Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տնօրենն ասում է՝ իմ դպրոցն է ու իմ օրենքը»

Մարտ 13,2015 15:00

Թիվ 26 դպրոցի տնտեսվարը պնդում է, որ աշխատակիցների կեսը տնօրենի բարեկամներն են, մինչդեռ իրեն անհարկի ազատել են աշխատանքից

Անահիտ Նավասարդյանը շուրջ 13 տարի է՝ աշխատում է Արմենակ Արմենակյանի անվան 26 դպրոցում որպես տնտեսվար եւ աշխատանքի ուսուցման ուսուցչուհի: Իր ասելով, իրեն դպրոցի տնօրեն Արմենուհի Արմենակյանն էր ժամանակին հրավիրել աշխատանքի, ինքն էլ պատշաճ կատարել է աշխատանքային պարտականությունները: Անցյալ տարվանից, սակայն, տնօրեն Արմենուհի Արմենակյանի եւ Անահիտ Նավասարդյանի միջով «սեւ կատու» է անցել:

«Առավոտի» հետ զրույցում Անահիտ Նավասարդյանը պատմեց, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ինքը ցանկացել է փետրվարին մեկ ամսով իր հաշվին արձակուրդ վերցնել՝ Ռուսաստան մեկնելու համար: Տնօրենին, չգիտես ինչու, դա դուր չի եկել. «Վերադառնալուն պես՝ ինձ ասացին, որ ես անհիմն բացակայություններ եմ ունեցել, բայց չէ՞ որ դիմում եմ ներկայացրել, չնայած տնօրենն ասում է, որ դիմում չի տրվել: Ամեն դեպքում, ես եկել եւ ներկայացել եմ նաեւ մեր կառավարման խորհրդի նախագահին, ու տեղեկացրել, որ արդեն Երեւանում եմ, ու ի՞նչ խնդիր կա, որ ինձ այդքան փնտրել են, փետրվարի 6-ին էլ ծանուցագիր է եկել, թե 5 օր բացակայել եմ աշխատանքից: Ես 2015-ին նորից ուզում էի իմ հաշվին արձակուրդ վերցնել փետրվարին, որովհետեւ 2014-ին ամռանն էի արձակուրդ գնացել: Հաշվապահիս հարցրի՝ իրավունք ունե՞մ, ասաց՝ ունես, անգամ 60 օր կարող ես բացակայել, ասացի, որ ինձ մեկ ամիս է պետք՝ փետրվարի 2-ին պետք է գնայի, 27-ին վերադառնայի: Հաշվապահը այլ դպրոցներում աշխատող իր կոլեգաներից էլ ճշտեց կարգը, բոլորն ասացին, որ ինձ հասնում է արձակուրդ:

Գնալուց առաջ երկու օր շարունակ չէի կարողանում գտնել մեր դպրոցի տնօրենին, վերջին օրը հանդիպեցինք, ասացի՝ կթողնե՞ք գնամ: Ասաց, որ շտապում է, ժամանակ չունի, նաեւ ասաց՝ ընդունում-հանձնում արա: Ես զարմացա՝ մեկ օրում հնարավոր չէ ահռելի շենքի ընդունում-հանձնում կատարել: Ընկեր Արմենակյանին ասացի՝ եթե գտնում եք, որ անօրենք եմ գնում՝ մակագրեք իմ դիմումը, միգուցե չգնամ: Ինքը պատասխանեց, որ իր դպրոցն է ու իր օրենքը: Քանի որ իսկապես ժամանակ չէր մնացել, առաջարկեցի վերադառնալուն պես ընդունում-հանձնում կատարել: Եվ հետո, եթե արտերկրում, Ռուսաստանում գտնվող ուրիշներին հասնում է արձակուրդ, իրենք բացակայելով ստանում են գումարը, ինձ ինչո՞ւ չպետք է հասնի»: Թիվ 26 դպրոցի տնտեսվարը հայտնեց, որ տնօրենն իրեն առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել ու խոստացել, որ հետո նորից կընդունի աշխատանքի, բայց ինքը վստահ է, որ իրեն հետ չեն վերցնի, ինչպես ժամանակին հետ չվերցրին իրենց դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Հաբեշյանին: Տիկին Նավասարդյանը նշեց նաեւ, որ իրենից հետո՝ առանց իր ներկայության ժողով են հրավիրել, որտեղ տնօրենը հայտարարել է, թե տնտեսվարն ազատված է աշխատանքից: Ինչ վերաբերում է արձակուրդ գնալու մասին դիմումին, Նավասարդյանի պատմելով, տնօրենը հրաժարվել է վերցնել, ինքն էլ թողել է կոլեգաների մոտ. «Ես դիմումը տվել եմ, ինքը ներկա էր, չվերցրեց ու դիմումը մնաց սենյակում, կոլեգաներիս խնդրեցի փոխանցեն: Մեր ուսուցիչներն ասել են, որ ես դիմումը թողել եմ, տնօրենը սպառնացել է՝ ով դիմումը դնի սեղանիս, գործից կազատեմ: Այդպես այն մնացել է իմ սենյակում, որը հաջորդ օրվանից ինքը փակել է»:

Տնտեսվարը որոշ «փակագծեր բացեց»՝ հայտնելով, որ Արմենուհի Արմենակյանի պատճառով երեք ամիս շարունակ չի կարողացել հաստիքացուցակ լրացնել՝ տնօրենն անընդհատ հրամաններ է տալիս, փոփոխություններ կատարում. «Ասացի՝ դու մարդ ես ընդունում, որը գործի չի գալիս, պահակը չի գալիս, կոմպյուտերները գողացան- տարան: Եղբայրը, քրոջ ամուսինը, տղան, խնամին, աղջիկը, հարսը, մի խոսքով՝ իր ցեղն աշխատում է դպրոցում: 25 հոգի մարդ ենք, կեսն իր ցեղն է, հարազատներն են ձեւակերպված՝ հնոցապաններ, պահակներ: Չկա մի ամիս, որ էդ տաբելում գրեմ նույն մարդկանց անունները, օրական հրամաններ է փոխում ու ասում, որ ինքն է իր դպրոցի օրենքը: Անցյալ տարի ԿԳ նախարարության կրթության տեսչությունը եկավ ստուգեց՝ 17 նկատողություն տվեց, այդ թվում՝ աղջիկն ուսանող էր, դասղեկ էր, դասղեկությունն էլ իր անունով չէր, հարսը ջոկատավար է՝ ֆիզարձակուրդում է, քրոջ վրա են փողը գրում, ինքն է ստանում… Իմիջիայլոց, աղջիկը եւ դաս է տալիս, եւ երբեմն բուֆետում սնունդ վաճառում: Էս ամենին վերջ պետք է լինի՞, թե՞ ոչ»:

Մեկնաբանությունների համար կապվեցինք նաեւ դպրոցի տնօրեն Արմենուհի Արմենակյանի հետ: Նա փոխանցեց, որ Անահիտ Նավասարդյանի հետ որեւէ խնդիր չունի, նաեւ հավելեց, թե նա մեկ շաբաթ բացակայել է, դրա համար էլ գործատուն ազատել է աշխատանքից: Տիկին Արմենակյանը հաստատեց, որ տնտեսվարին առաջարկել է աշխատանքից ազատվելու մասին դիմում գրել ու խոստացել՝ հետ ընդունել, սակայն վերջինս չի համաձայնել: Մեր հարցին՝ չէ՞ որ տնտեսվարը դիմումը տվել է, բայց ինքը չի վերցրել, տնօրենը պատասխանեց. «Ինքը դիմումն ինձ չի տվել, թողել է կաբինետում: Ես չէի գնալու անկյունները քրքրեի-նայեի, որ տեսնեի՝ որտե՞ղ է դիմում թողել»:
Այն հարցին՝ ինչո՞ւ են իր ընտանիքի անդամները եւ հարազատները աշխատում իր ղեկավարած դպրոցում, տիկին Արմենակյանը չցանկացավ անդրադառնալ, ընդամենն ասաց, որ դուստրն ու մյուս մերձավորներն իրենց մասնագիտությամբ են աշխատում, սիրով են գալիս աշխատանքի ու իրենց տեղում են: Շտապեց նաեւ հավելել, որ այդ մասին տեղյակ է կառավարման խորհրդի նախագահը, քաղաքապետարանը:

Այցելեցինք նաեւ կրթության պետական տեսչության kpt.am կայք, տեսնելու, թե մասնավորապես 26 դպրոցում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ինչ խախտումներ կամ թերություն էին հայտնաբերվել՝ անցյալ տարի: Պարզվեց, որ, օրինակ, տնօրենի հրամանով սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի պարտականությունները դրվել են թուրքագետի որակավորում ունեցող անձի վրա, ըստ տարիֆիկացիոն ցուցակի, դասավանդել է ֆրանսերեն: Այլ հրամաններով սոցիոլոգն ինֆորմատիկա է դասավանդել, տեխնիկ-պլանավիկը՝ կերպարվեստ, մի շարք մեթոդ միավորումներ չեն իրականացրել իրենց լիազորությունները, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալի պարտականությունները (0,5 դրույք) դրվել են համապատասխան մանկավարժական աշխատանքային ստաժ չունեցող անձի վրա եւ այլն:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031