«Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Ժառանգության հետ այս մասնակցությունը որեւէ կապ չունի: Միգուցե անհատ ձեռնարկատե՞ր են հանդես եկել, բայց ոչ քաղաքական գործիչներ եւ չեն ներկայացրել Ժառանգություն կուսակցությունը»,- Lragir.am-ի հետ զրույցում Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպես էր արձագանքել կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
Զարուհի Փոստանջյանն ասել է, որ չի բացառվում, որ Արմեն Մարտիրոսյանի եւ Ռուբեն Հակոբյանի՝ կուսակցությունից հեռացման հարց դրվի:
Ինչպես տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների հարցը քննարկելու համար հրավիրել է մի շարք կուսակցությունների, այդ թվում՝ Ժառանգությանը: Կուսակցությունից հանդիպմանը գնացել են Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը եւ այդ հարցի շուրջ լուրջ տարաձայնություններ են առաջացել կուսակցության ներսում:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը, մեր հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Զարուհի Փոստանջյանը առաջիկայում մտադիր է բարձրացնել Արմեն Մարտիրոսյանին եւ Ռուբեն Հակոբյանին կուսակցության շարքերից հեռացնելու հարցը՝ պատասխանեց. «Կարծում եմ,դա էմոցիոնալ պահին ասված բան է եղել: Կարծում եմ, դրան չի հասնի»:
Կարդացեք նաև
Ժառանգության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանն էլ ասաց. «Զարուհի Փոստանջյանի խոսքերին ամենայն հարգանքով եմ վերաբերվում՝ որպես երկար տարիների Ժառանգության ներկայացուցիչ եւ քաղաքական կուրսի վրա լուրջ ազդեցություն ունեցող: Սակայն վերաբերմունքս դրան բացասական է, որովհետեւ ես ինքս լինելով կուսակցության վարչության կազմում, երբեւիցե չեմ լսել, որ պարոն Մարտիրոսյանը կուսակցական գիծը չպաշտպանի կամ ինքնուրույն քաղաքականություն վարի կուսակցության ներսում՝ առանց համաձայնեցնելու կուսակցականների եւ կուսակցության նախագահի հետ: Ես ինքս պաշտոնապես հրապարակային հայտարարում եմ, որ Զարուհի Փոստանջյանի նման նախաձեռնությանը ինքս դեմ կքվեարկեմ: Դեմ կլինեմ նաեւ պարոն Հակոբյանի՝ կուսակցական լիազորությունները դադարեցնելու հարցին»:
Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Զարուհի Փոստանջյանը լրիվ իրավունք ունի եւ այդ հարցը հանգիստ կարող է բարձրացնել»:
Մեր հարցին՝ անընդհատ այս տարաձայնությունների ֆոնին հնարավոր է Դուք էլ նման մի հարց բարձրացնել՝ Զարուհի Փոստանջյանի կուսակցական լիազորությունները դադարեցնելու համար՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Թե ես ինչ հարց կբարձրացնեմ այդ քննարկման ժամանակ, արդեն քննարկման ընթացքում կասեմ: Ես կողմնակից եմ կուսակցական կարգապահությունը հարգել եւ այն հարցերը, որոնք վերաբերում են մեր կուսակցության ներսին, քննարկել կուսակցության ներսում»:
Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ «Ժառանգությունում» այս պահին որեւէ խնդիր չկա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տիկին Փոստանջյան, դուրս եկեք «Ժառանգությունից». «Ժառանգությունը» արժանի չէ՛ ձեզ: Նախկին «Ժառանգությունից» համարյա բան չի մնացել: