Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ի «ալթընն» ու ԵՏՄ-ում Հայաստանի չհնչող «ձայնը»

Մարտ 13,2015 16:30

Աստանայում պետք է մեկնարկեր Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների գագաթնաժողովը: Ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության` կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների միջեւ առեւտրատնտեսական զարգացման հեռանկարները եւ եվրասիական ինտեգրման գործընթացները՝ հաշվի առնելով ժամանակակից միտումների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, ինչպես նաեւ փոխադարձ առեւտուրն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Մարտի 11-ին, սակայն, հայտնի դարձավ, որ եռակողմ հանդիպումը հետաձգվել է: Այս տեղեկատվությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իսկապես, երեք պետությունների առաջնորդները որոշել են մի քանի օրով հետաձգել Աստանայում նախատեսված հանդիպման օրը»,- ասել է նա:

Երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ստորագրել 2014թ. դեկտեմբերի 23-ին կնքված՝ ԵՏՄ պայմանագրին Ղրղըզստանի միանալու մասին համաձայնագրի արձանագրությունները: Օրերս Պուտինը հանդես է եկել մեկ այլ ուշագրավ հանձնարարականով. ՌԴ ֆինանսների նախարարությանն ու կառավարությանը հանձնարարված է մինչեւ սեպտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ համատեղ մշակել ԵՏՄ միասնական արժութային եւ ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները՝ հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարության եւ հնարավորության մշակմամբ։

Եվրասիական նման «հեռանկարների» մասին փորձագետները պարբերաբար զգուշացնում էին: Դեռ անցյալ տարի ռուսաստանյան «Մոսկովսկի կոմսոմոլեցը» հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովում իր աղբյուրին՝ հայտնել էր, թե ԵՏՄ-ն ունենալու է իր միասնական արժույթը, եւ այն կոչվելու է «ալթըն»՝ ընդգծելով, որ միասնական արժույթի եւ նրա անվան հարցը ոչ պաշտոնապես արդեն իսկ հավանության է արժանացել Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների կողմից: Աղբյուրը նույնիսկ նշել էր, որ նախատեսվում է ստեղծել Եվրասիական կենտրոնական բանկ՝ վերազգային լիազորություններով:

ՌԴ-ն իր ազդեցությունն ու նախկին Խորհրդային Միության երկրների հետ «միասնական» լինելը այսօր առավել քան երբեւէ ցուցադրելու նպատակ ունի: Եվ ոչ միայն ցուցադրելու: Պուտինը հետեւողականորեն առաջ է շարժվում` վերականգնելով իր ազդեցությունը Արեւելյան Եվրոպայից մինչեւ Կովկաս ու Կենտրոնական Ասիա: Այս ամենն ուղեկցվում է ընդդեմ Արեւմուտքի դեմարշներով: Օրինակ` օրերս ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրից եւ դադարեցրել է մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի Համատեղ կոնսուլտատիվ խմբի նիստերին:

ԵՏՄ-ում միասնական արժութային եւ ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունների ու արժութային միության ստեղծման հնարավորության գաղափարների ուսումնասիրությունները առայժմ տնտեսական առումով չկայացած միության պայմաններում, իսկապես, անիրագործելի են: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ հակազդեցություն կառաջացնի Պուտինի այդ մտադրությունը Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների մոտ, որոնք որեւէ առիթ բաց չեն թողնում հակադրվելու ՌԴ նախագահին եւ սեփական երկրների շահերն են պաշտպանում:

Texti-nersi-photo_0888

Աստանայի եռակողմ հանդիպմանը Հայաստանի չմասնակցության թեման մի քանի օր է՝ քննարկվում է: Պաշտոնական Երեւանը հանդես եկավ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի պարզաբանմամբ, որի խոսքով՝ հայկական կողմը չի մասնակցի Եվրասիական տնտեսական միության երեք հիմնադիր անդամների՝ Աստանայում կայանալիք հանդիպմանը, քանի որ որեւէ տարաձայնություն չունի այդ երկրների հետ։ «Այդ երեք պետությունները փոխադարձ խնդիրներ ունեն, որը չեն թաքցնում, եւ իրենք փորձում են այդ՝ իրենց միջեւ եղած տարաձայնությունները հարթել: Մենք տարաձայնություն չունենք, մենք նոր ենք ԵՏՄ անդամ, մենք խնդիրներ չունենք այդ պետություններից որեւէ մեկի հետ՝ կապված Եվրասիական տնտեսական միության հետ կամ այլ»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Շ. Քոչարյանը:

Նույն տրամաբանությամբ` ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակներում հանդիպումներին Հայաստանը կարող է չմասնակցել` հայտարարելով, թե անդամ երկրների հետ տարաձայնություններ չունի: Ընդ որում, պաշտոնական Երեւանի պարզաբանումը հակասական է, քանի որ մի կողմից՝ արձանագրվում է, որ ԵՏՄ հիմնադիր անդամները տարաձայնություններ ունեն, բայց մյուս կողմից՝ նշվում է, թե Հայաստանը տարաձայնություններ չունի այդ երեք` իրար հետ «հակամարտող» երկրների հետ: Ի սկզբանե էլ պարզ էր, որ Հայաստանը որոշում կայացնող չի լինելու այս կառույցում, սակայն ինչպե՞ս կարող է որեւէ վճռորոշ գագաթնաժողով, որտեղ լուրջ խնդիրներ են քննարկվելու ու, հավանաբար, որոշումներ ընդունվելու` Հայաստանին չառնչվի: Թե՞ այդ խնդիրները, որոշումները Հայաստանի ապագային չեն վերաբերելու:

Մյուս կողմից, սակայն, դրական փաստ է, որ արձանագրվում է այն հանգամանքը, որ Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարցեր չեն քննարկվելու Աստանայում: Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին առհասարակ՝ առանց ընդհանուր սահմանների, անհասկանալի էր, եւ միաժամանակ ակնհայտ, որ քաղաքական որոշման արդյունք է: Հետեւաբար Հայաստանի` ԵՏՄ-ի հավաքներին մասնակցությունը նույնպես, ինչպես երեւում է, կրելու է բացառապես քաղաքական բնույթ, այլ ոչ թե տնտեսական: Երբ անհրաժեշտ լինի Հայաստանի «ձայնը», այն ժամանակ Հայաստանը կմասնակցի ԵՏՄ-ի ֆորմատով հանդիպումներին:

Բացի այդ, ԵՏՄ շրջանակներում անցկացված մի քանի հայտնի հանդիպումներ առանձնացել են Հայաստանին հակասող եւ ադրբեջանամետ հայտարարություններով: Հիշենք Նազարբաեւի հայտնի հայտարարությունը` Իլհամ Ալիեւի նամակի մասին: Իմիջիայլոց, այս միտումը պահպանվում է: Օրերս Մինսկում անցկացվում էր Բելառուս-Ադրբեջան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովին` այս հանձնաժողովի նիստից առաջ, եւ ըստ բելառուսական «Բելտա» լրատվական գործակալության՝ Լուկաշենկոն հայտարարել է, թե այսօր Բելառուսը պատրաստ է Ադրբեջանի հետ համագործակցել բոլոր ուղղություններով: «Մենք վստահում ենք ձեզ, ձեր երկրին, ղեկավարությանը եւ պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել բոլոր ուղղություններով։ Փակ թեմաներ չկան բացարձակապես»,- ասել է նա։ Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բելառուսն ու Ադրբեջանը մշտապես հաջողությամբ լուծել են ծագած բոլոր խնդիրները, եւ հայտնել է, որ նախորդ տարի աճել է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը. «Մեզ համար շատ շահավետ է Ադրբեջանի հետ առեւտուր անելը: Մենք պատրաստ ենք արտադրություն հիմնել այնտեղ, պատրաստ ենք ձեր ներդրումներն ընդունել այստեղ, երաշխիքներն այստեղ բացարձակ են»: Լուկաշենկոն գոհունակությամբ նկատել է, որ մի շարք ուղղություններով արտադրության տեղայնացումն արդեն իսկ հասել է մոտ կեսին. «40 տոկոսն արդեն կա, դա շատ լավ տեմպ է: Նշանակում է՝ դուք ստանում եք տեխնոլոգիաներ, ինչպես որ մենք ենք խոստացել ձեզ, ինչպես որ ես եմ խոստացել Իլհամ Ալիեւին, եւ ձեր տարածքում ստեղծվում է նորմալ արտադրություն»: Բելառուսի նախագահը ընդգծել է նաեւ, որ երրորդ քայլը լինելու է համատեղ արտադրանքով երրորդ երկրներ, Կովկասի տարածաշրջան դուրս գալը, եւ աջակցության համար շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին. «Դուք մշտապես ընդառաջ եք գնացել մեզ, մշտապես աջակցել եք մեզ, մենք էլ նույն կերպ կվերաբերվենք մեր ադրբեջանցի եղբայրներին»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031