«Նման որեւէ խնդիր չկա, ամեն ինչ արդեն կարգավորված է, եւ երեկ ես անձամբ եմ վերցրել կուսակցության բոլոր փաստաթղթերը: Ուստի կրկին անգամ խորհուրդ եմ տալիս` այս կամ այն մարդու ոչ ճիշտ վարքագիծը չկապել Ծառուկյանի անվան հետ: Իսկ թե օրեր առաջ ով ում չի թողել մտնել կուսակցության նախկին շենք՝ այդ թեման այլեւս փակված է: Ծառուկյանը, բնականաբար, դրանից տեղյակ չի եղել, եւ ես խորհուրդ եմ տալիս իմ բոլոր գործընկերներին` յուրաքանչյուրին զբաղվել իր գործով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով մամուլում այս օրերին շրջանառվող լուրերին, որ ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանին թույլ չեն տվել մտնել ԲՀԿ այլեւս նախկին գրասենյակ եւ վերցնել կուսակցությանը պատկանող փաստաթղթերը: Համաձայն այդ լուրերի՝ դա արվել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի ներքին «հրահանգով»:
«Թշնամանքը ոչ մի լավ բանի չի բերելու: Բոլորիս համար էլ պարզ է, որ կուսակցության համար իրապես դժվար ժամանակներ են, բայց մենք պիտի կարողանանք միասնաբար հաղթահարել ցանկացած դժվարություն: Ես նաեւ հասկանում եմ, որ նման միջադեպերը մամուլի համար հետաքրքիր նյութ են, սակայն թե ես, թե իմ գործընկերները երբեւէ չենք ներքաշվելու անձնական կամ նման մակարդակի լուրերը մեկնաբանելու մեջ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
«Առավոտ» օրաթերթ
12.03.2015