Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրք, որ կապակցել է գեղեցիկը եւ մաթեմատիկան

Մարտ 13,2015 12:30

Գեղեցկագիտական հետազոտությունների շարքն ավելացել է մի ուշագրավ եւ յուրահատուկ ուսումնասիրությամբ՝ «Գեղեցիկը, մաթեմատիկան եւ կրթությունը» գրքով, որը եկել է լրացնելու միջառարկայական ինտեգրված հետազոտությունների բացը: Համլետ Միքայելյանը նպատակ է դրել եւ իրավամբ հաջողել նորեն կապակցելու երկու բնագավառ՝ գեղեցիկը եւ մաթեմատիկան, որոնք հին հույների տիեզերքում լիովին շաղկապված էին, իսկ արդի նեղ մասնագիտական մոտեցումների աշխարհում առաջին հայացքից թվում են իրարից հեռու, թեպետ ներդաշնակ են միմյանց ու փոխլրացնող: Չմոռանանք, որ հին հունական փիլիսոփայության ժառանգորդ 5-6-րդ դարերի հայ մեծ իմաստասեր Դավիթ Անհաղթը հետեւում էր գիտությունների եւ արվեստների փոխմիահյուսվածության այդ գաղափարին՝ փիլիսոփայությունը համարելով գիտությունների գիտություն եւ արվեստների արվեստ եւ միեւնույն գիտաճյուղում միահյուսելով, օրինակ, երաժշտությունն ու մաթեմատիկան: Ի հակադրություն այդ մոտեցման, այսօրվա նեղ մասնագիտական կրթությունը նպաստում է սոսկ միակողմանի, իրականության մասին հատվածական պատկերացում ունեցող «մասնագետների» ձեւավորմանը, անտեսելով «ամբողջագիտությունը» կամ «ընդհանրագիտությունը», որ խիստ կարեւոր ու արդիական է համապարփակ աշխարհայացք ու կենսակերպ ձեւավորելու տեսանկյունից:

Համլետ Միքայելյանի հրատարակած «Գեղեցիկը եւ մաթեմատիկան» գիրքը նման «ամբողջագիտական» հետազոտության փորձ է, որտեղ մեկտեղվում են գրականությունը, կերպարվեստը, ճարտարապետությունը, շախմատը, երաժշտությունը, խաչքարակերտումը, մաթեմատիկան եւ փիլիսոփայությունը: Իսկ այդ համադրում-մեկտեղումից ծնվում է նոր հայացք, ներդաշնակ ու միավորյալ աշխարհի նոր տեսողություն… Համլետ Միքայելյանը նպատակ է դնում գեղեցիկի եւ մաթեմատիկայի փոխմիահյուսվածության ծիրում ուսումնասիրել թե մաթեմատիկական, թե գեղագիտական կատեգորիաները, վերհանելով դրանց մասին գիտական գրականության մեջ շրջանառվող տեսանկյունները, ինչպես նաեւ երբեմն դրանց տալով նորովի մեկնաբանություններ: Նա քննարկում է գեղեցիկի, համաչափության, ռիթմի, ներդաշնակության, ոսկե հատման եւ մի շարք այլ գաղափարներ՝ նկատի ունենալով համաշխարհային մշակույթի ողջ համատեքստը, հղելով գեղագիտական մտքի դասականների մեծ մասի երկերն ու ուսումնասիրությունները: Քննարկումները նա տանում է երեք ուղղություններով. ա) գեղեցիկն ընդհանրապես, բ) մաթեմատիկայի գեղեցկությունն ու մաթեմատիկական գեղեցիկը եւ գ) մաթեմատիկան գեղեցիկի մեջ: Առաջին ուղղությունը վերհանելու համար հեղինակը դիմում է գեղագիտական մտքի պատմությանը եւ հակիրճ ներկայացնում որոշ տեսություններ: Մաթեմատիկայի գեղեցկությանը նվիրված բաժինն առավել բանաձեւային բնույթի ձեւակերպումներով է ներկայանում եւ հրաշալիորեն փաստարկում այն գաղափարի օգտին, որ կրթության գործընթացում մաթեմատիկայի դասավանդումը սովորողին գեղեցիկի հետ հաղորդակցելու հզոր գործիք է, ուղղակի գեղագիտական հաճույք պատճառող գործունեություն: Երրորդ՝ մաթեմատիկան գեղեցիկի մեջ, ուղղությունն այն դաշտն է, որտեղ հեղինակն առավել մեծ հոժարությամբ փորձարկումներ է անում, համադրում նախկինում անհամադրելին ու ստանում լրիվ նոր գիտելիք եւ արժեբանական մոտեցումներ: Նա հետաքրքիր եզրահանգումներ է անում՝ վերլուծելով որոշ գրական երկեր, շախմատային խաղեր եւ գեղարվեստական մշակույթի այլ բաղադրիչներ: Միշտ չէ, որ կարելի է միանշանակ համաձայնել հեղինակի գնահատականների հետ, բայց հենց դա էլ այս հետազոտությունը դարձնում է ապրող, մտածել-քննարկելը խթանելու ներուժ ունեցող աղբյուր:

Առանձնապես արժեքավոր է այն, որ որոշ հասկացություններ Միքայելյանը դիտարկում է հայոց մշակութային ժառանգության օրինակների հիման վրա: Այսպես, համաչափության կատեգորիան վերլուծելուց հետո, հեղինակը բացահայտում է համաչափությունները հայկական խաչքարերում՝ կատարելով ուշագրավ վերլուծություններ: Սակայն շարադրանքից այնքան էլ պարզ չէ, թե որքանով է մեր մեծ վարպետների կողմից համաչափությունների գիտակցումը ազդել կերտվող խաչքարերի վրա: Գլխի վերջում կարդում ենք. «Ասվածից հետեւում է, որ վարպետ Պողոսը ավելի շատ մաթեմատիկոս է, քան վարպետ Մոմիկը, իսկ վերջինս ավելի ազատ է մաթեմատիկայից, եւ նրա մոտ գերիշխում է խաչքարի պատկերման գեղագիտական ընկալումը»: Այնուամենայնիվ, հստակ չէ, թե մոտեցումներից որն է նախընտրելի հեղինակի համար, կամ որի արդյունքն է գեղեցկաբանության տեսանկյունից առավել ընդունելի: Հեղինակը քննարկում է հավասարակշռությունն ու անհավասարակշռությունը բարոյական, հոգեբանական, ազգային, պատմական եւ այլ արժեքային մոտիվների շուրջ՝ ներկայացնելով ուշագրավ վերլուծություններ Սուրենյանցի, Ռեմբրանդտի եւ Սարյանի կտավների վերաբերյալ:
Գիրքն օգտակար է ինչպես մաթեմատիկոսներին ու մաթեմատիկա դասավանդողներին, այնպես էլ գեղագիտության, արվեստի փիլիսոփայության եւ մշակութաբանության հարցերով զբաղվողներին: Հուսանք, որ հետազոտության երկրորդ մասն իրեն երկար սպասեցնել չի տա:

ՍԻԼՎԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031