Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերոնք երեք հարց են դրել նախագահի առջեւ, ուզում եմ հասկանամ` ինչ ասաց նախագահը». Բախշյան

Մարտ 13,2015 14:20

«Ինչո՞ւ միայն լուսանկարները տեսանք, ինչո՞ւ չտեսանք` ինչ են խոսում: Ինչու նախագահը թույլ չտվեց լրագրողներին լուսաբանել այդ բանակցությունների ընթացքը»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ ՀՀԿ ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին սահմանադրական բարեփոխումների թեմայով քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու ՀՀ նախագահի հանդիպման մասին հարցրեց ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:

«Ո՞վ է խանգարում ընդդիմադիր ուժերին ասեն` ինչ են խոսել, ո՞վ է խանգարում, որ այդ խոսակցությունը դարձնեն հրապարակային: Ո՞վ ասաց` իշխանությունն է արգելել»,- հարցրեց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Մերոնք երեք հարց են նորից դրել նախագահի առջեւ, ուզում եմ հասկանամ` ինչ ասաց նախագահը, Արմենը շատ կարճ ասաց»,- դժգոհեց տիկին Բախշյանը: Լեռնիկ Ալեքսանյանն էլ վստահեցրեց` Արմենն ավելի լավ կարող է ներկայացնել:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին` Անահիտ Բախշյանը բացատրեց, թե ինչու են ընդդիմադիր ուժերից գյուղապետերի ու քաղաքապետերի թեկնածուներ քիչ առաջադրվում. «Որ քաղաքական ընդդիմության մեջ գյուղացիներ ներգրավեն, պետք է դեմ գնան, կորցնեն ինչ-որ բաներ»:

Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով էլ, քաղաքական ուժերը համապետական ընտրություններում հաջողություններ չունենալու համար մեղադրում են իշխանությանը ու չեն գիտակցում, որ համապետական ընտրությունների հաջողությունը կախված է ՏԻՄ ընտրություններին մասնակցությունից. «ՏԻՄ ընտրություններին մեր ընդդիմությունը չի մասնակցում, որովհետեւ դժվար է կանգնել ու սովորական մարդկանց հարցերին պատասխանել»:

«Ձեզ լսողները ծիծաղելու են հիմա»,- հակադարձեց տիկին Բախշյանը: Նրա այս նկատառումից հետո պատգամավորը սկսեց գովել «Ժառանգությանը». «Ժառանգության» հաջողությունը բացատրում եմ նրանով, որ շփվեցին մարդկանց հետ գյուղ առ գյուղ: Իշխանությունը ընտրություններից հետո չի փակում գրասենյակների դռները, մարդիկ գալիս են, լսում ենք բոլորին: Իսկ ընդդիմությունը չկա, չի երեւում»:

Անահիտ Բախշյանն էլ շարունակեց. «Բայց եկեք տեսնենք` ինչու քաղաքական ուժը, որ ներկայացված է ԱԺ-ում, որի նախագահը 37 տոկոս ձայն է հավաքել, այսօր այսպիսի պասիվություն է հանդես բերում: Այնքան բացահայտ է այս բացատրությունը, որ նույնիսկ չեմ ուզում արդարանալ: «Ժառանգությունը» պետբյուջեից ինչպե՞ս է ֆինանսավորվում, այն նույնիսկ բենզինի փող չէ, ուր մնաց գրասենյակ պահի մարզերում, իսկ ինչ միջոցներ է տրամադրվում իշխանությանը, եթե չլինեին վարչական ռեսուրսները, որոնք ՀՀԿ-ն լավ օգտագործում է, դուք էլ մեր օրին կլինեիք»:

Լեռնիկ Ալեքսանյանը դժգոհեց հասարակության պահանջներից, որոնք դրվում են ընտրված գյուղապետի, համայնքի ղեկավարի ու պատգամավորի առջեւ. «Հասել ենք նրան, որ մարդիկ պատգամավորից պահանջում են ասֆալտ գցել»:

«Դուք եք դրել այդ սկզբունքը»,- հակադարձեց Անահիտ Բախշյանը, ինչի հետ չհամաձայնեց ՀՀԿ-ական պատգամավորը. «Դա դրվածք է 90-ականներից ու ինչքան էլ քննադատենք մեծամասնականով ընտրված պատգամավորներին, չպետք է մոռանանք` նրանք ավելի շատ են կապված հասարակության հետ»:

«Էդ օրինակը չբերեք հա՞, թե չէ որ սկսեմ հիշել մեծամասնականներին»,- ընդհատեց նրան Անահիտ Բախշյանը:

Լեռնիկ Ալեքսանյանն էլ ամփոփեց` ասաց՝ իր համար ընդդիմությունը ոչնչացված չէ ու դեռ կայանալու է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031