Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտ 13,2015 10:32
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ երեսունիններորդ

ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվ առաջին իսկ բանաստեղծություններիս կապակցությամբ  Հովհաննեսի դրվատանքներն էնքան հիմնավոր ու վերջնական էին, որ ես մի գեղեցիկ օր, առանց Հովհաննեսին տեղյակ պահելու, բանաստեղծություններս  տարա «Գարունի» խմբագրություն, եւ բանաստեղծություններիս կապակցությամբ Մելքոնյան Հովհաննեսի դրվատանքներն էնքան հիմնավոր ու էնքան վերջնական էին, որ ես նախքան «Գարունում» տպագրվելս արդեն իմ մասին որոշակի կարծիք ունեի, ու նաեւ Հովհաննեսից փոխանցված բանաստեղծական  ինքնավստահությունս էր պատճառը, որ ես առանց Հովհաննեսին  տեղյակ պահելու ու առանց հասկանալու, որ Հովհաննեսը դրանից կնեղանա, վերցրի ու բանաստեղծություններս տարա «Գարուն», եւ ինչպես նախորդ հատորներիցս մեկում արդեն գրել եմ, «Գարունում» բանաստեղծություններս հավանեցին ու անմիջապես ընթացք տվին, եւ հիմնական հավանողները Միլիտոնյան Էդոն ու Տաթեւիկն էին, եւ չնայած Հովհաննեսին  տեղյակ չէի պահել, Հովհաննեսն իմացել ու իմ հաշվով խմբագրին՝ Անժիկ Հակոբյանին բարեխոսել էր, եւ իմ հաշվով նաեւ Գեւորգ Արշակյանն էր Անժիկ Հակոբյանին գովեստի խոսքեր ասել, եւ Արշակյանի միջնորդության մասին ոչ թե Արշակյանից իմացա, այլ՝ Տաթեւիկից, որն էդ պահին Անժիկ Հակոբյանի կաբինետում էր գտնվել եւ Արշակյանի՝ իմ հասցեին ուղղված գովեստները ծայրեծայր լսել էր, եւ Տաթեւիկն Անժիկ Հակոբյանից նաեւ իմացել էր, որ իմ հաշվով նաեւ Մելքոնյան Հովհաննեսն է բարեխոսել, եւ երբ հերթական անգամ մտա «Գարուն»՝ բանաստեղծություններիս ճակատագրով հետաքրքրվելու, Միլիտոնյան Էդոն ասաց, որ բանաստեղծություններս անձամբ խմբագիրն էլ է հավանել, եւ երբ հարցրի՝ «կտպվե՞ն», Էդոն պատասխանեց ու ասաց՝ «հարուր տոկոսով», եւ Տաթեւիկը, որ էդ պահին ներկա էր, թարս նայեց ինձ ու ասաց՝ «եթե դու քո գործերին չխանգարես, ուրիշ ոչ ոք չի խանգարի», եւ Էդոն ժպտալով ինձ ասաց՝ «արդեն նույնիսկ դու չես կարա խանգարես» եւ ժպտալով ավելացրեց՝ «բանաստեղծություններդ արդեն տպարանում են» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «արդեն մենակ Կենտկոմից կարան խանգարեն», եւ  երբ Էդոն սենյակից դուրս եկավ, Տաթեւիկը թարս նայեց ինձ ու ասաց՝ «ես քեզ չէի զգուշացրե՞լ, որ բանաստեղծություններիդ հարցով  դրսերից մարդիկ չխառնես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «զգուշացրել էիր» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ոչ մեկին չեմ խառնել», եւ Տաթեւիկը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ո՞նց չես խառնել», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ւմ եմ խառնել», եւ Տաթեւիկը պատասխանեց ու ասաց՝ «Գեւորգ Արշակյանին ու Հովհաննես Մելքոնյանին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ընդ որում՝ Հովհաննեսն արդեն երկրորդ անգամ ա խմբագրի մոտ քո համար բարեխոսում», եւ ես արդարանալով ասացի՝ «Արշակյանին ընդամենը ասել եմ, որ «Գարունին» բանաստեղծություններ եմ տվել, իսկ Հովհաննեսին ընդհանրապես ոչ մի բան չեմ ասել», եւ Տաթեւիկը զարմացած հարցրեց՝ «բա որտեղի՞ց ա իմացել, որ մեր մոտ բանաստեղծություններ ունես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կարող ա Արշակյանն ա իրան ասել», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բախտդ բերել ա, որ բանաստեղծություններդ արդեն տպարան են գնացել, թե չէ, շատ հնարավոր ա, էդ բարեխոսներդ գործիդ գլխին քար գցեին», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ պիտի քար գցեին» եւ մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իրանք էին ինձ համոզում, որ բանաստեղծություններս «Գարուն» բերեմ»  եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «մանավանդ Հովհաննեսն էր շատ ասում», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու հեգնանքով ասաց՝ «ուրախ եմ, որ էդքան հեղինակավոր ու էդքան սրտացավ շրջապատ ունես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իրոք սրտացավ են» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «Արշակյանն էկող տարվա հրատարակչական պլանում գիրքս պլանավորել ա», եւ Տաթեւիկը մի քիչ  մտածեց ու ասաց՝ «շնորհավորում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «գիրք տպելը շատ լավ ա, բայց «Գարունն» ամբողջ աշխարհն ա կարդում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էրկուսն էլ կարեւոր են», եւ ես մի քիչ մտածեցի ու արդարանալով ասացի՝ «ես իրանց չեմ խնդրել, որ Անժիկ Հակոբյանի մոտ իմ հաշվով բարեխոսեն» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «բայց չեմ էլ կարա արգելեմ, որ իմ համար բարեխոսեն», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընդամենը մի էջ բանաստեղծություն ես տպելու, բայց բոլորը մտածելու են, որ իրանք են քեզ օգնել», եւ ես զարմացած հարցրի՝ «մի ամբողջ էջ տպելո՞ւ եք», եւ Տաթեւիկը պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «լուսանկար պիտի բերես», եւ ես զարմացած հարցրի՝ «լուսանկարով ե՞ք տպելու», եւ Տաթեւիկը թարս նայեց ինձ ու ասաց՝ «վաղը լուսանկար կբերես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «եթե, իհարկե, ուզում ես լուսանկարով տպագրվես», եւ ես ժպտալով ասացի՝ «շա՜տ եմ ուզում», եւ Տաթեւիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե հարմար լուսանկար չունես, մեր լուսանկարչին կխնդրենք՝ կլուսանկարի», եւ ես ոգեւորված ասացի՝ «հազար տեսակ լուսանկար ունեմ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031