Եվ այսպես՝ քաղաքական թատրոնի երկրորդ գործողության մեկնարկը տրված է։ Երեկ Սերժ Սարգսյանը պաշտոնապես սկսեց սահմանադրական բարեփոխումների շրջանակներում տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ խորհրդակցությունների գործընթացը։ Այդ խորհրդակցությունների ընթացքում Սերժ Սարգսյանը պիտի ձեւացնի, թե ինքն անձնական որեւէ շահ չունի եւ Սահմանադրությունը փոխում է բացառապես պետության շահերից ելնելով, կուսակցությունների ներկայացուցիչներն էլ պիտի ձեւացնեն, թե հավատում են նրան, ու կամ գլուխները տմբտմբացնեն՝ ի նշան համաձայնության, կամ մի թեթեւ առարկեն։
Բայց ուշադրություն դարձրեք՝ Սերժ Սարգսյանը կուսակցությունների հետ «խորհրդակցությունները» սկսում է միայն իր դեմ «քյալլա տվող» հիմնական ուժը ոչնչացնելուց հետո։ Ամերիկյան մարտաֆիլմերից ծանոթ տեսարան է, չէ՞. հանցախմբի պարագլուխն իր դեմ դժգոհողների հետ հարցերը քննարկելուց առաջ կրակում է նրանցից մեկի ճակատին, հետո ասում «առարկություններ կա՞ն» ու բոլորին հրավիրում սեղանի շուրջ՝ «քննարկումը» շարունակելու։ Իրականում նա ԲՀԿ-ի հետ հենց այդպես էլ վարվել է՝ որպես զենք օգտագործելով ոստիկանությանը։ Ընդամենը մի ամիս է անցել, բայց շատերն արդեն մոռացել են, որ հենց ոստիկանությունն էր ԲՀԿ գրասենյակներից մարդկանց տասնյակներով բերման ենթարկում, խուզարկություններ անցկացնում, ԲՀԿ-ականներին պատկանող հաստատություններում «մարմնավաճառներ հայտնաբերում» եւ այլն։ Այլ հարց է, որ «լայն խորհրդակցությունների» դեպքում արդեն պետք է ավելի մեղմ վարվել՝ մոտավորապես այնպես, ինչպես ասուլիսների ժամանակ։ Այսինքն՝ հանդիպել միայն «ազատ, բայց պատասխանատու» լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ նույնիսկ թույլ տալ, որ «թեթեւի մեջ» սուր հարցեր տան։ Կարեւորը ժողովրդավարության իմիտացիան է, ինչն էլ մանր¬մունր կուսակցությունները հաստատ կապահովեն, շատ մանրերը՝ ձրի, մի քիչ խոշորները՝ որոշակի վճարի դիմաց։
Ամեն դեպքում՝ պետք է արժանին մատուցել Սերժ Սարգսյանին. երկրորդ ժամկետի ավարտից հետո էլ փաստացի իշխանությունը պահպանելու նրա ջանքերը կարծես թե պսակվում են հաջողությամբ։ Լեւոն Տեր-Պետրոսյանն, օրինակ, նման ցանկության ակնհայտորեն չաներ, Ռոբերտ Քոչարյանը նման ցանկություն ուներ, բայց փորձեց դա անել ոչ թե Սահմանադրությունը փոխելու, այլ մրցակցության մեջ մտնելու եւ հաղթելու ճանապարհով, եւ արդյունքում պարտվեց:
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում