ԿԸՀ-ն մերժել է Էդգար Ամիրյանի դիմումը:
Մարտի 15-ին Իջեւանում կկայանան ավագանու ընտրություններ, քաղաքի ավագանու 15 տեղին հավակնում է 21 թեկնածու: Իջեւանի ավագանու թեկնածու, քաղաքի երաժշտական դպրոցի շվիի դասատու Էդգար Ամիրյանը մարտի 3-ին դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ բողոքելով, որ Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանը (ով նաեւ Իջեւանում տեղակայված Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է) իրեն արձակուրդ չի տրամադրում, որպեսզի կարողանա, որպես ավագանու թեկնածու, քարոզարշավ կատարել:
Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ փետրվարի 26-ին Էդգար Ամիրյանն առաջին դիմումն է հանձնել իրեն, որպեսզի քարոզարշավ իրականացնելու համար մարտի 1-ից տրվի իրեն հասանելիք հերթական արձակուրդը: Փետրվարի 28-ին Ա. Սարգսյանը Է. Ամիրյանին գրավոր պատասխանել է, որ երաժշտական դպրոցի աշխատողներին հերթական՝ 42-օրյա արձակուրդը տրամադրվում է ամռանը, երբ դպրոցներում արձակուրդներ են: Մարտի 2-ին Է. Ամիրյանը երկրորդ դիմումն է հանձնել Ա. Սարգսյանին՝ խնդրելով քարոզարշավ իրականացնելու համար իրեն տրամադրել նպատակային արձակուրդ: Մարտի 3-ին Ա. Սարգսյանը մերժելով այդ դիմումը, Ամիրյանին հայտնել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 175 հոդվածի համաձայն նա կարող է քարոզարշավի ընթացքում օգտվել արձակուրդից՝ պահպանելով իր աշխատատեղը:
Ա. Սարգսյանը հայտնեց, որ Էդգար Ամիրյանը շվիի ընդամենը 2 աշակերտ ունի, որոնցից մեկը Ռուսաստան է տեղափոխվել: Շաբաթական երկու օր՝ Է. Ամիրյանը ժամը 11-13-ը զբաղված է ժողգործիքների համույթում, որից հետո ժամը 13.00-13. 45-ը նա իր միակ աշակերտին շվիի դաս է տալիս: Ա. Սարգսյանը կարծում է , որ նման քիչ զբաղվածության դեպքում է. Ամիրյանը կարող է իր քարոզարշավն ակտիվ անցկացնել: Աիդա Սարգսյանն ասաց, որ փետրվարի 16-ին եւ 19-ին աշխատանքի չներկայանալու եւ մատյանը սխալներով լրացնելու համար ինքը «խիստ նկատողություն» է հայտարարել Է. Ամիրյանին:
Կարդացեք նաև
Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ մարտի 11-ին Երեւանում, ՀՀ ԿԸՀ-ում կայացել է Է. Ամիրյանի դիմումի քննարկումը, այն մերժվել է:
Հավելենք, որ այժմ Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Էդգար Ամիրյանի եւ Իջեւանի երաժշտական դպրոցի նախկին տնօրեն Սվետլանա Բեգլարյանի դատավարությունը: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ս. Բեգլարյանը էդգարին կեղծ վկայական է տվել, որ նա սովորել եւ ավարտել է Իջեւանի երաժշտական դպրոցը: Այդ վկայականի հիման վրա է. Ամիրյանը նույն դպրոցում որպես դասատու աշխատանքի է տեղավորվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ