Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունաշենի դպրոցի աշակերտների խնդրանքն է՝ նորոգել իրենց կրթօջախը

Մարտ 12,2015 20:54

Քաշաթաղի շրջանի Մարտունաշեն գյուղը գտնվում է շրջկենտրոնից հարավ՝ մոտ 50 կմ հեռու՝ Հակարի գետի աջ ափին:  Ազատագրվել է 1993 թ. ամռան վերջին, վերստին հայացել մեկ տարի անց: Այստեղ հանրակրթական դպրոցն սկսել է գործել 1997 թվականից: Մեկ տարի անց հանդիսավորությամբ կրթօջախն անվանակոչվեց ի պատիվ Արցախյան գոյամարտում նահատակված ազատամարտիկ Մարտուն Պապիկյանի:

Մարտի 11-ին շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի գլխավոր մասնագետ Սուրեն Վարդումյանի հետ եղանք շրջանի հարավային թևի մի շարք դպրոցներում, այդ թվում նաև՝ Մարտունաշենում: Երկհարկանի  և համեմատաբար լավ պայմաններ ունեցող դպրոցի շենքն ունի նորոգման խնդիր, հատկապես պետք է փոխվի տանիքը: Մինչև Սուրենը կկատարեր չափագրումներ, ես տնօրեն Մհեր Դաղունցի հետ շրջեցի դպրոցում, ծանոթացա պայմաններին: Տնօրենը  տեղեկացրեց, որ ունեն 27 աշակերտ՝ 6 համակարգ-դասարանով: Աշակերտներից 15-ը գալիս են հարևան Ձորափ, 6-ը՝ Գետափ, 1-ը՝ Տիգրանավան  համայնքներից, իսկ 5-ը՝ Մարտունաշենից: Աշակերտների տեղափոխությունը կատարվում է մեքենաներով: Առաջին դասարանում կա 2, իսկ 12-ում՝ 1 աշակերտ: Ըստ նախնական տվյալների՝ եկող ուստարում դպրոցի աշակերտների թիվը կհամալրեն 3 առաջին դասարանցի: Ուսուցիչների պակաս չկա. 13 ուսուցիչները հիմնականում ունեն համապատասխան կրթություն: Ինչպես շրջանի շատ դպրոցներում, այստեղ ևս չկա մարզադահլիճ, սակայն դասարանների քանակը բավարարում է, միայն դրանք ունեն նորոգման խնդիր:

Քանի որ տանիքի ծածկը շատ է վնասված, անձրևի և ձնհալքի ժամանակ երկրորդ հարկի դասասենյակներում կաթոց է սկսվում: Համակարգ 10 և 12-րդցիների դասղեկն իր միջոցներով նորոգել է դասարանը, սակայն յուրաքանչյուր անձրևի ժամանակ կաթոց է սկսվում: Աշակերտների խնդրանքն է՝ նորոգել իրենց կրթօջախը և հատկացնել մարզագույք, որից առաջնայինը բասկետբոլի զամբյուղ-ցանցերն են: Դասագրքերի որոշ պակաս կա, բայց այդ հարցը տարածքի դպրոցները, համագործակցելով միմյանց հետ, լուծում են: Ուսուցչանոցում զրուցեցի մանկավարժների հետ: Առաջնային համարեցին նաև խմելու ջրի հարցը: Դպրոցը, գտնվելով գյուղի ծայրամասում, զրկված է թե խմելու, և թե ոռոգման ջրից: Տնօրենն ասաց, որ կա նպատակ դպրոցից մոտ 150 մ հեռու գտնվող ջրատարից պոմպի միջոցով ոռոգման ջուր հասցնել դպրոցի բակ և մոտակա մոտ 7000ք/մ հողատարածքում այգի հիմնել: Ժամանակին այդ տարածքում նռան ծառեր են տնկել, սակայն ջուր չլինելու պատճառով դրանք գրեթե չորացել են:

Այս աշխատանքների համար հարկավոր է ռետինե խողովակ և հոսանքալար: Մյուս ծրագիրը՝ դպրոցին մոտ գտնվող կիսակառույցն օգտագործել որպես պահեստային մաս, հատկապես վառելափայտի համար: Այդ իրականացնելու համար ծածկի շինանյութ է հարկավոր: Օրը տաք էր, և աշակերտները ֆիզկուլտուրայի դասն անցկացնում էին դրսում: Ուրախացան նաև ցածր դասարանցիները, ովքեր իմանալով այն, որ ԱՄՆ-ի «Հայ Կրթական Հիմնարկություն»-ը հնարավոր է՝ այս ամռան ընթացքում իրականացնի տանիքի նորոգումը և այլ աշխատանքներ: Հրաժեշտ տալով Մարտունաշենի միջն. դպրոցի աշակերտներին՝ հույս ունեմ,  որ սեպտեմբերին այստեղ կայցելենք արդեն նորաշեն տանիքի բացման առիթով:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031