Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարի հանքավայրի շահագործումը՝ խաղ ռադիոակտիվ ուրանի հետ. «Չորրորդ իշխանություն»«

Մարտ 13,2015 13:12

«Չորրորդ իշխանությունը» նախորդ համարում գրել էր, որ «Lydian International» ընկերությունը 2015 թվականին պլանավորում է ապահովել Ամուլսարի ծրագրի ամբողջական ֆինանսավորումը եւ անցնել հանքի շինարարության փուլին։

Տորոնտոյում կազմակերպած համաժողովի ընթացքում«Lydian International»–ի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնն ասել է, որ Ամուլսարի ծրագրի շնորհիվ բազմաթիվ պոտենցիալ ներդրողներ տեղեկացել են Հայաստանի մասին՝ որպես ներդրումային առումով գրավիչ երկիր։ Սթիվենսոնը նաեւ հայտնել է, որ ծրագրում են կառուցել համաշխարհային կարգի հանք Հայաստանում, որը շահավետ կլինի ամբողջ երկրի, համայնքների եւ ներդրողների համար։

«Չորրորդ իշխանության» հետ զրույցում Հայկական Բնապահպանական ճակատի անդամ, բնապահպան Լեւոն Գալստյանը նշեց, որ ընկերությունը հանք կառուցելու թույլտվություն ստացել է դեռ նախորդ տարվա հոկտեմբերին եւ հավելեց, որ հանքի շահագործումն անթույլատրելի է։ «Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում առաջացող ռիսկերը նախ եւ առաջ կապված են երկրի ռազմավարական ջրային պաշարների հետ, քանի որ հանքավայրի բոլոր ենթակառուցվածքները տեղաբաշխված են Արփա եւ Որոտան գետերի ջրհավաք ավազանում, ինչպես նաեւ Կեչուտ եւ Սպանդարյան ջրամբարների մոտակայքում, որոնք իրենց հերթին մտնում են Սեւանա լճի ավազանի մեջ։ Հանքավայրի շահագործման ընթացքում Որոտան-Արփա թունել կլցվեն թունավոր մետաղների միացություններով հագեցած ջրեր, որոնք հետո կտեղափոխվեն Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից Արփա-Սեւան թունելով կհոսեն Սեւանա լիճ՝ հիմնովին փոխելով նրա ջրերի կազմն ու որակը»,- պարզաբանեց Գալստյանը։

Ըստ նրա՝ Ամուլսարի նախագիծը կրում է էական վտանգներ նաեւ Ջերմուկ առողջարանային քաղաքի համար, որը գտնվում է Ամուլսարից 8 կմ հեռավորության վրա։ Ինչպես նշում է բնապահպանը՝ Ջերմուկի զարգացման պլանի համաձայն զբոսաշրջության գոտու սահմանը մոտենում է Ամուլսարին 2-4 կմ տարածության վրա։ Ջերմուկը, որն իր հանքային աղբյուրների շնորհիվ համարվում է բուժման բարձր վարկանիշ ունեցող կենտրոն, կկորցնի առողջարանային գոտի լինելու համարումը, իսկ նրա բնակչության մեծամասնությունը կմնա անգործ։ Գալստյանի հավաստիացմամբ՝ կառավարելի չեն նաեւ հանքավայրի շահագործման ժամանակ իրականացվելիք բազմահազար պայթյունների ազդեցությունը հանքային ջրի աղբյուրների վրա։

«Այնպես որ, եթե վերո՚նշյալ հանքավայրը շահագործվի, մենք պետք է խաչ քաշենք Ջերմուկի՝ որպես հանգստյան գոտու վրա»,- վստահեցնում է բնապահպանը:

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031