«Երբ 40 տարի առաջ հնարավորություն ունեցա ձայնագրելու իմ առաջին՝ «Բալլադ Ադելինի համար» ալբոմը, կարծում էի, որ կվաճառեմ մի քանի սկավառակ և փոքրիկ կարիերա կունենամ Ֆրանսիայում, բայց հետո այդ ստեղծագործությունը մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում: Ահա թե ինչպես ամեն ինչ սկսվեց: Բախտը, պարզապես, ժպտացել է ինձ. չէ՞ որ աշխարհում այնքան շատ երաժիշտներ կան, որոնք հրաշալի են նվագում»,- ասում է ֆրանսիացի հայտնի դաշնակահար Ռիշար Կլայդերմանը:
Անվանի դաշնակահարը Հայաստանում է: Իր երկարատև ստեղծագործական գործունեության ընթացքում նա առաջին անգամ է այցելում մեր երկիր և մարտի 13-ին ու 14-ին՝ ժամը 19:30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում հանդես կգա երկու համերգով:
Ռ. Կլայդերմանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ հայ հանդիսատեսի համար կտորներ կնվագի այն ստեղծագործությունից, որով սկսել է իր երաժշտական գործունեությունը, ինչպես նաև վերջին ալբոմից, որն անվանել է «Ռոմանտիկա»: Կհնչեն նաև ֆիլմերի համար գրված մեղեդիներ:
«40 տարի շարունակ ամենատարբեր հանդիսատեսի առջև եմ ելույթ ունեցել, և ամեն անգամ հուզմունքը նորովի է արտահայտվում,- ասում է Ռ. Կլայդերմանը,- միշտ էլ շատ ազդեցիկ է գիտակցումը, որ տարբեր մարդկանց հուզում է քո երաժշտությունը: Դա ինչ-որ տեղ ստիպում է նաև, որ ամեն համերգի ձգտես ավելի ու ավելի լավ նվագել: Ես ամեն անգամ անկեղծ զարմանում եմ, որ հազարավոր մարդիկ են գալիս ինձ լսելու: Հայաստանում ինձ նոր հանդիսատես է սպասում, և ես հուսով եմ, որ կկարողանամ հուզել նաև նրան, իմ երաժշտությամբ հայ ունկնդրին փոխանցել զանազան հույզեր ու ապրումներ»:
Կարդացեք նաև
61-ամյա դաշնակահարի երգացանկը բազմազան է՝ դասական գործերից մինչև փոփ կատարումներ, էթնիկ երաժշտությունից մինչև ֆիլմերի համար գրված ստեղծագործություններ. «Երաժշտությունը, որը կատարում եմ, ներկայացնում է ինձ, իմ անձը: Ընդհանուր առմամբ, ես ռոմանտիզմի մեջ եմ. դա իմ բնույթն է, իմ տրամադրությունն ու ապրելակերպը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ իր երաժշտության հիմնական նպատակը հույզերի փոխանցումն է:
Նա գտնում է, որ երաժշտությունն ընդունակ է օգնելու մարդկանց ամենադժվարին իրավիճակներում. «Ցեղասպանությունը ձեր ազգի համար մեծ դրամա է եղել: Կարծում եմ՝ ինչպես կյանքի այլ իրավիճակներում, այնպես էլ այս դեպքում, երաժշտությունը կարող է օգնել մոռացության տալ ինչ-որ բաներ: Ես սա ասում եմ՝ որպես երաժշտության համեստ դեսպան»,- ընդգծեց դաշնակահարը:
Ինչ վերաբերում է ֆիլմերի համար երաժշտություն գրելուն, Ռ. Կլայդերմանը նշեց, որ փորձում է երաժշտության միջոցով ավելի գեղեցկացնել ֆիլմը՝ իր հույզերն ու ապրումները դնելով դրա մեջ: Ֆիլմի համար երաժշտություն գրելն արվեստագետի համար դժվար, բայց շատ հաճելի աշխատանք է: Այս պահին նա որևէ պատվեր չունի, բայց հույս ունի, որ այն չի ուշանա:
Նախքան իր երաժշտական հիմնական գործունեություն սկսելը, Ռ. Կլայդերմանն աշխատել է որպես նվագակցող, համագործակցել է տարբեր երաժիշտների հետ: Բայց ափսոսում է, որ իրեն բախտ չի վիճակվել նվագակցել Շառլ Ազնավուրին, որին համարում է շանսոնի լավագույն վարպետ: Դաշնակահարն ասում է, որ որոշ կապեր ունի նաև Փարիզի հայ երաժիշտների հետ, որոնք, ըստ նրա, հրաշալի են նվագում: Այժմ էլ խանդավառված է, որ առիթ ունի Երևանում նվագելու Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:
Դաշնակահարը խոստովանում է, որ արտիստի համար միշտ հետաքրքիր է նոր երկիր բացահայտելը, և հույս ունի, որ այս այցը Հայաստան վերջինը չի լինի. «Կուզենամ կանոնավոր կերպով գալ Հայաստան, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեմ ձեր երկրի մասին»,- նշեց նա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ