Մարտի 9-ին Լիբանանի «NDU» համալսարանի հանդիսությունների սրահում Հայ կաթողիկե պատրիարքարանի նախաձեռնությամբ և Լիբանանի կաթողիկե պատրիարքների և եպիսկոպոսական խորհրդի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:
Երեկոյին ներկա էին քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, կրոնական առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Երեկոյի բացումը կատարեց հասարակական գործիչ Ջորջ Քորդահին: Նա արաբերենով արտասանեց Ցեղասպանության զոհ, հայ մեծ բանաստեղծ Սիամանթոյի «Ափ մը մոխիր» ստեղծագործությունը, ապա անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը: Հայ կաթողիկե պատրիարքության անունից ելույթ ունեցավ հայր Գևորգ ծայրագույն վարդապետ Եղյայանը: Ապա ասմունքով հանդես եկավ մարդկության դեմ իրականացված բռնությունների և ոճրագործությունների վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ, լիբանանցի բանաստեղծ Անտուան Ռաադը:
Լիբանանի նախկին վարչապետ, «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցության ղեկավար Միշել Աունը իր խոսքում նշեց, որ հայ ժողովուրդը տառապանքներ և զրկանքներ է ունեցել Օսմանյան կայսրությունում` ենթարկվելով հալածանքների: Միշել Աունն ընդգծեց, որ 1915թ. հայությունը զոհ գնաց այն գաղափարախոսությանը, որը միտված էր Թուրքիայում ապրող բազմաթիվ ազգությունների և կրոնների բնաջնջմանը: Ըստ գեներալ Աունի, անցյալի ոճիրների ուրացումը թույլ տվեց, որ ոճրագործ ուժերը հետագայում ևս իրագործեն ջարդեր և անպատիժ ավերեն քաղաքակրթություններ:
Կարդացեք նաև
Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժմայելն իր ելույթում նշեց, որ միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել և դատապարտել անցյալում իրականացված և ներկայումս էլ շարունակվող զանգվածային բնաջնջման բոլոր գործողությունները, որպեսզի հնարավոր լինի կանխել դրանց կրկնությունն ապագայում: Ամին Ժմայելը բարձ գնահատեց լիբանանահայության ներդրումը Լիբանանի գոյատևման և զարգացման գործում` շեշտելով, որ երկխոսության և համագործակցության հայկական ավանդույթը Լիբանանի ինքնության և գոյության հիմքերից մեկն է:
Այնուհետև ներկաներին իր պատգամը հղեց մարոնիների պատրիարք Բշարա Ռայը: Պատրիարքն իր զորակցությունը հայտնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հայտարարված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսին:
Ելույթով հանդես եկավ նաև Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն:
ՀՀ ԱԳՆ