Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական արխիվներում զտում է կատարվել, ոչնչացվել են նաեւ կողմնակի փաստաթղթերը. «Իրատես de facto»

Մարտ 13,2015 12:44

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի ազգային արխիվը ստեղծվել 1924-ին։ Այստեղ պահվում է ավելի քան 4 մլն փաստաթուղթ, և ամենահինը թվագրվում 1607-ով։ Օրական արխիվ է դիմում 100 քաղաքացի՝ թոշակի, ունեցվածքի և այլ խնդիրներ լուծելու համար։ Տարեկան ավելի քան 350 գիտնականներ, ուսանողներ դիմում են Ազգային արխիվ՝ գիտական աշխատանքներ կատարելու նպատակով, այդ թվում՝ օտարերկրյա մասնագետներ։ Ինչպես նշում է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, չկա մեկը, որ իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ չդիմի արխիվ։

– Պարոն Վիրաբյան, մի առիթով ասացիք, որ ցեղասպանության թեմաներին առնչվող փաստաթղթերով հետաքրքրվում են և՛ հայ, և՛ օտարերկրյա, և՛թուրք պատմաբանները։ Ի՞նչ պատկեր է գրանցվում ցեղասպանության մեկդարյա տարելիցին ընդառաջ, ավելացե՞լ է հետաքրքրությունը նշված փաստաթղթերի վերաբերյալ։

– Այո, իհարկե, և հետաքրքրվում են ոչ միայն գրքի տեսքով աշխատություն հրատարակելու, այլև, ավելի շատ, ֆիլմեր նկարահանելու համար՝ և՛ գեղարվեստական, և՛ փաստավավերագրական։ Վերջինիս դեպքում անհրաժեշտ են փաստաթղթեր, լուսանկարներ, քարտեզներ, գեղարվեստական ֆիլմ ստեղծելու համար՝ համապատասխան սյուժեներ։ Որպես օրինակ, ֆիլմի սյուժե կարող են դառնալ ականատեսների վկայությունները։ Բոլորովին վերջերս ինձ դիմեցին կինոգործիչներ, ես նրանց տրամադրեցի Խարբերղից գաղթած 18-19 տարեկան աղջկա վկայություններ, թե ինչպես է նա հասել Միջագետքի անապատներ, ինչպես է հրաշքով փրկվել։ Այն շատ նման է Արշալույս Մարտիկյանի պատմությանը, ում հուշերի հիման վրա Հոլիվուդում 1919-ին նկարահանվեց եղեռնի մասին առաջին գեղարվեստական ֆիլմը։ Որովհետև բոլոր տեղերում ձեռագիրը նույնն է. սկզբում տղամարդկանց են ոչնչացրել, հետո գեղեցիկ կանանց առևանգել, երեխաներին ոչնչացրել։ Մինչև Միջագետք հասել են բեկորներն այդ քարավանների։ Ի դեպ, մեզ դիմում են ոչ միայն Հայաստանից, այլև Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից։ Բոլոր հնարավոր տարբերակներով օգնում ենք։

– Նաև Թուրքիայի՞ց։

– Այո, մեր այցելուների շրջանում կան թուրք պատմաբաններ։ Նրանցից ոմանք ընդունում են ցեղասպանության փաստը։ Ցավոք, շատերն էլ ասում են՝ պատերազմ է եղել, երկու կողմից էլ խաղաղ բնակչություն է զոհվել։

– Այսինքն, նրանք հայաստանյան արխիվում փնտրում են ցեղասպանությունը հաստատող փաստաթղթե՞ր։

– Այո, որովհետև պատերազմի տարիների փաստաթղթերը պահվում են Թուրքիայի ռազմական արխիվում, որը փակ է նույնիսկ թուրք պատմաբանների համար։ Իսկ մյուս արխիվներում 1960-70-ական թվականներին զտում է կատարվել, ոչնչացվել են նույնիսկ կողմնակի փաստաթղթերը։ Ասենք, Թալեաթի հրամանով 5000 երեխայի համար որբանոց է բացվել, հարց է առաջանում՛ այդ 5 հազար որբերը որտեղի՞ց հայտնվեցին, որտե՞ղ են նրանց ծնողները։ Դա կողմնակի փաստ է, առնչվում է ցեղասպանության խնդրին։ Նման փաստաթղթեր կարելի է գտնել։ Վերջին 4-5 տարիներին Թուրքիայի արխիվները (բացառությամբ ռազմական արխիվի) լայնորեն բացել են դռները։ Հենց այս պահին ամերիկահայ մի ուսումնասիրող կա մեզ մոտ, նա անցած շաբաթ եղել է թուրքական արխիվում, պատմում է, որ ինչ ուզել է, տրամադրել են, բայց ամեն ինչ վերաբերել է միայն տեղահանությանը։

– Վերադառնանք հայաստանյան արխիվին. Ցեղասպանության թեմայով փաստաթղթերը ի՞նչ թիվ են կազմում։

– Հաշվառված է շուրջ 12 հազար փաստաթուղթ։ Ինչո՞ւ է այդքան քիչ, որովհետև պետականություն չենք ունեցել, հիմնական մասը եկեղեցու արխիվի հետ է մեզ հասել։ Եկեղեցին պետության դեր էր կատարում։ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Սուրենյանցը դիմում էր աշխարհի պետություններին, պատասխաններ էր ստանում, նրան էին գրում տարբեր թեմերից, որ հայ բնակչությունը ոչնչանում է, տեղահանում են, եթե այդպես շարունակվի, Հայաստանում հայ չի մնա։ Այս տողերը շատ լավ հիշում եմ Կոստանդնուպոլսի պատրիարքի նամակից։

Ականատեսների վկայությունները հետագայում «Մշակ» թերթի ֆոնդի հետ ենք ստացել, լուսանկարները՝ սփյուռքահայերից։ Մեզ մոտ պահվում են նաև Արմին Վեգների լուսանկարների պատճենները:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031