«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը պնդում է, որ քաղաքական ուժերը, հասարակությունը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին միայնակ թողեցին:
«Մարտի հինգի համագումարից հետո ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀ նախագահի փետրվարի տասներկուսի ելույթը իրականությանը համապատասխանող էր, բացի մեկ դիտարկումից, որ Ծառուկյանը չպետք է զբաղի քաղաքականությամբ: Հիմա պարզվում է, որ մինչեւ մարտի տասներկուսը Հայաստանի քաղաքական դաշտում կար մեկ գործիչ՝ պարոն Ծառուկյանը: Բավական է, որ նա դուրս եկավ քաղաքական դաշտից, ու պարզվեց, որ քաղաքական դաշտում քաղաքական կազմակերպություններ չկան: Լավ սպասեիք, մի երկու շաբաթ անցներ, մի քիչ իրավիճակ փոխվեր կամ ապրիլի 24 անցներ, հետո: Ես կողմ եմ երկխոսության, քննարկումներին, բայց, երբ դրանք տեղի են ունենում մարդկանց կողմից, որոնք բացառում էին նման կարգի որեւէ երկխոսություն, իսկ հիմա շարք են կանգնել երկխոսելու: Հայաստանում սկզբունքային կուսակցություններ ու գործիչներ գոյություն չունեն: Կրկնում եմ՝ Հայաստանում կար մեկ քաղաքական գործիչ, որը հետ քաշվեց ու ցույց տվեց, թե ինչքան ամայի է մեր քաղաքական դաշտը»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հարցով քաղաքական ուժերի այցելություններին Սերժ Սարգսյանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ