4 դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկված ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ Սուրեն Սարգսյանին չի զարմացնում, որ ոստիկանությունը նույնիսկ քրեական գործ չհարուցեց իրեն ծեծի ենթարկելու դեպքով:
«Եթե երկու մարդ իրար ծեծեն, հանկարծ թաղայինը կամ քննիչը իմանան, գործը չեն փակի մինչեւ փող չպոկեն, իսկ այս դեպքում գործը փակեցին՝ ասելով՝ բողոքող չկա: Ես չբողոքեցի, որովհետեւ ում դեմ բողոքեի: Սպասելիք չունեի, ասացի՝ չունենք այն համակարգը, որ կոչվում է ոստիկանություն: Ամեն ինչ պատվերով է, կա՞ պատվեր գործ կհարուցեն, գործը կփակեն»,- ասաց ազատամարտիկը:
Նա պնդեց՝ գիտի, ով է պատվիրատուն, կատարողը՝ իշխանությունն է:
Հիշեցնենք, որ ազատամարտիկի վրա հարձակվողները ծեծելու ժամանակ պատգամավորի անունն էին տվել: Մեր հարցին, դեռ մնո՞ւմ է այն կարծիքին, որ իրեն ծեծողները կապ չունեն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ, պարոն Սարգսյանը շարունակեց.
Կարդացեք նաև
«Չեմ կարծում՝ որեւէ մեկն այս երկրում էդքան տղամարդ է, որ իր անունով մարդ ուղարկի՝ ինձ ծեծելու: Անկախ նրանից՝ ով ինչ անցյալ ու մականուն ունի, այդքան տղամարդ լիներ դեմս դուրս կգար: Ոչ ոք իր գլխից ձեռք չի քաշել իմ հետ բաց երեսով կռվի: Բայց ինձ վրա հարձակվող լակոտները չեն հետաքրքրում, ես գիտեմ՝ որ չակերտավոր ղեկավարը մարդ ուղարկեց ու զբաղվեցին ինձնով: Բայց որ մեր տեսակի վրա ձեռք բարձրացրին, դա չի ներվելու, օրը կգա, բարին հետը: Դատաիրավական համակարգին չեմ վստահում, չեմ բողոքելու, հանգիստ եմ նայում, ես դիմացա, մնում է կատարողները դիմանան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ