Տարիների ընթացքում մաշկը կորցնում է իր առաձգականությունը, թուլանում է եւ սկսում կնճռոտվել: Տարբեր բաղադրատոմսերի միջոցով փորձում ենք գտնել այն հրաշք միջոցը, որի շնորհիվ մաշկը կվերագտնի իր երբեմնի գեղեցկությունը: Չպետք է մոռանալ, որ ճիշտ սննդակարգին եւ առողջ ապրելակերպին հետեւելը նույնպես կերկարացնի երիտասարդ մնալը: Ժամանակակից կանայք այս հարցը լուծում են արագ ու արդյունավետ մեթոդով` բոտեքսով, բայց կա նաեւ բնական միջոց, որը նույնպես արդյունավետ միջոց է եւ ավելի հեշտ է, պարզ, մատչելի: «Domohozyajka.com»-ի առաջարկով, դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ օսլա, կես բաժակ սովորական ջուր եւ կես լիտր եռման ջուր, 1 ճաշի գդալ թթվասեր եւ 5 ճաշի գդալ գազարի թարմ հյութ:
1 ճաշի գդալ օսլան բացել կես բաժակ ջրում, լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել կես լիտր եռման ջուր եւ խառնելով եփել՝ մինչեւ դառնա մածուցիկ: Թողնել, որ ստացված զանգվածը ունենա սենյակային ջերմաստիճան եւ ավելացնել 1 ճաշի գդալ թթվասեր եւ 5 ճաշի գդալ գազարի հյութ: Լավ խառնելուց հետո այն հաստ շերտով քսել դեմքին: Թողնել 20-25 րոպե եւ լվանալ տաք ջրով, որից հետո քսել սնուցող քսուք:
Ավելացած զանգվածը պահպանել սառնարանում 3 օր եւ ամեն օր կրկնել դիմակը: Այս դիմակի առավելություններից մեկն այն է, որ պատրաստում եք մեկ անգամ եւ օգտագործում 3 օր անընդմեջ՝ արդյունքում ունենում թարմ, խնամված եւ առանց կնճիռների գեղեցիկ մաշկ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
12.03.2015