Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյան. «Եթե իմանայի, որ Բաքվում արդար պայմաններ են լինելու, առաջինը ինքս կգնայի»

Մարտ 13,2015 13:00

Այսօր թիվ 67 հիմնական դպրոցի աշակերտների հետ հանդիպումից հետո օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը շփվեց նաեւ լրատվամիջոցների հետ:

«Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Բաքվի Եվրոպական խաղերին անպայման մասնակցելու ՀԱՕԿ-ի գործկոմի որոշմանը, Արսենը պատասխանեց. «Որոշումը կայացվել է հավաքականների մասնակցության առումով, բայց թե ո՞ր մարզիկներն են մեկնելու, դա առաջին հերթին հենց մարզիկները պետք է որոշեն: Չեմ կարծում, թե մարզիկին ստիպողաբար ուղարկելը կարող է մարզական դրական արդյունքի բերել: Եթե մարզիկին հարկադրաբար ուղարկեցիր, արդյունքը հաստատ դրական չի լինի: Ես կարող եմ խոսել միայն մեր հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անունից: Երկու օր հավաքականի գլխավոր մարզիչը հավաքականի բոլոր անդամների, անգամ 3-4-րդ համարների շրջանում իրական հարցում է անցկացրել եւ ոչ մի մարզիկ այս պահի դրությամբ, բացի մեկից, որը Հայաստանի առաջնությունում 5-րդ տեղն է գրավել, այն էլ՝ ոչ օլիմպիական քաշային կարգում, Բաքվի խաղերին մասնակցելու ցանկություն չի հայտնել: Իսկ երբ նրան հարց տրվեց, թե ո՞րն է ցանության իմաստը, պատասխանեց, թե մրցում չկա, ուզում է մրցման մասնակցել: Հարց է առաջանում, մեր թիմերը գնալու են միայն մասնակցելո՞ւ համար, թե՞ հաղթելու, Հայաստանի դրոշը բարձրացնելու: Առաջինի համար մասնակցությունն անիմաստ է: Իսկ, որ որոշ լրատվամիջոցներ այս տրամադրությունը ներկայացնում են որպես Լեւոն Ջուլֆալակյանի անձնական կարծիք, սխալ են գործում:

Լեւոն Ջուլֆալակյանը բազմիցս հայտարարել է, որ եթե լինի մի ըմբիշ, որը Բաքու մեկնելու ցանկություն կունենա, ինքը պատրաստ է նրան ուղեկցել: Որոշ մարդիկ էլ ասում են, իբր վախենում ենք: Եթե վախենայինք, 2007 թվականին Բաքու՝ աշխարհի առաջնություն, չէինք գնա: Այն էլ՝ հայր ու որդի: Ու մենք տեսել ու զգացել ենք այնտեղի մթնոլորտը: Դեռ Թբիլիսիի օդանավակայանից, վերջացրած Բաքվում՝ հյուրանոցով ու մրցավայրով, մենք մեզ զգում էինք որպես բանտարկյալներ՝ մշտապես անվտանգության աշխատակիցների հսկողության տակ: Նրանք մեզ ուղեկցում էին ամենուր, անգամ զուգարան գնալիս: Բայց մի կարեւոր բան էլ կա: Նրանք մեզ ուղեկցում էին մինչեւ մրցագորգ, իսկ գոտեմարտի ընթացքում երկրպագում մրցակցին: Էլ չեմ խոսում հազարավոր մարզասերների մասին, որոնց եթե թույլ տային, կհոշոտեին մեզ»:
«Առավոտի» ճշտող հարցին, թե անգամ հյուրանոցի աշխատակիցնե՞րը չպետք է իմանային, որ դուք հայ եք, Արսեն Ջուլֆալակյանը ավելացրեց. «Չգիտեին ու այն ժամանակ Սաֆարովը դեռ չկար: Իսկ իմացողների մասին ես հետաքրքրվել էի. եթե որեւէ մեկը, այնուամենայնիվ, որոշի մեզ վնասե՞լ, պատասխանել էին, որ Ալիեւը անվտանգության աշխատակիցներին սպառնացել էր, որ եթե որեւէ մեկը իր պարտականությունների մեջ թերանա, ամբողջ ընտանիքով եւ շատ խիստ պատասխանատվության կենթարկվի: Ահա այսպես էր ապահովվում մեր անվտանգությունը: Հիմա դուք էլ պատկերացրեք մեր՝ մարզիկներիս վիճակը, թե ինչպես է Բաքուն բոլոր մասնակիցների համար «հավասար պայմաններ ապահովում»: Ես դեռ չեմ խոսում հնարավոր ավելի վատ բաների մասին, որ կարող են տեղի ունենալ: Մենք ունենք ու դուք հիշում եք Մյունխենի օլիմպիական խաղերի նախադեպը: Այն ահաբեկչությունը եղավ Գերմանիայի պես քաղաքակիրթ երկրում: Իսկ Գերմանիան եւ Ադրբեջանը, համաձայնեք, համեմատության ոչ մի եզր չունեն, նրանց միջեւ սարերի ու ձորերի հեռավորություն կա»:

Հարցին, թե Բաքվում եղածներից ոմանք հայտարարում են, թե այնտեղ ամեն բան այնքան էլ սարսափելի չէ, Արսեն Ջուլֆալակյանը հակադարձեց. «Նրանք Բաքվում եղել են VIP կարգավիճակով, երբ մասսայի առջեւ Հայաստանի անունը հնչեցնելու, դրոշը բարձրացնելու, առավել եւս, մեր օրհներգը հնչեցնելու խնդիր չի եղել: Նրանք բանակցելու են գնացել, որը, կարծում եմ, ադրբեջանցիների համար գաղտնի կամ կիսագաղտնի է եղել, այնտեղի հասարակությունն անտեղյակ է եղել: Նման այցելությունները մարզիկների արդեն գործնական այցելությունների հետ համեմատելի չեն: Հիմա մեզ ասում են, որ Բաքվում եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ մենք չպետք է քայլենք, բացմանը հատուկենտ մարդիկ են լինելու, բայց ոչ մարզիկները, հայաստանցի մարզիկներին էլի պահելու են առանձին հյուրանոցում ամեն ինչից մեկուսացված:

Բնականաբար, քաղաք դուրս գալու, զբոսնել-հանգստանալու մասին խոսք լինել չի կարող: Այդպիսի պայմաններում ի՞նչ Եվրոպական խաղերի մասին է խոսքը: Այս ամենը հակասում է հենց օլիմպիական սկզբունքներին: Անձամբ ես, եթե իմանամ, որ այնտեղ արդար պայմաններ են լինելու, առաջինը ինքս կգնամ Բաքու ու հպարտ կլինեմ մեր լավը չցանկացող երկրում մեր դրոշը բարձրացնել»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ես ՀՀ քաղաքացի եմ եւ ինչպես յուրաքանչյուր ազգասեր շատ կարեւոր եմ համարում մեր հավաքականի մասնակցությունը բաքվում կայանալիք մրցումներին՝անգամ եթե դա վատ հետեւանքներ ունենա,ետ վատ հետեւանքները իրենց դրական կողմն ել կունենան հավաստիացնում եմ Ձեզ,ես հայտարարում եմ՝ -կամավոր մասնակցելու եւ ուղեկցելու մեր տղաներին բաքու,ինքս ՀՀ ԶՈւ սպա եմ եւ պատրաստ եմ ազգիս առաջ իմ պարտքը այդպես կատարելու միայն թե տղերքը ետ չկանգնեն!
    Հիշեք իմ մարզիկ եղբայրներ՝մեզ համար ավելի լավ պատիվ չի լինի քան եռագույնը մեր թշնամաց երկրում բարձրացնելը!!!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031