Լրահոս
Օրվա լրահոսը

Ժառանգության քաոսը՝ Բաղրամյան 26-ի հանդիպումից հետո. Վարչության բոլոր անդամները դեմ են եղել

Մարտ 13,2015 18:52

Վաղը ժամը 13-ին Ժառանգությունում խորհրդակցություն է հրավիրվելու՝ վերջապես պարզելու եւ բացելու այն թնջուկը, որն առաջացել է կուսակցությունում Բաղրամյան 26-ում հայտնի հանդիպումից հետո:

Ինչպես տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների հարցը քննարկելու համար հրավիրել է մի շարք կուսակցությունների, այդ թվում՝ Ժառանգությանը: Կուսակցությունից հանդիպմանը գնացել են Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը: Վերջիններս պնդում են, որ կուսակցության վարչության խորհրդակցության ժամանակ անդամները որոշել են, որ պետք է ընդունեն Սերժ Սարգսյանի հրավերը եւ քննարկեն իրենց առաջարկները նրա հետ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ տվել է իր համաձայնությունը:

Սակայն կուսակցության վարչության որոշ անդամներ վստահեցնում են, որ նման որոշում վարչությունը չի կայացրել եւ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը Բաղրամյան 26 են գնացել սեփական նախաձեռնությամբ՝ որպես անհատներ՝ չներկայացնելով Ժառանգությունը:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը, որը ներկա է եղել Ժառանգության այդ խորհրդակցությանը, ասաց, որ այնտեղ եղել են հրավիրվածներ եւ վարչության 8 անդամներ. «Ես չեմ կարող այլ բան ասել, քան այն, ինչ եղել է իրականում: Մենք Սերժ Սարգսյանի որեւէ քննարկման չէինք կարող մասնակցել այն պարզ պատճառով, որ գործող Սահմանադրությունը օրը հազար անգամ խախտող մեկը չի կարող նոր Սահմանադրություն հարգել: Պարզից էլ պարզ է, թե ինչի համար են այս քննարկումները: Նա ուզում է Վենետիկի հանձնաժողովին ցույց տալ, որ տեսեք, տեսեք, ընդդիմադիր կուսակցությունների հետ, ավանդական կուսակցությունների հետ քննարկումներ է եղել եւ այլն»:

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Ժառանգությունը նպաստում դրան ու մասնակցում հանդիպմանը՝ Սուսաննա Մուրադյանը պատասխանեց. «Ժառանգությունը չի նպաստում, որովհետեւ կուսակցության վարչության խորհրդակցությանը  բոլորն ասել են, որ նպատակահարմար չի գնալը: Վաղը մենք  խորհրդակցություն ունենք, որպեսզի պարզենք՝ ինչպե՞ս եղավ, որ այդ հանդիպումը կայացել է»:

Մեր դիտարկմանը, որ Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ իրենք գնացել են Րաֆֆի Հովհաննիսյանի համաձայնությամբ՝ Սուսաննա Մուրադյանը պատասխանեց. «Քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքում չի, ինքը երեկ չի մասնակցել մեր նիստին: Թե ինչ  կոմունիկացիաներով են իրենք պարզել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն է, ես չեմ կարող ասել: Այդ բոլոր հարցերի պատասխանը մենք կունենանք վաղը ժամը 1-ից հետո»:

Ի դեպ, Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրառում է արել, որ «Հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, ինչը քննարկվել է դեռեւս նախորդ օրը տեղի ունեցած խոհրդակցության ընթացքում: Այդ մասին տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայնել է մեծամասնության կարծիքին:

Ինչ վերաբերում է հանդիպման բովանդակությանը, ապա մեր մասնակցելն ուներ մեկ հստակ նպատակ՝ ինչպե՞ս են իրենք վերաբերում դեռ ամիսներ առաջ «Ժառանգության» կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորհրդաժողովում «Ժառանգության» երեք առաջարկներին: Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք պատրաստ են քննարկել այդ առաջարկները: Մենք նշեցինք, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված մեր վերջնական դիրքորոշումը կախված կլինի մասնագիտական հանձնաժողովի պատասխանից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031