Ստամբուլահայ հայտնի գրող, լեզվաբան, «Taraf» թերթի թղթակից Սեւան Նիշանյանին պատկանող «Նիշանյանի տներ»-ը՝ Թուրքիայի զբոսաշրջային ամենահայտնի վայրերից մեկը, կքանդվի: Թեմային անդրադարձ է կատարել թուրքական «Radikal» գործակալությունը:
2015 թվականի փետրվարի 25-ին Սեւան Նիշանյանը այդ տները նվիրատվության տեսքով փոխանցել էր թուրք գրող Ազիզ Նեսինին պատկանող «Նեսին» հիմնադրամին: Շինությունները քանդելու մասին որոշումը Սելչուկի քաղաքապետարանը հայտնել է հենց «Նեսին» հիմնադրամին: Չնայած քանդելու աշխատանքները կատարվելու են Սելչուկի քաղաքապետարանի կողմից, բայց այն իրականացնելու համար ծախսվող գումարը փոխանցելու է հիմնադրամը:
«Radikal»-ը հայտնում է, որ վաղը Սելչուկի քաղաքապետի հետ հանդիպում է տեղի ունենալու որոշ հարցեր ավելի մանրամասն քննարկելու նպատակով:
Կարդացեք նաև
Ավելի վաղ` հունվարի 2-ին Նիշանյանը բանտարկվել է: Բանտարկման առիթ է դարձել իր հողամասում մեկհարկանի տնակի կառուցումը, որը համարվել է «ապօրինի շինություն», ինչպես նաև մի շարք շինությունների` պատմական տների, բաղնիքի, հյուրանոցի, «ապօրինի» վերակառուցումը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ