկայացված են տեսահոլովակներ, գովազդային հոլովակներ, որոնք «Դոմինո Վիդեո Պրոդաքշն» ընկերության կողմից իրավաբանական եւ ֆիզիկական անձանց մատուցված ծառայությունների արդյունք են եւ վերագրվում են «Դոմինո Փրոդաքշն»-ին, որի վերաբերյալ ֆեյսբուքյան էջում նշված է, որ վերջինս հիմնադրվել է 2009 թվականին, այդ տեղեկատվությունը կեղծ է, որովհետեւ «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունը, ըստ հանձնաժողովի, հիմնադրվել է 2013 թվականին։ Իսկ 2009 թվականին հիմնադրվել է «Դոմինո Վիդեո Պրոդաքշնը»։ Այդ հիմքով հանձնաժողովը «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ի այդ գործողությունները համարել է հասարակության մոլորեցում եւ օրենքի խախտում։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031