Դատավոր Մանուշակ Պետրոսյանի ինքնաբացարկից հետո բողոքի քննությունը նոր ընթացք կունենա: Սերոբ Դաղունցը դատապարտվել է ազատազրկման 2 տարի 3 ամիս ժամկետով:
Նա բողոքարկել է իր նկատմամբ կայացրած դատավճիռը, մասնավորապես, պատժաչափի առումով գտնում է, որ իրեն սխալ են դատել, կալանավորել:
Նա հանդիսացել է Լուսինե Սիմոնյանի ամուսինը: Չունենալով բժշկական կրթություն, վերջինիս ու նրա ընտանիքի անդամներին ներկայացել է ոչ ավել, ոչ պակաս որպես «Էրեբունի» բուժկենտրոնի բժիշկ :
Ըստ դատարանում առկա գործի նյութերի, նա իբր ՀՀ ՊՆ միջոցով Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի ռազմաբժշկական հաստատություն ուսանելու մեկնելու, գրքեր, հագուստներ, կոշիկներ և այլ պարագաներ գնելու ու հետագայում գումարները վերադարձնելու պատճառաբանությամբ, ինչպես նաև Ս.Սիմոնյանի, նրա կնոջ` Հայկանուշ Սարգսյանի, նրանց թոռնիկներ Ավիկ Ադամյանի ու Հայկ Մելիքյանի մոտ հորինված, սուտ հիվանդություններ ախտորոշելով և նրանց բուժելու պատրվակով, խաբեությամբ հափշտակել էր խոշոր չափերի` ընդհանուր 1.263.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, որից 800.000 ՀՀ դրամ գումարը Ս.Սիմոնյանն իր բարեկամներ` Ն. Հարությունյանի, Լ. Նալբանդյանի և Մ. Հովհաննիսյանի միջոցով, որպես «խմբակային վարկ»` «Ֆինքա» վարկային կազմակերպությունից ստացել ու փոխանցել էր նրան, իսկ մնացած 463.000 ՀՀ դրամ գումարը, տվել է իր անձնական միջոցներից:
Բացի այս դրվագից, կար մեկ դրվագ եւս: «Բժիշկը» ծանոթացել էր իր կնոջ մոտ մատնահարդարման հաճախած Գայանե Խաչատրյանի հետ:
«Տեղեկանալով» մատնահարդարի առողջական խնդիրների մասին` բժշկական դիագնոստիկ սարքավորում ներմուծելու, դրանով Գ.Խաչատրյանի առողջական խնդիրները լուծելու ու հետագայում գումարը վերադարձնելու պատճառաբանությամբ, նա Գ.Խաչատրյանից խաբեությամբ հափշտակել էր 800.000 ՀՀ դրամ կանխիկ գումար:
«Բժշկի» ախտորոշման սարդոստայնում էր հայտնվել նաեւ իր կնոջ բարեկամ` Արարատի մարզի Դիմիտրով գյուղի բնակիչ Մարինե Սողոմոնյանը:
Սարի Թաղում մի միջոցառման ժամանակ նա ծանոթացել էր «հիվանդի» հետ, ներկայացել էր որպես «Էրեբունի ԲԿ» ՓԲ ընկերության բժիշկ: Ըստ նախնական պայմանավորվածության, կեղծ բժիշկը Մ.Սողոմոնյանի դստեր` Զվարթ Միհրանյանի տեսողական խնդիրները լուծելու պատճառաբանությամբ, Մ.Սողոմոնյանից խաբեությամբ ստացել էր 370.000 ՀՀ դրամ կանխիկ գումար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ