Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ
Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից «Առավոտը» երեկ տեղեկացավ, որ քաղաքացի Արթուր Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելը) հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ ընդունվել վարույթ:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Երեւանի քաղաքապետարանի որոշումներով քաղաքացի Արթուր Կ.-ին պատկանող ՍՊ ընկերությանը տրամադրվել է 90 հազ. քառակուսի մետր հողատարածք՝ բնակելի թաղամաս կառուցելու նպատակով:
Արթուր Կ.-ն, թաղամաս կառուցելու փոխարեն, ընկերությանը տրամադրված հողատարածքը մաս-մաս վաճառելու, դրա արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու եւ այդ կերպ գերշահույթ ստանալու մեկ միասնական դիտավորությամբ հողատարածքը բաժանել է առանձին հողակտորների: Նա, իր ՍՊ ընկերությունից բացի, հիմնել է մեկ այլ ՍՊ ընկերություն եւ այդ ընկերությանն է փոխանցել վերը նշված հողակտորներից 11 հազ. քառակուսի մետր մակերեսով հողակտորը, որն էլ 5 միլիոն 500 հազ. ԱՄՆ դոլար գումարով վաճառել է քաղաքացի Արմեն Կ.-ին:
«Առավոտը» տեղեկացավ նաեւ, որ Արթուր Կ.-ն, հանդիսանալով ՍՊ ընկերության տնօրենը եւ 100% բաժնեմասի տերը, Մելիք Հ.-ի հետ կնքել է ընկերության ամբողջ բաժնեմասի առուվաճառքի ձեւական պայմանագիր ու 11 հազ. քառակուսի մետր հողակտորը 241.300 ՀՀ դրամ գումարով Մելիք Հ.-ին վաճառելու պատրվակով քողարկել է առանց օրենքով սահմանված կարգով փաստաթղթավորված 5 մլն 500 հազ. ԱՄՆ դոլար գումարով հողակտորը Արմեն Կ.-ին վաճառելու փաստը:
Կարդացեք նաև
Փաստորեն, ըստ նախաքննությունն իրականացնող մարմնի, Արթուր Կ.-ն չարամտորեն խուսափել է նշված հողակտորի վաճառքից պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 560 միլիոն ՀՀ դրամի հարկերը վճարելուց:
Շարունակելով իր գործունեությունը՝ Արթուր Կ.-ն իր ընկերությանը պատկանող ընդհանուր 2 հազ. քառակուսի մետր հողակտորը 500 հազար ԱՄՆ դոլար գումարով վաճառել է Սուրիկ Խ.-ին, կնքել է անշարժ գույքի ձեւական բնույթ կրող առուվաճառքի պայմանագրեր, համաձայն որոնց՝ ընդհանուր 2 հազ. քառակուսի մետր հողամասը վաճառել է 39 մլն 600 հազ. ՀՀ դրամ գումարով, այդպիսով, չարամտորեն խուսափելով պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերի՝ 37 մլն 425 հազ. ՀՀ դրամ հարկերը վճարելուց:
Մեր տեղեկություններով՝ Արթուր Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում էր, երբ Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը հաղորդագրություն տարածեց վերոհիշյալ դեպքի հետ չկապված նոր քրեական գործի հարուցման մասին:
Մասնավորապես, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ խոշոր չափերով կաշառք ստանալը, հարուցվել է քրեական գործ:
Հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ՝ ըստ դատախազի զեկուցագրի նյութերի՝ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը տարածքային տեսչությունում առեւտրատնտեսական գործունեություն իրականացնող Եղիշե Ս.-ի օգտին, իր լիազորություններն օգտագործելով, վերջինիս կողմից հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելուց ձեռնպահ մնալու համար նրանից պահանջել եւ ստացել է խոշոր չափի՝ 1 մլն ՀՀ դրամ կաշառք:
Տեղեկացնենք, որ հարուցված երկու քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.03.2015