«Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության հիմնախնդրերը» թեմայով կլոր սեղան-քննարկման ընթացքում ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ Թուրքիան փորձում է իրեն ապահովագրել այն հանգամանքով, թե ինքը չի հանդիսանում Օսմանյան կայսրության ժառանգորդը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր կայսրություն՝ փլուզումից հետո, անպայման պետք է իրավահաջորդ ունենա:
«Օսմանյան կայսրության փլուզումից հետո նրա իրավահաջորդը, միանշանակ, քեմալական Թուրքիան է, որովհետեւ որպես կանոն փլուզվող կայսրության դոմինանտ ազգը ստեղծում է իր պետությունը, եւ նա էլ հանդիսանում է նրա իրավահաջորդը: Ուրեմն՝ եթե իրավահաջորդ չէր հանդիսանում, ինչո՞ւ էր Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում, որ ցավ է ապրում Հայաստանի նախագահի կոշտ կեցվածքի համար՝ Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին մասնակցելու կապակցությամբ, եւ ասում էր, որ խնդիրը դարձյալ պետք է թողնվի պատմաբաններին, եւ այն լուծելու եւ ընդհանուր հայտարարի գալու դեպքում՝ Թուրքիան պատրաստ է վճարելու գինը: Ուրեմն՝ եթե Թուրքիայի Հանրապետությունը չի հանդիսանում Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ինչպե՞ս է նրա նախագահ Էրդողանը հայտարարում, որ իրենք պատրաստ են գինը վճարել, այսինքն՝ սրանով Թուրքիայի նախագահը ենթատեքստով հասկացնում է, որ այնուամենայնիվ, գին կա»,- ասաց նա:
Պարոն Մելքոնյանը նշեց, որ միջազգային իրավունքի մասնագետ, պրոֆեսոր Յուրի Բարսեղովը հավաքել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող կարեւոր փաստաթղթերը եւ ցույց է տալիս, որ խնդիրն ի սկզբանե իրավաքաղաքական է եղել եւ լուծելի է միայն իրավաքաղաքական դաշտում. «Իրավական դաշտում հաջողության հասնելու հնարավորություններ մենք ունենք, բայց քանի որ կոնվենցիայով չի ձեւակերպված հայրենազրկում հասկացությունը՝ որպես միջազգային իրավունքի կատեգորիա, ինչպես ցեղասպանությունը, տարածքային խնդրի լուծման հարցը բարդ է: Բայց քանի որ գոյություն ունի Սեւրի դաշնագիրը նշանակում է խնդիրը իրավաքաղաքական է եւ ի սկզբանե տարածքային բովանդակություն ունի: Պատահական չէ, որ Վուդրո Վիլսոնը միշտ ասում էր, որ հայ ժողովրդի համար պետք է ստեղծել այնպիսի կենսապայմաններ, որպեսզի նա Եղեռնից հետո կարողանա կենսագոյության պայմաններ ունենալ»:
Աշոտ Մելքոնյանը համարում է, որ առաջնային խնդիրներից պետք է լինի փաստաթղթերի որոշակիացումը, եւ Հայաստանը պետք է ՄԱԿ-ին առաջարկի նոր ձեւակերպում տալ հայրենազրկում հասկացությանը, որպեսզի Հայաստանը հասնի նաեւ տարածքային հատուցման:
Կարդացեք նաև
«Տերմինների օգտագործման հարցում՝ մարդիկ պետք է զգուշավոր լինեն, որովհետեւ հատուցում բառի փոխարեն, երբ որ հաճախ գործածում են փոխհատուցում ձեւակերպումը, նշանակում է՝ իրար բան ունենք տալիք: Մենք արդեն մեր արյունը տվել ենք եւ հայրենիքից ենք զրկվել եւ չի կարող լինել փոխհատուցում: Մենք պետք է հասկանանք, որ երկրորդ հարյուրամյակը պետք է լինի հատուցման դար»,- իր խոսքն ամփոփեց պարոն Մելքոնյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ