Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քաղաքացիական անհնազանդություն՝ ապրիլի 24-ից. «100-ամյակն առանց ռեժիմի»-ն ազատվելու է ռեժիմից այս տարի

Մարտ 13,2015 13:51

«Երբ մենք ասում ենք 100-ամյակն առանց ռեժիմի, դա նշանակում է, որ այս տարի մենք պիտի ռեժիմից ազատվենք: Եվ այդ գործողությունները սկսելու են ամենաուշը ապրիլի 24-ին: Դրանք քաղաքացիական անհնազանդության լայնամասշտաբ գործողություններ են լինելու»,- այսօր Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանը «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում այսպիսի ուշագրավ հայտարարություն արեց:

Նա հստակեցրեց, որ քաղաքացիական անհնազանդությունը ապստամբությունը չի. «Երկուսն էլ սահմանադրական իրավունք են, բայց մենք ասում ենք, որ ապրիլի 24-ից սկսում ենք մեր քաղաքացիական անհնազանդության գործողությունները: Քաղաքացիական անհնազանդության զինանոցում շատ գործիքներ կան, բոլորը սահմանադրական գործողություններ են: Մենք չենք բացում եւ մարտավարական նպատակներով չենք ասում, թե այդ զինանոցի որ միջոցներն ենք կիրառելու, բայց հստակ ենք ասում, որ անելու ենք այդ գործողությունները: Մենք ասում ենք, որ եթե բռնություններ սկսվեցին ժողովրդի նկատմամբ, ժողովուրդն ապստամբության իրավունք ունի: Մենք այն ուժը չենք, որ այդ իրավունքից հրաժարվենք, եթե կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Մարտի 1-ին: Դա մեր ժողովրդի իրավունքն է, եթե բռնություններ լինեն, մենք մեր կողմից ասում ենք, որ մենք ցնցումների չենք գնում»:

Հարցին՝ այսինքն, ապրիլի 24-ին, երբ ոգեկոչման միջոցառումներ են անցկացվելու, «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունն ի՞նչ է անելու՝ նա պատասխանեց, որ մասնակցելու են ցավի, կորստի ոգեշնչմանը, բայց ավելացնելու են մի ուրիշ բաղկացուցիչ. «Դա զուգահեռ  է արվելու՝ պայքարի ոգեկոչումն է: Այսինքն, չի կարելի միայն մեր ուղեղը գաղութացնել՝ ասելով, որ 100-ամյակը միայն ցավի հետ է կապված: Ոգեկոչման մեջ կա պայքարի բաղադրիչ: Պայքար՝ արդարության, պահանջատիրության համար: Գոյություն ունի արդարության միջազգային պահանջ, որը որեւէ հակասություն չունի ներքին արդարության պահանջի հետ: Եթե մենք աշխարհում գնում ենք, արդարություն ենք պահանջում, աշխարհը կարող է հարցնել՝ մի հատ ձեռքերդ ցույց տուր, տեսնենք մաքո՞ւր են: Ումի՞ց ես ինչ պահանջում, եթե քո տանը չես կարողանում արդարություն վերականգնել: Մենք պիտի  աշխարհին ապացուցենք, որ մենք այն ժողովուրդն ենք, որ կարող է արդարություն վերականգնել»:

Հարցին՝ ճի՞շտ օր եք ընտրել դուք՝ նա պատասխանեց. «Այն մարդիկ, ովքեր գտնում են, որ սխալ օր ենք ընտրել, թող ամսի 25-ին միանան մեզ: Այն մարդիկ, ովքեր գտնում են, որ ապրիլի 24-ը սուրբ օր է, մեզ հետ կարող են չլինել: Ինձ համար եւ իմ ընկերների համար անհասկանալի է բոլոր այն մարդկանց դիրքը, որոնց հարցնում ես՝ իսկ 25-ին կմիանա՞ս, 26-ի՞ն, իսկ դեկտեմբերին կմիանա՞ս եւ տեսնում ես, որ այդ մարդն ուղղակի խւսափում է խնդրից»:

Թե ինչ է կազմակերպում Հիմնադիր խորհրդարանը ապրիլի 24-ին, չբացելով փակագծերը՝ Գարեգին Չուքասզյանն ասաց, որ հավաքների տարբերակը քննարկվում է. «Քաղաքացիական անհնազանդության ամբողջ զինանոցը ձեզ օրինակ»:

Aravot.am-ը ճշտեց՝ այսինքն ապրիլի 24-ին, երբ բազմաթիվ հյուրեր ենք ունենալու ամբողջ աշխարհից, մեր դեմքը ցույց տալու օրեր են դրանք եւ փաստորեն դուք այդ օրը ձեռնարկում եք ներքին խնդիրները լուծելու գործողություննե՞ր, Գարեգին Չուքասզյանը պատասխանեց. «Այո, այո: Ես կարծում եմ, որ մեր դեմքի դիմագծերի շատ կարեւոր մաս պետք է լինի մեր դիմադրելու կարողությունը: Մեզ հարգում են աշխարհում ոչ թե նրա համար, որ մենք գեղեցիկ ենք, այլ՝ արժանապատվությւոն ունենք, թե՞ ոչ: Եթե ցույց ենք տալիս, որ մենք արժանապատվություն ունենք, ամբողջ աշխարհը մեզ կհարգի: Կապ չունի՝ արտաքին հյուր կա, չկա: Դու ունես ներքին հարցեր, եւ պայքարը չի դադարում, դա անընդմեջ է: Եթե մեզ հաջողվի հենց ապրիլի 24-ին մեկ օրում վերջացնել այդ հարցը, ամբողջ աշխարհն ուրախ կլինի դրա համար, ամբողջ աշխարհի առաջադեմ մարդկությունը: Իսկ այն օլիգարխական ընկերները միգուցե դժգոհ լինեն, բայց նրանք մեզ շատ քիչ են հետաքրքրում»:

Հարցին՝ չե՞ք կարծում,որ ոստիկանությունը Բերձորի դեպքերի պես պատրաստված կլինի, եւ հնարավոր է ձեր գործողություններն իրենց նպատակին չհասնեն՝ նա պատասխանեց. «Մենք միամտություն չունենք, մենք գիտենք մեր առջեւ ինչ ուժ է կանգնած: Շատ լավ ենք գիտակցում, որ այն մարդասպանները, որ Մարտի 1-ին եղել են, մեր մեջ են: Մենք կարմիր գծերին ենք մոտենում»:

Ընդ որում, պարոն Չուքասզյանը հստակեցրեց, թե ինչո՛ւ է ապրիլի 24-ը հարմար ռեժիմից ազատվելու համար: Այդ օրը միջազգային շատ ԶԼՄ-ներ են լինելու, եւ իշխանության ձեռքերը կապված կլինեն, բացի այդ, իշխանությունը չի կարող փակել այդ օրը մարզերից Երեւան բերող ճանապարհները, ինչն արվում է սովորաբար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031