Ապրիլին Երեւանում կկանգնեցվի 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի տարածքում եզդիների դեմ իրականացրած ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։ Այն իր տեսակի մեջ առաջինն է լինելու աշխարհում։
Երեւանի քաղաքապետարանի կայքում հրապարակվել է մարտի 18-ին կայանալիք ավագանու նիստի օրակարգը, որում ներառված 19 հարցից 6-ը վերաբերում են մայրաքաղաքում հուշարձաններ, դիմաքանդակներ տեղադրելուն եւ անվանակոչմանը։
Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կտեղադրվի Երեւանի Օղակաձեւ զբոսայգու 3-րդ հատվածում (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգի), ինչպես մեզ հետ զրույցում մանրամասնեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, հայ– ռուսական բարեկամությունը եւ ասորիների ցեղասպանությունը խորհրդանշող հուշարձաններից մոտ 15-20 մ հեռավորության վրա։
Նախաձեռնությունը «Միդիա- Շանգալե» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանինն է։ Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանն է, ով նաեւ հեղինակել է Լեոնիդ Ենգիբարյանի, Հովհաննես Շիրազի, Զորավար Անդրանիկի արձանները, Եռաբլուր համալիրը եւ այլն։ Հուշարձանի էսքիզը քննարկվել եւ հավանության է արժանացել Երեւանի քադաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի կողմից։
Ամո Շարոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ տարի առաջ ինքը նման խնդրանքով դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին, եւ վերջինս տվել է իր համաձայնությունը։ «1915-1923 թվականներին, ինչպես գիտեք, հայերի, հույների եւ ասորիների հետ նաեւ եզդի ժողովրդի անմեղ զավակներն են ցեղասպանությունների զոհ գնացել։ 200-300 հազար մարդու մասին է խոսքը»,- պատմեց Ամո Շարոյանը։ Ըստ նրա, հուշակոթողը նաեւ աղբյուր կունենա՝ ի հիշատակ Հյուսիսային Իրաքում եզդիների դեմ իրականացրած ցեղասպանության նահատակների։
«Միդիա-Շանգալ» ՀԿ-ի նախագահը հայտնեց նաեւ, որ հուշակոթողն արդեն պատրաստման փուլում է՝ մոտ մեկ ամսից պատրաստ կլինի, եւ ծրագրված է այն տեղադրել այս տարվա ապրիլի 21-ին։ Անգամ ժամն է հայտնի՝ ժամը 12-ին։ Ամո Շարոյանը նշեց, որ Հայաստանում եզդիները երեք սրբատեղի ունեն, իսկ հուշակոթողը կլինի չորրորդ կարեւոր կառույցը, որին եզդի ժողովուրդը կարող է այցելել հարգանքի տուրք մատուցելու։ Հուշարձանը մոտ 4 մետր բարձրություն կունենա։
Մարտի 18-ին Երեւանի ավագանին կքննարկի նաեւ Գայի պողոտայի եւ Ջրաշխարհի հարեւանությամբ տեղակայված նորակառույց այգում Արցախյան ազատամարտի տարիներին անհայտ կորածներին նվիրված հուշարձան տեղադրելու հարցը։ Նախաձեռնության հեղինակը Կարմիր խաշի միջազգային կոմիտեն է։ Հուշարձանի հեղինակներն են ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանը եւ ճարտարապետ Արտավազդ Թարխանյանը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված դիմում նշել է, որ անհայտ կորածներին նվիրված հուշարձան կառուցելով՝ իրականություն կդառնա Հայաստանում հարյուրավոր ընտանիքների մեծագույն ցանկությունը՝ ունենալ իրենց հարազատների հիշատակը հավերժացնող մի վայր։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում