ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը վստահեցնում է,
որ ՀՀ ոստիկանապետի խոստումը միայն այդ գիշերվա համար էր
Ավետիսյանների դաժան սպանությունից հետո Գյումրիում բողոքի ինքնաբուխ ցույցերի դուրս եկած առնվազն 10 քաղաքացիների նկատմամբ հասարակական կարգը խախտելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով քրեական գործերի հարուցումը մեծ զայրույթով է ընդունվել այս քաղաքի բնակչության կողմից: Հատկապես, որ այդ մեղադրյալների մեջ կան նաեւ անչափահաս երիտասարդներ: ՌԴ իշխանությունների՝ Ավետիսյանների սպանդի մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին ամեն կերպ հայաստանյան արդարադատությունից փախցնելու, անմեղսունակ դարձնելու փորձերի ֆոնին գյումրեցիների մեծ մասի համար առնվազն տարօրինակ է մեր իրավապահների պահվածքն ու նման գործերի հարուցումը: «Իրենք իրենց հանցագործ, գազան մարդասպանին ատամներով պահում են, մեր իրավապահների ուժն էլ, ռուսների վրա չպատելով, մեր թասիբով տղեքի մե՞ջ են հանցագործներ փնտրում, հա՞»,- մեզ հետ զրույցում դժգոհում էին շարքային գյումրեցիներից շատերը՝ հատկապես Ավետիսյանների հարազատները:
«Առավոտը» ցույցերի ժամանակ մեծ դերակատարություն ունեցած, ռուսական հյուպատոսարանի շենքի մոտ ցուցարար-ոստիկան բախումները կանխած ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ մի՞թե ցույցերի ժամանակ Շիրակի մարզի դատախազության շենքում նրան ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին չէի՞ն խոստացել, որ ոչ մեկին բերման չեն ենթարկի ու քրեական գործեր չեն հարուցի, միայն թե բողոքավորները ցույցերին վերջ դնեն ու հեռանան: Ինչո՞ւ դրժեցին իրենց տված «տղամարդու» խոստումը, եւ ինչո՞վ կարող են ավարտվել այս քրեական գործերը, երբ ամբաստանյալների մեծ մասը տուն պահող երիտասարդներ են, որոնք բողոքի ակցիային մասնակցելը ազգային արժանապատվության խնդիր են համարում:
«Ինչ խոստում ինձ տրվել է, կոնկրետ ոստիկանապետի հետ կապված եմ ասում, տղամարդավարի իրականացրել է: Սակայն խոսքը եղել է այդ գիշեր կալանավորվածների մասին: Երբ ասացին, որ մարդիկ կան ձերբակալված եւ գտնվում են ոստիկանությունում: Ես մինչեւ գիշերը ժամը 5.30-ը եղել եմ մարզային ոստիկանությունում, տեղում բոլոր կալանավորված անձինք բաց են թողնվել: Իսկ ինչ մնում է քրեական գործեր հարուցելուն, գիտեք ինչ կա, ոստիկանին իր ծառայողական աշխատանքը կատարելու ժամանակ վիրավորում են, խփում են կամ ինչ-որ բաներ են անում, ես չեմ պատկերացնում… Եթե դուք՝ որպես լրագրող, դուրս գաք ոստիկանին իր ծառայողական պարտականությունը կատարելու ժամանակ խփեք կամ քաշեք, ես կասկածում եմ, որ ձեր վրա գործ չի հարուցվի, բնական է, որ գործեր պիտի հարուցվեին»,- ասաց պատգամավորը: Սակայն մեզ հետ զրույցում նա միաժամանակ ակնարկեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ու քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին, որ հարուցված գործերը արժե ավարտել տույժ-տուգանքներով, չլրջացնել, այլապես դրանք բողոքի նոր ալիք ու նոր տրամադրություններ կծնեն 7 հոգու սպանության բացահայտումը պահանջող ու դեռ պատասխան չստացած մարզում:
«Դուք տեսաք, որ ես Մնացական Ալեքսանյանի պարագայում (խոսքը Գյումրիի ցույցերին մասնակցած, մեկ օրով կալանավորված սառնաղբյուրցի երիտասարդի մասին է-Ն. Ա.) հանդես եկա հայտարարությամբ, որ բաց թողնեն նրան: Այս պահի դրությամբ, իմ կարծիքով, մեր խնդիրը պետք է լինի թույլ չտալ, որ մարդկանց կալանավորեն, տանեն մեկուսարան, բայց որ քրեական գործեր պետք է հարուցվեն, տույժ ու տուգանքներ պետք է նշանակվեն կամ վճիռներ կայացվեն… Ես ինքս իրավաբան չեմ, բայց կարծում եմ, որ ոստիկանին ծանր մարմնական վնասվածք հասցնելուց հետո քրեական գործ չհարուցվի, չգիտեմ՝ ինչքանով ճիշտ կլինի… Բայց որ ինձ տրված խոստումը տրվեց ու արվեց՝ փաստ է, մարդկանց տեղում բաց են թողել: Նորից եմ կրկնում՝ խոստումը էդ պահի համար էր»,- ասաց Մարտուն Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Նկատենք, որ մեզ հետ զրույցում գյումրեցիները պահանջում էին անհապաղ կարճել այդ քրեական գործերը, քանի որ, ըստ նրանց, քննչական կոմիտեն ու գլխավոր դատախազությունը այդ նույն խստապահանջությունն ու հետեւողականությունը չեն ցուցաբերում իրական հանցագործին կամ հանցագործներին բացահայտելու, կասկածյալ Պերմյակովի նկատմամբ էլ լիարժեք քննչական գործողություններ իրականացնելու հարցում: Գյումրու փողոցներում հաճախակի կարելի է լսել՝ «Էդ Պերմյակովի գործից հեչ նորություն չեղավ, չէ՞» արտահայտությունը:
Գյումրեցիների խոսքերով՝ զարմացած ու հիասթափված են հայ իրավապահների անկարողությունից ու ՀՀ իշխանությունների «ծայրահեղ անտարբերությունից»:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.03.2015
“Առավոտը” պաշպանում է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած անձաց ու հակառակ դեպքում, փորձում շանտաժ անել “Գյումիրում բողոքի նոր ալիքի բարձրացմամբ”: