Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեկնե՞լ Ռիգա, թե՞ ոչ

Մարտ 13,2015 17:00

Խոսելով մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Եվրամիության Արեւելյան գործընկերության հերթական գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության մասին՝ եվրոպացի տարբեր չինովնիկներ ակնկալիքներ հայտնեցին, որ ՀՀ նախագահը կմասնակցի այդ գագաթնաժողովին: Համենայնդեպս, Հայաստանի նախագահի մասնակցությունը կընկալվի դիրքորոշում` Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Պաշտոնական Երեւանը դեռ չի շտապում այդ գագաթնաժողովին նախագահի մասնակցության մասին հայտարարություններ անել: «Առավոտի» հետ զրույցում, պատասխանելով հարցին` ճի՞շտ է նախագահի մասնակցությունն այդ միջոցառմանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասաց, որ դա նախագահի վճռելիքն է, քանի որ երկրի արտաքին քաղաքականություն վճռողն ու կրողը նախագահն է: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Ռիգայի գագաթնաժողովին կլինի մեկ պարագայում` եթե ՀՀ-ն որոշի ԵՄ-ի հետ շարունակական խորացնել իր հարաբերությունները: Եվ քանի որ պաշտոնական Երեւանը քանիցս է հայտարարել իր նման պատրաստակամության մասին, ապա Ռիգայում ՀՀ նախագահի մասնակցությունը կլինի Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու դեպքում:

«Պետք է ըմբռնումով մոտենանք, որ Հայաստանը կմիանա քաղաքական մասին՝ բաց թողնելով տնտեսական մասը, քանի որ այն անհամատեղելի է՝ հաշվի առնելով, որ Հայաստանն այլ տնտեսական համակարգում է գտնվում եւ չի կարող ստորագրել ազատ եւ համապարփակ համաձայնագիրը: Իհարկե, սա Հայաստանի կառավարության եւ ժողովրդի որոշումն է, ինչ որոշում էլ կայացնի, մենք ողջունելու ենք եւ աջակցելու ենք այն»,- երեկ հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին: Հնարավո՞ր է, որ Ռիգայում արդեն ստորագրվի ԵՄ-Հայաստան համագործակցության քաղաքական համաձայնագիր, մեր հարցին ի պատասխան էլ իշխանական պատգամավորն ասաց, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրմանը Հայաստանը դեմ չէր դեռ անցյալ` Վիլնյուսի գագաթնաժողովին, որտեղ մեր երկիրը հրաժարվեց ԵՄ Ասոցացման եւ խորը ու ազատ համապարփակ առեւտրի համաձայնագրերի ստորագրումից: «Ուղղակի այն ժամանակ Եվրոպան մի փոքր ագրեսիվ դիրքորոշում որդեգրեց` առաջ քաշելով կամ-կամ-ի ձեւաչափը»,- ասաց Շիրակ Թորոսյանը` հավելելով, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր փուլն ի վերջո կբերի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման:

Վիլնյուսի գագաթնաժողովից հետո եւ հայաստանյան, եւ եվրոպացի չինովնիկները հայտարարում են նոր փաստաթղթերի շուրջ պարբերական բանակցությունների մասին: Մեր զրուցակիցն ի պաշտոնե տեղյակ չէ, թե հատկապես ինչ կետերի շուրջ են բանակցություններ ընթանում: Միայն ենթադրում է, որ նախկինում ձեռք բերված բանակցությունների վերանայում է ընթանում:

«Առավոտ» օրաթերթ
12.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Հերթական սուտը` Եվրոպայի առաջ քաշած «կամ-կամ-ի ձեւաչափի» թեմայով:
    Իսկապես, հնարավոր չէր միաժամանակ ստորագրել ԵՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագիրը և միանալ ռուսական մաքսային միությանը` առաջինի դեպքում մաքսատուրքերը պիտի պակասեին, երկրորդի դեպքում` ավելանային: Բայց ամենակարևորը` ԵՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագրով չէր արգելվելու երկկողմանի ազատ առևտրի ռեժիմ ունենալ նաև երրորդ կողմ հանդիսացող երկրների` այդ թվում ձեր սիրելի Ռուսաստանի հետ: Իսկ այժմ բացի ձեր եվրասիական «դաշնակիցներից» ոչ մի այլ երկրի հետ հնարավոր չէ ազատ առևտրի ռեժիմ ունենալ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031