Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է գայթակղում լրատվություն սպառողին

Մարտ 13,2015 18:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի թեման քննարկում են հոգեբան Իրինա Ծատուրյանը եւ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը

Արամ Աբրահամյան.- Ամերիկյան մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկն ասում էր, թե ինչն է գայթակղում ամերիկյան կամ գուցե՝ ամբողջ աշխարհի լրատվամիջոցների սպառողներին: Դրանք երեք «ս»-երն են՝ սեքսը, սպորտը եւ սկանդալըը: Մեզ մոտ է՞լ է այդպես:

Իրինա Ծատուրյան.– Ինձ թվում է՝ հայաստանյան իրականության համար երկրորդը կարող ենք հանել, որովհետեւ մենք այնքան էլ սպորտային ազգ չենք, այնքան էլ հրապուրված չենք սպորտով, իսկ առաջինը եւ երրորդը՝ այո, մեզ էլ են հրապուրում:

Ա. Ա.- Այսինքն՝ եթե ես ուզում եմ շատ «քլիքներ» հավաքել կամ տպաքանակը բարձրացնել, ապա ես պետք է ավելի շատ այդ թեմաներո՞վ նյութեր հրապարակեմ:

Ի. Ծ.- Դուք, ինձ թվում է՝ ոչ, իսկ մնացածները, ովքեր ուզում են շատ արագ հավաքել այդ քլիքները, իրենք՝ երեւի թե, այո, այդպես պետք է վարվեն: Սկանդալային բաները ավելի շատ պետք է լինեն, քանի որ դրանք ավելի մեծ հետաքրքրությամբ են նայում, քան, ասենք, եթե որեւէ մեկը փորձի Տերյանի կամ մեկ այլ բանաստեղծի գործերը հրապարակել:

Ա. Ա.– Դա համաշխարհայի՞ն, թե՞ հայկական օրինաչափություն է:

Ի. Ծ.- Հաստատ չեմ կարող ասել, որովհետեւ հատուկ չեմ հետազոտել այդ երեւույթը, բայց մի միտում կա ողջ աշխարհում՝ ոգեղենությունը եւ կարդացվածությունը, դրանց մակարդակը եւ պահանջարկը այս տասնյակ տարիների ընթացքում իջել եւ իջնում են: Սկանդալային բնույթի լուրերը ավելի հեշտ է ընկալել եւ մարսել, ինտելեկտի եւ պատրաստվածության կարիք չկա:

Ա. Ա.– Սամվել, Իրինան հայ հասարակության համար Մերդոկի ասած երեք «ս»-երի միջից հանեց սպորտը, մյուս երկուսը իսկապե՞ս այդքան կարեւորվում են մեզ համար:
Սամվել Մարտիրոսյան- Դե, բնականաբար, մենք այնքան էլ չենք տարբերվում մնացած աշխարհից, թեեւ մեզ թվում է, թե տարբերվում ենք: Սպորտը մեզ մոտ իսկապես այնքան էլ զարգացած չի, որ հետեւենք, ասենք, տեղական ֆուտբոլի խաղերին: ԱՄՆ-ում սպորտի հանդեպ հետաքրքրությունը անհամեմատ մեծ է, իրենք ունեն խաղեր, որոնց ժամանակ ողջ տարվա գովազդի 40%-ն է դրվում:

Ա. Ա.– Մնացին սեքսն ու սկանդալը:

Ս. Մ.– Այդ առումով չենք տարբերվում աշխարհի մյուս երկրներից: Ընդհանրապես, ինտերնետ-թրաֆիկի մեջ պոռնո-թրաֆիկը «ամենաչալաղաջ» մասն է կազմում:

Ա. Ա.– Երբ ես տեսնում եմ, որ հոդվածի վերնագրում գրված է «սկանդալ» կամ «սենսացիա»՝ ես այդ հոդվածը չեմ բացում, որովհետեւ ի սկզբանե գիտեմ, որ սուտ է:

Ի. Ծ.- Իհարկե, այդպես է: Դրանք ուղղակի գայթակղելու, քլիքներ բերելու համար են գրվում: Բայց այդ մասին գիտեն փորձվածները, իսկ ինտերնետում «նորեկները» չգիտեն, որ այդ բառերը գրավելու եւ գովազդատուներին «քլիքների» քանակով խաբելու համար են:

Ս. Մ.- Այդ բառերը ոչ միայն կոնկրետ հոդվածի, այլեւ այդ հոդվածները հրապարակող ԶԼՄ-ների որակի մասին են խոսում: Ես չեմ կարդում ոչ միայն այն հոդվածները, որոնց վերնագրերը սկսվում են «սկանդալ», «սենսացիա» բառերով, կողքն էլ գրված «18+» կամ «21+», այլեւ այդ վերնագրերով շատ հոդվածներ տպող կայքերը ընդհանրապես: Ասեմ, որ Ֆեյսբուքն էլ է արդեն սկսել պատժել նման կայքերին: Քանի որ այդ նյութերը հիմնականում Ֆեյսբուքով են տարածվում, Ֆեյսբուքն ինքը ֆիքսում է, որ վերնագիրը կարդացիք, քլիք տվեցիք, տեսաք՝ ձեզ խաբել են, արագ դուրս եկաք, որեւէ ռեակցիա այդ հոդվածին չտվեցիք: Եթե շատ են լինում նման դեպքերը՝ Ֆեյսբուքը սկսում է այդ ԶԼՄ-ն քիչ ցույց տալ:

Ա. Ա.- Իսկ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է մեր ժողովուրդն այդքան սիրում վթարների, մահվան դեպքերի մասին լուրեր կարդալ: Ուրախանո՞ւմ են, որ այդ դեպքն իրենց հետ չի պատահել:

Ի. Ծ.– Իհարկե, դա էլ կա, այդ պահը կա: Բայց մյուս կողմից՝ դա նաեւ «տեսարան» է՝ ճմռթված, ջախջախված ավտոմեքենա, արյուն եւ այլն… Ուղղակի կուզեի, որ նայողներից յուրաքանչյուրը հասկանա, որ եթե ինքն էլ այդպես պահի իրեն՝ խմած նստի ղեկին, սխալ լույսի տակ անցնի եւ այլն, այդ դեպքը կարող է իր հետ էլ պատահել: Իսկ ընդհանրապես՝ մեր կյանքը ընտրությո՞ւն է, թե՞ ճակատագիր:

Ա. Ա.– Իհարկե՝ ընտրություն:

Ի. Ծ.- Անշուշտ, ընտրություն է, բայց շատ կտեսնեք դեպքեր, որ մարդիկ գնում են հուղարկավորության եւ ասում են՝ ախր, էսպես չպիտի լիներ, էս ինչ ճակատագիր է: Բայց ոչ ոք չի ասում՝ խմած վիճակում մեքենան քշեց, դրա համար այդպես եղավ: Կարծում եմ, որ այդ կարգի հոդվածներ կարդալով մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ճակատագիրը իրենց ընտրությունն է, ոչ թե ինչ-որ վերացական բան:

Քննարկումն`  ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031