Մարտի 25-29-ը Նեապոլում կայանալիք Ֆուդոկան կարատեի Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու նաեւ Հայաստանի ներկայացուցիչները, որոնք սկսել են նախապատրաստության վերջին փուլը:
Մարզիչ, սեւ գոտի չորրորդ դան, 2013 թվականի Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր եւ հաջորդ տարվա հաղթող Արծրուն Օհանյանն Aravot.am-ին ասաց, որ Իտալիայում ինքն էլ է մասնակցելու որպես մարզիկ: Բայց հիմա ավելի մեծ ուշադրություն դարձնում է իր սաներին: «Ջոն Կիրակոսյանը, որ մասնակցելու է 10-11 տարեկանների պայքարին, չնայած փոքր տարիքին, արդեն հասցրել է անցած տարի դառնալ Եվրոպայի 3-րդ մրցանակակիր, հաղթել Կիպրոսի միջազգային մրցաշարում: Իսկ Հայաստանի առաջնությունների բազմակի հաղթողներ Արման Պետրոսյանն ու Հարություն Նիկողոսյանը (12-13 տարեկաններ) առաջին անգամ են դուրս գալու միջազգային ասպարեզ: Սակայն նրանք իրենց վարպետության մակարդակով հույս են ներշնչում, որ երեք տասնյակից ավելի երկրների իրենց հասակակիցների հետ պայքարում ի վիճակի են մեդալներ նվաճել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ