«Մենք սկսում ենք սահմանադրական բարեփոխումների քննարկումները: Սա պատմական պահ է մեզ համար, Հայաստանի զարգացման համար փոփոխված Սահմանադրությունը նոր տեսլական է ներկայացնում»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստը նախատեսված էր ժամը 20.00-ին: Այն սկսվեց մոտ երկու ժամ ուշացումով: Պատճառն այն էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր անցկացնում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամների հետ: Մինչ այդ, նախագահը հանդիպել էր ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, ՀՀՇ-ի Ազատ դեմոկրատների, Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար կազմի հետ:
ՀՀԿ ԳՄ նիստում այսօր նախագահն իր կուսակիցների հետ ամփոփել է օրվա ընթացքում կայացած հանդիպումները: Հերմինե Նաղդալյանը լրագրողներին փոխանցեց, որ հստակ է մեկ բան`Սահմանադրության բարեփոխումները պետք է քննարկվեն. «Մեզ համար կարևոր է բոլոր քաղաքական ուժերի ու մասնագետների մասնակցությունը այդ քննարկումներին»: Քննարկումները, իշխող կուսակցությունում հույս ունեն, որ կհանգեցնեն համալիր փաստաթղթի ձեւավորման. «Մենք մտնում ենք բարեփոխումների քննարկման շրջան և կարծում ենք, որ դրանք պետք է ծնեն պատասխան` ի՞նչ բարեփոխում ենք իրականացնում և այլն: Այդ ամենի արդյունքում մենք կգանք եզրահանգման, թե արդյոք կատարում ենք բարեփոխումները և ինչ ծավալով»:
Հարցին` ի՞նչու քաղաքական քննարկման չի հրավիրվել ՀԱԿ-ը, ԱԺ փոխնախագահը արձագանքեց. «Ի՞նչ իմաստ կա հրավիրել քննարկման մարդկանց, որոնք քննարկման ոչ մի եզր չեն տեսնում«: Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն էլ դեմ է միշտ հանդես եկել, Հերմինե Նաղդալյանը նշեց, թե ԲՀԿ-ն, համենայնդեպս, մասնակցում է քննարկմանը` հավելելով. «Քննարկում, նախևառաջ, նշանակում է մեկը մյուսին լսել»: Նա տեղեկացրեց, որ վաղը քննարկումները կշարունակվեն նաև մասնագիտական խմբերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ