Շվեդիայի հայ համայնքը կազմավորվել է 1970-ական թվականներին` հիմնականում ի հաշիվ Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից գաղթած հայերի: Վերջին տարիներին համայնքը շարունակում է համալրվել ինչպես Հայաստանից, այնպես էլ Սիրիայից Շվեդիա մեկնած հայերով: Ըստ որոշ տվյալների, ավելի քանի 4000 հայ բնակվում է Ստոկհոլմում եւ Ուփսալայում, 1000-ից ավելի հայեր էլ` Վեսթերոս, Սոդերթելիե, Գոթեբորգ, Սանդվիքեն, Մալմյո եւ Օրեբրո քաղաքներում:
«Առավոտի» հետ զրույցում Օրեբրո քաղաքի «Արարատ» հայկական միության ղեկավարներ եւ ամուսիններ Համբարձում Արթինն ու Ալիս Դանիելը նշեցին, որ իրենց համայնքը փոքրաթիվ է, բայց ակտիվ: Այս քաղաքում ընդամենը 200-250 հայ է ապրում, եւ Համբարձում Արթինի խոսքերով՝ 50-60 ընտանիք է ապրում, ու «Արարատ» միության մեջ 150 մարդ է ներգրաված: Պարոն Համբարձումը նշեց, որ Օրեբրո քաղաքի հայ ընտանիքի երեխաներն ամեն կիրակի հավաքվում են ու հայոց լեզվի, հայոց պատմության, եկեղեցու պատմության դասեր առնելու, ուրբաթ օրերն էլ մեծահասակներին հայկական երգ ու պար են սովորեցնում: Պարուսույց Աշոտ Ալեքսանյանը Հայաստանից է: Դպրոցահասակ երեխաները, մեր զրուցակիցների ասելով՝ 6-12 տարեկան են: «Շատ երեխաներ չունինք, որ ամեն տարվա մասնավոր կուրս ստեղծենք»,- հավելեց պարոն Համբարձումը:
Հետաքրքրվեցինք՝ ինչ դասագրքերով են լեզու սովորեցնում երեխաներին: Ամուսինները պատմեցին, որ ուսուցչուհին որոշ նյութեր համացանցից է վերցնում, որոշ դասագրքեր էլ համայնքի անդամների մոտ է: «Մենք կմտածենք մասնավոր գիրքեր Հայաստանեն ապսպրենք»,- նշեց պարոն Համբարձումը, նաեւ հավելեց, որ խոսվածքների խնդիր կա՝ երեխաներից շատերը Սիրիայից են եկել, եւ նրանց խոսվածքը Հայաստանի խոսվածքից տարբերվում է, հետեւաբար ամեն դասագիրք չէ, որ կարող է հանրամատչելի լինել երեխաների համար: Տեղեկացանք, որ Օրեբրոյի հայկական համայնքը, չնայած փոքրաթիվ լինելուն, բավականին համախմբված է, հայկական եւ եկեղեցական բոլոր տոներին հավաքվում են, նաեւ հատուկ պատրաստվում են ապրիլի 24-ի համար: Այս տարի եւս երկու ավտոբուս են վարձելու՝ ապրիլի 24-ին Ստոկհոլմ մեկնելու համար: Պարզեցինք, որ նախկինում հայկական եկեղեցի չկար, եւ շվեդական եկեղեցու տարածքն էին վարձակալում հայկական պատարագների համար, այժմ այդ հարցն էլ է լուծված:
Համբարձում Արթինը շատ է ցանկանում, որ Շվեդիայում ապրող հայազգի երեխաները չմոռանան իրենց լեզուն ու ավանդույթները, եւ այդ հարցում ստանան նաեւ Հայաստանի աջակցությունը: Ինքը 1998 թվականից է հաստատվել Շվեդիայում՝ իրաքահայ է, ասում է՝ հայերենն էլ ինքնուրույն է սովորել: 2003-ին համախոհներով վերակազմակերպել են «Արարատ» միությունը, սկզբում մտածում էին այդ հայկական կառույցը «Նաիրի» անվանել, սակայն «Արարատ» տարբերակի վրա են ի վերջո կանգ առել:
Ինչ վերաբերում է երիտասարդներին, նրանք ավելի քիչ են կապված «Արարատ» միության հետ, որովհետեւ վերջինիս դահլիճը փոքր է, իսկ երիտասարդներին զբաղեցնել է պետք, նաեւ՝ ժամանց:
Կարդացեք նաև
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` Համբարձում Արթինն ու իր տիկինը:
«Առավոտ» օրաթերթ
12.03.2015