Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյան. Ցեղասպանությունից 50 տարի անց մարդիկ հասկացան՝ հայրենիքի կորուստը ենթադրում է ցեղասպանության շարունակություն

Մարտ 13,2015 18:15

«Ի սկզբանե խնդիրը քաղաքական էր, երիտթուրքերն իրենց առջեւ քաղաքական խնդիր էին դրել՝ Օսմանյան կայսրության մեջ բնաջնջել հայ ժողովրդին, հայ ժողովրդին հայրենազրկել եւ կյանքի կոչել պանթուրքիզմի գաղափարախոսությունը»,- մարտի 13-ին «Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության հիմնախնդիրները» թեմայով  կլոր սեղան-քննարկման ընթացքում ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Նա նշեց, որ խնդիրը մոռացվել է 1920 թվականի Սեւրի պայմանագրից հետո եւ Լոզանի կոնֆերանսը այդ խնդիրը սառեցրել է. «Սփյուռքում աշխարհասփյուռ հայությունը ծանրագույն իրավիճակում էր գտնվում, մարդիկ Նանսենյան անձնագրերով կարողանում էին այս կամ այն երկրում հաստատվել, լավագույն դեպքում՝ հայրենակցական միություններ ստեղծել, գրքեր հրատարակել, իսկ Խորհրդային Հայաստանում խնդիրն արմատապես լռեցվեց՝ ստալինյան ճնշումների պատճառով: Միայն հետպատերազմյան շրջանում, երբ Խորհրդային Միությունը տարածքային պահանջ ուներ Թուրքիայի Հանրապետության նկատմամբ, խնդիրը վերաբացվեց սառը պատերազմի շրջանում»:

Աշոտ Մելքոնյանը հավելեց, որ միջազգային իրավունքի պրոֆեսոր Յուրի Բարսեղովը առաջիններից էր, որ հիշեցրեց, որ այդ հարցը քաղաքական է, այն պետք է ստանա իրավաքաղաքական լուծում. «Յուրի Բարսեղովը, լինելով ժամանակի խոշորագույն իրավաբաններից մեկը, նման համարձակ միտք առաջ մղելով շատ-շատերիս մոտ հույս առաջացրեց, որ խնդրի ամրապնդվելը բավարար չէ, որովհետեւ եկավ մի ժամանակ, երբ շատերի համար Հայոց ցեղասպանության խնդիրը բետոնե պատ էր, որը ոչ մի կերպ կոտրել հնարավոր չէր, շատ-շատերի համար նման խնդրի շոշափումը ընկալվում էր որպես արկածախնդրություն, պատերազմ Թուրքիայի Հանրապետության դեմ»:

Պարոն Մելքոնյանի խոսքերով՝ խնդիրը, լինելով իրավաքաղաքական բնույթի, վերածվել էր զգացմունքական բնույթի. «Միայն Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցից հետո շատ բան փոխվեց, 50 տարի խնդիրը զուտ զգացմունքային դաշտում ընկալելուց հետո՝ վերջապես մեր ժողովուրդը Խորհրդային Հայաստանում ուրիշ ձեւով խնդիրը ընկալեց. ընկալեց որպես տարածքային խնդիր եւ մարդիկ ունեն մեկ կարգախոս, այն է՝ պահանջում ենք մեր հողերը: Այսինքն՝ 50 տարի անց՝ 1.5 միլիոն զոհերի կսկիծը սրտներում՝ մարդիկ հասկացան, որ հայրենիքի կորուստը ենթադրում է ցեղասպանություն  եւ ցեղասպանության շարունակություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031