Այսօր՝ մարտի 12-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում բացվեց հայ ժամանակակից արվեստագետ Սահակ Պողոսյանի՝ «Մեծ մորս աչքերի լռությունը» խորագրով ցուցահանդեսը, որը հեղինակի՝ Հայոց ցեղասպանության շարունակվող ներկայության յուրատեսակ վերապրումն է: Ցուցահանդեսի համադրողն է արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցմանը՝ ինչպես ծնվեց նման նախագիծ անելու գաղափարը, Սահակ Պողոսյանը պատասխանեց. «Ստեղծագործությունն ինչպե՞ս է ծնվում՝ մեջդ ապրվում է ու մի օր ճայթում է: Հիմա սա իմ մեջ մոտ հիսուն տարի ապրում էր, իհարկե մոտիվացիան ցեղասպանությունն է, որովհետեւ իմ մեծ մայրերն ու պապերը ցեղասպանության վերապրածներ են: Նրանք իրենց ներկայությամբ անընդհատ ինձ վրա թողել են այդ ազդեցությունը: Նախագիծը կոչվում է «Մեծ մորս աչքերի լռությունը», որովհետեւ մեծ մայրս լինելով այդ ամեն ինչի կրողը, երբեք չի պատմել այդ մասին, ինքը կրում էր այդ ցավն իր մեջ՝ ականջօղերի նման: Իսկ շրջապատի պատմությունները, որ ես լսել եմ մեծ մորս ընտանիքի մասին, առիթ հանդիսացան, որ ծնվի այս նախագիծը: Ես հատուկ չեմ մտածել, որ սա նվիրված է Ցեղասպանության `100-ամյա տարելիցին, ուղղակի ժամանակը եկել էր եւ նախագիծը կայացավ, եւ բախտ ունեցավ ցուցադրվել ճիշտ տեղում, ճիշտ մարդկանց հետ: Ու ես շնորհակալ եմ Գաֆեսճեան արվեստի կենտրոնին, որ նախաձեռնեց այս ցուցադրությունը, եւ ցուցադրեց այնպես, ինչպես երբեւէ չի եղել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ