«Իրատես de facto»-ի հյուրն է դերասան, բեմադրիչ Կարեն Խաչատրյանը
– Կարեն, Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում ես հիմնականում ծավալում քո ստեղծագործական գործունեությունը՝ իբրև դերասան և բեմադրիչ։ Ինչպե՞ս ես քեզ զգում այստեղ։
– 2015 թվականին լրանում է իմ բեմական գործունեության երեսնամյակը։ Շուրջ հիսուն դերակատարում եմ ունեցել։ Ե՛վ ուրախ եմ, և՛ տխուր։ Որովհետև շատ արագ անցավ ժամանակը։ 1985 թվականին առաջին անգամ բեմ դուրս եկա Աննա Պետրոսյանի ղեկավարած Գյումրիի «Առասպելի դպրաթատրոնում»։ Հետո խաղացել եմ Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում։ 1995 թվականին եկել եմ Երևան ու ընդունվել Համազգային թատրոն։ Այդ թատրոնի և ընդհանրապես թատրոնի հետ կապված ամեն ինչին շատ լուրջ եմ վերաբերվում։ Երբ ասում են «Արվեստը զոհեր է պահանջում», շատ լավ հասկանում եմ, թե ինչի մասին է խոսքը։
– Ինքնակենսագրակա՞ն արժեք ունի այդ թևավոր խոսքը քեզ համար։
Կարդացեք նաև
– Այո՜, այո։ Խիստ ինքնակենսագրական։ Ես միշտ ծառայել եմ թատրոնին, իմ արածը չեմ համարում աշխատանք։ Ծառայել եմ բառիս թե ստեղծագործական, թե՛ լայն իմաստով։ Ծառայել եմ լիարժեքորեն, խորությամբ։
– Համազգային թատրոնն ունի գերխնդիր՝ շենքի, տարածքի խնդիրը։ Ի՞նչ կասես այս մասին։
– ՀՀ նախագահը խոստացել է, որ կլուծվի այդ խնդիրը, բայց խոստումը չի կատարվում։ Փող է հանգանակվում, բայց այն բավարար չէ։ Գործը մե՛կ ընթացք է ստանում, մե՛կ կանգնում է։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ լավ կլինի գոնե մեկ թատրոն կառուցել։ Ես և՛ պրոֆեսիոնալ, և՛ բարոյական առումով հայտարարում եմ, որ Համազգայինը վաստակել է այդ իրավունքը։ Վաստակել է քրտինքով և արյունով, որովհետև իր ծնունդը համընկավ մեր անկախ պետության սկզբնավորման հետ, և Համազգայինը կրեց այն բոլոր դժվարությունները, ուրախությունները, ողբերը, որոնք այդ ընթացքում բաժին ընկան հայ ժողովրդին։ Ես կոչ եմ անում մեր իշխանություններին, որ շատ լուրջ վերաբերվեն այս հարցին։ Երբ մենք դրսում հանրապետություն ենք ներկայացնում, ներկայանում ենք արվեստով։ Արվեստը պետք է պետության հոգածության ներքո լինի, որ զարգանա, որ պետությունը, երկիրը ներկայանալու բան ունենան, որ խայտառակ չլինենք, չստացվի, թե յոթ հազար տարվա պատմություն ունեցող ազգ ենք, բայց ներկայացնելու բան չունենք։ Առանց այն էլ էնքա՜ն հետ ընկանք ցիվիլ ընթացքից պատմական անցուդարձերի պատճառով, որ այս հարցերի նկատմամբ անտարբեր լինելը անթույլատրելի է։
– Երկու տիրոջ ծառա լինելը բարդ չէ՞։ Բացի Համազգային թատրոնից, արդեն տարիներ շարունակ, իբրև հրավիրյալ դերասան, նաև Հենրիկ Մալյանի թատրոնին ես ծառայում։ Ու վերջերս բեմադրված Ջոն Պատրիկի «Սիրելի Պամելա» ներկայացման մեջ հսկայածավալ դեր ես խաղում, գրեթե ամբողջ ներկայացումը տանում ես քո ուսերին՝ ինչպես ընդունված է ասել այսպիսի դեպքերում։ Ավելին, քո մարմնավորած կերպարը ներկայացման ընթացքում հարափոփոխ դրսևորումների մեջ է, անգամ մի տեսարանում վերացարկվում է բեմական կերպարից, շրջանցում թատրոնի պայմանականությունն ու դառնում կենցաղային-առօրեական անձնավորություն։ Իսկապես հետաքրքիր է՝ այս վիճակը երկու տիրոջ ծառայի՞, թե՞ մշակութային, ստեղծագործական երկու հաճույք համատեղելու զգացողությամբ ես ընկալում։
– Եթե հարցն այսպես է դրվում, ապա խոստովանեմ, որ շատ կցանկանայի լինել ոչ թե երկու, այլ երեք, չորս տիրոջ ծառա. ինչքան շատ թատրոններում խաղամ, ինչքան տարբեր կոլեկտիվների և ռեժիսորների հետ աշխատեմ, այնքան կհարստանամ՝ ոչ միայն կենսագրության իմաստով, այլև ստեղծագործական։ Ինչ վերաբերում է Մալյան թատրոնին, ես երրորդ անգամ եմ հրավիրվում այնտեղ աշխատելու և դա անում եմ մեծ սիրով։ Յուրահատուկ թատրոն է յուրահատուկ կոլեկտիվով։ Ուրախ եմ, որ Նարինե Մալյանը կարողացավ շարունակական դարձնել Հենրիկ Մալյանի գեղագիտական սկզբունքները, կատարեց շատ սիրուն անցում, որը հիմա էլ է կատարվում։ Ուրախալի է, որ Մալյան թատրոնը յուրահատուկ թատերական գույն է մայրաքաղաքի և հանրապետության արվեստի ներկապնակում:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում