Լրահոս
Օրվա լրահոսը

Մատնահետքը կա զենքի վրա, քանի որ դրանք ոստիկանները վերցրել են խոշտանգումների արդյունքում

Մարտ 13,2015 16:04

«Բանդայի գործով» ամբաստանյալ Արթուր Մանուկյանն անցյալ տարվա դեկտեմբերին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Վերաքննիչ դատարանում երկու դատական նիստ է տեղի ունեցել. առաջին դատական նիստի ժամանակ բացարկ հայտնվեց դատախազին, եւ այդ բացարկը հայտնեց Ա.Մանուկյանի պաշտպանը:

Իսկ երկրորդ դատական նիստին`մարտի 9-ին,  դատավճռի դեմ իր բողոքը ներկայացրեց ամբաստանյալ Ա. Մանուկյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը:

Ռ.Սաֆարայանը պահանջում է արդարացնել իր պաշտպանյալին, բեկանել առաջին ատյանի դատավճիռը:

Նշեմ, որ ամբաստանյալ Արթուր Մանուկյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ասել էր, որ հանցագործությունների կատարման հետ որևէ առնչություն չունի:

Նա զենք կրելու հետ կապված հայտնել էր. «դեպքի օրը, երբ ոստիկաններն իրենց հետապնդել են, այդ ժամանակ վերջիններս անսպասելի, կտրուկ փակել են իրենց մեքենայի դիմացը, որից հետո իրենց մեքենան մոտ 200 մետր հետընթացքի ժամանակ բախվել է էլեկտրասյանը, որից հետո իջնելով մեքենայից՝ փախել է մեքենայի մոտից, որպեսզի այն պայթելու դեպքում իրեն չվնասի։ Սակայն մոտ 10 մետր հեռանալուց հետո ոստիկանները իրեն բռնել են։ Այդ ժամանակ ինքը նոր էր եկել Հայաստան, որևէ հանցագործություն կատարելու մտադրություն չի ունեցել, որևէ զենք չի կրել։ Ոստիկանների կողմից հայտնաբերված զենքը իրենը չէ»:

Ի դեպ, «առգրավված» զենքի վրա առկա էին նրա աջ ձեռքի միջնամատի մատնահետքը, սակայն ամբաստանյալը ձախլիկ է և ըստ նրա, հնարավոր չէր, որ զենքի վրա լիներ իր աջ ձեռքի մատնահետքը.«Մատնահետքերի առկայությունը կա այդ զենքի վրա, քանի որ դրանք ոստիկանները վերցրել են խոշտանգումների արդյունքում»։

Ըստ պաշտպանի էլ, Արթուրն ամբաստանյալներից որևէ մեկին չի ճանաչում, իսկ հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանին ճանաչել է, երբ ՌԴ-ից վերադառնալուց հետո իր իրերը ժամանակավոր թողել է Գ. Հայրապետյանի կողմից վարձակալած բնակարանում:

Հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է ապրիլի 16-ին, սպասվում է, որ իր բողոքը կներկայացնի  ամբաստանյալ, այս գործով «պարագլուխ» Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հ.Արսենյանի բողոքը 48 համակարգչային էջից է բաղկացած:

Հ. Արսենյանը արձանագրել է մի շարք էական խախտումներ, որոնք տեղ են գտել իր պաշտպանյալի նկատմամբ կայացված մեղադրական դատավճռում: Մասնավորապես, պաշտպանը նշել է այս գործով մեղադրյալ, հանգուցյալ Արման Դալլաքյանի նկատմամբ իրականացվել է«ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը:Ըստ պաշտպանի, ներքին դիտման խնդիրն էր համաձայն օրենքի, հանցագործությունների հայտնաբերումը, կանխումը, խափանումը:

Հիշյալ՝ ՀՀ օպերատիվ-հետախուզական գործունեության օրենքի համաձայն, ներքին դիտումը «բնակարանում» հատուկ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին, կամ անձանց հետեւելն է:Օրենսդիրը պատահական չի ընտրել «բնակարան» բառը:Հ.Արսենյանն իր բողոքում նշում է, որ 2011թ.սեպտեմբերի 23-ին թույլատրվել է Արման Դալլաքյանի նկատմամբ, ներքին դիտում իրականացնել համաձայն ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի գրության:

Սակայն այն անցկացվել է ոստիկանության աշխատակցի աշխատասենյակում, որը համաձայնվեք, որ բնակարան չէ:

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-դ հոդվածի 46-րդ կետի. «Բնակարանը շենք է, շինություն, որը մշտապես օգտագործվում կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի-անձանց կողմից բնակվելու համար»:

Հենց այս ապացույցն էլ՝ ներքին դիտման տեսասկավառակը ուղարկվել է դատարան:

Aravot.am-ին Հովիկ Արսենյանն ասաց, որ իր բողոքում նման օրինակները բազմաթիվ են, եւ դրա մասին կիմանանք առաջիկայում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031