Զարդերը, ինչպես եւ հագուստն ընտրելիս պետք է հաշվի առնել, թե ուր եք պատրաստվում գնալ: Ոչ ոք, իհարկե, չի մտածի աշխատավայր գնալ երեկոյան զգեստով` ադամանդե մանյակը վզին, կամ էլ հարսանիք գնալ մարզական հագուստով եւ փայտե ականջօղերով: Ճաշակով ընտրված զարդը պետք է լրացնի հագուստը, որը էլ ավելի գեղեցիկ եւ վստահ տեսք կտա կրողին: Զարդ ընտրելիս հաշվի առեք, որ գույնը համապատասխանի հագուստի գույնին: Ցանկացած գույնի հագուստի հետ կարելի է կրել միայն ադամանդ, ոսկյա, սպիտակ մարգարտե զարդեր: Կորալները ներդաշնակվում են սեւի, սպիտակի եւ մոխրագույնի հետ: Փիրուզը կարելի է կրել երկնագույնի կամ նույն երանգի զգեստի հետ: Անճաշակ է համարվում փիրուզը կարմիր եւ դեղին հագուստների հետ կրելը:
Զարդերը պետք է ներդաշնակեն միմյանց եւ երբեք չի կարելի միաժամանակ կրել ոսկե եւ արծաթե, ոսկե եւ փայտե, ազնիվ եւ սեւ մետաղներից, ինչպես նաեւ ազնիվ մետաղներից եւ արհեստական քարերից պատրաստված զարդեր:
Զարդերի ոճը պետք է համապատասխանի հագուստի ոճին: Մարզական ոճի հետ նախընտրելի է ընդհանրապես զարդեր չկրել, իսկ դասական զգեստի հետ չի կարելի կրել փայտե կամ արհեստական քարերից պատրաստված զարդ:
Զարդերն ընտրելիս պետք է հաշվի առնել տարիքը: Հնուց ի վեր դեռատի աղջիկներին խորհուրդ չի տրվել կրել ադամանդե զարդեր: Թանկարժեք քարերը՝ ադամանդը, զմրուխտը, ռուբինը, ամուսնացած կանանց մենաշնորհն են: Տարեց կանայք չպետք է իրենց թույլ տան կրել հասարակ մետաղներից կամ արհեստական քարերից պատրաստված երկար, զնգզնգան ականջօղեր կամ աչքի ընկնող այլ զարդեր:
Կարդացեք նաև
Լուրջ ուշադրություն պետք է դարձնել նաեւ զարդերի քանակին: Թանկարժեք զարդերը չպետք է կրել աշխատանքային ժամերին, դրանք կրում են երեկոյան զգեստների հետ:
Հասարակական բարձր դիրք ունեցող տղամարդկանց եւս պետք է հիշեցնել, որ ապարանջան կամ շղթա կրել խորհուրդ չի տրվում: Բիզնեսմենների զարդերը պետք է լինեն միայն ամուսնական մատանիները, ճարմանդները եւ փողկապի ամրակները, որոնց թանկարժեք տեսքը խոսում է տվյալ անձի բարձր եկամուտների եւ մասնագիտական հաջողությունների մասին:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
13.03.2015