Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն

Մարտ 13,2015 19:47

Մարտի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն: Կրթության և մշակույթի ոլորտում Հայրենիքին և ժողովրդին մատուցած ծառայությունների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ հանձնվեցին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին, Սիմեոն Հախումյանին, Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանին և ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին:

Հանդիսությունն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Մեծարյալների վաստակի և գործունեության մասին իրենց մտորումները ներկաներին փոխանցեցին Դոնարա Հարությունյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, Նոննա Ոսկանյանը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Հովեյանը, որից հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ.  Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց տիար Վլադիլեն Բալյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում մասնավորապես նշված է.

«Մեծարգո պրն. Բալյան, մեր ժողովուրդը ճանաչում և սիրում է Ձեզ` հայ մշակույթի անխոնջ նվիրյալիդ ու հավատարիմ սպասավորիդ: Ձեր բեղմնավոր կյանքի ընթացքին Դուք տարբեր հանձնառություններով ու պաշտոններով բարի ավանդ եք բերել հայրենի մեր երկրում երաժշտարվեստի տարածման ու զարգացման երախտարժան գործին` ղեկավարելով Հայֆիլhարմոնիան, Հայպետէստրադան և Հայաստանի Ժողովրդական գործիքների պետական համույթը:

Արդյունաշատ է նաև Ձեր ստեղծագործական վաստակը: Ձեր հեղինակած բազմաթիվ երգերը, սիմֆոնիկ ու կամերային ստեղծագործությունները մշտապես հնչել են Հայաստանի և Սփյուռքի տարբեր բեմերից ու եթերներից` սիրով ընդունվելով երաժշտասեր հասարակայնության կողմից:

Ուրախ ենք նաև անդրադառնալու, որ երկար տարիներ մանկավարժական արդյունավոր գործունեությամբ կրթել ու արվեստի մեծ ասպարեզ եք առաջնորդել բազմաթիվ շնորհալի երիտասարդների` նրանց փոխանցելով Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները»:

Տիար Սիմեոն Հախումյանին շնորհված Սրբատառ կոնդակն ընթերցեց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս ժամկոչյանը: «Հարգարժան պրն. Հախումյան, Հայրապետիս համար գոհունակություն է անդրադառնալ Ձեր հայրենանվեր և ազգաշեն գործունեությանը, որին ականատես ենք եղել մենք` անձնապես ճանաչելով հավատավոր հայորդուն: Այսօր ուրախ ենք հաստատելու, որ Դուք կյանքի ողջ ընթացքին գիտական ու մանկավարժական արդյունաշատ գործունեությամբ գովարժան ծառայություն եք մատուցել Հայրենի մեր երկրին ու հավատավոր ժողովրդին:

Տակավին երիտասարդ հասակում Դուք նվիրվեցիք նոր սերնդի կրթության երախտարժան գործին: Տասնյակ տարիներ անսպառ նախանձախնդրությամբ դասախոսեցիք և վարչական պատասխանատու հանձնառություններ ստանձնեցիք Երևանի պետական համալսարանում և Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտում, ապա վարեցիք մեր երկրի Կրթության նախարարի պաշտոնը` գնահատարժան ավանդ բերելով ի նպաստ մեր երկրում կրթության բնագավառի զարգացման:

Գովարժան է նաև Ձեր գիտական ու ստեղծագործական վաստակը: Ձեր բեղուն գրչին են պատկանում հարյուրից ավել գիտական ուսումնասիրություններ, դասագրքեր ու գեղարվեստական աշխատություններ, որոնք արժանի ընդունելության են արժանացել մեր ժողովրդի կողմից», – ասված է Հայրապետական կոնդակում:

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն ընթերցեց տիար Էդուարդ Թադևոսյանին ուղղված կոնդակը, որում մասնավորապես նշված է. «Մեծարգո պրն. Թադևոսյան, Ձեր բարձր արվեստի միջոցով Դուք կյանքի ողջ ընթացքին ծառայում եք հայրենի մեր երկրին և հավատավոր ժողովրդին: Ձեր երկարամյա բեղուն գործունեությունը և հարուստ վաստակը արժանապես դասել է Ձեր անունը հայ երաժշտարվեստի հայտնի անունների կողքին:

Մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալով Երևանում և Մոսկվայում` Դուք առիթ ունեցաք աշակերտելու ժամանակի մեծանուն ջութակահարների: Տակավին երիտասարդ տարիքում հրավիրվեցիք ելույթներ ունենալու Կոմիտասի անվան պետական լարային քառյակում` կարճ ժամանակ անց ստանձնելով քառյակի ղեկավարի պատասխանատու պաշտոնը: Շարունակելով նվագախմբի լավագույն ավանդները` Դուք նոր հաջողությունների առաջնորդեցիք Կոմիտասի անվան պետական լարային քառյակը, որը բարձրարվեստ մատուցմամբ հայրենական և միջազգային բազմաթիվ բեմերից ունկնդիրներին ներկայացնում է հայ և համաշխարհային երաժշտարվեստի գոհարները` արժանանալով բազում մրցանակների:

Արդյունաշատ է նաև Ձեր մանկավարժական երկարամյա գործունեությունը: Տարիների Ձեր փորձն ու կարողությունները Դուք սիրով ի սպաս եք բերում Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի առաքելության արդյունավորմանը, որպեսզի հաստատությունը արդյունավորությամբ շարունակի երաժիշտների նոր սերունդի պատրաստության առաքինի գործը»:

Տիար Թովմաս Պողոսյանին շնորհված Հայրապետական կոնդակն ընթերցվեց Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կողմից:

«Սիրելի պրն. Պողոսյան, մեր ժողովրդին քաջածանոթ է Ձեր անունը` որպես բանահավաքի, տաղանդավոր երգչի ու մանկավարժի, ով անձնվիրաբար ծառայում է հայ աշուղական արվեստի պահպանության, ուսումնասիրության ու զարգացման նվիրական գործին: Տասնամյակներ շարունակ Դուք առնվազ հետևողությամբ պեղում եք մեր ազգային երգարվեստի ակունքները, ժամանակի մոռացությունից վեր հանում շատ ու շատ երգեր ու աշխարհի տարբեր բեմահարթակներից մատուցում հայ և օտար ունկնդիրներին: Այսօր կարելի է հաստատել, որ մեր ժողովուրդը աշուղական երգերի հարուստ ժառանգության բազմաթիվ գոհարներ ճանաչում է Ձեր` հոգուց բխող կատարումներով, որոնք Ձեզ բերել են պետական բազում մրցանակներ, կոչումներ ու պարգևներ, նաև անկեղծ սերը երաժշտասեր հայորդյաց:

Գովարժան է նաև, որ արժանավոր սերունդ դաստիարակելու ազնիվ նախանձախնդրությամբ Դուք իրականացնում եք նաև մանկավարժական երկարամյա գործունեություն` Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները սիրով փոխանցելով երգարվեստի ասպարեզում առաջին քայլերը կատարող Ձեր սաներին:

Սիրելի պրն. Պողոսյան, մեզ համար առանձնակի գոհունակություն է անդրադառնալ, որ պատանի հասակում ուսանելով Մայր Աթոռի հոգևոր ճեմարանում, Դուք կյանքի ողջ ընթացքին անխախտ պահեցիք Ձեր հոգու անկեղծ սերն ու նվիրումը հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և Սուրբ Էջմիածինը: Ձեր աստվածատուր շնորհներն ու կարողությունները նաև ի սպաս բերեցիք եկեղեցական արարողությունների կատարմանը` երգելով մեր եկեղեցիների երգչախմբերում», – ասված է Հայրապետական կոնդակում:

Կոնդակների հրապարակումից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծարյալներին հանձնեց Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանները:

Այնուհետև իրենց սրտի խոսքն ասացին նաև Հայ Եկեղեցու շքանշանակիրները` երախտագիտություն հայտնելով կրթության և մշակույթի մշակների նկատմամբ Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մշտապես դրսևորվող ուշադրության և բարձր գնահատանքի համար:

Ցերեկույթի ընթացքում կատարումներով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը և Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլը:

Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031