Վրաստանի ԱԱԾ նախկին քարտուղար Գեորգի Բոկերիան եւ նախկին նախագահի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին տուժել են երեկ Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած կռվի արդյունքում: Վրացական «Взгляд»-ի փոխանցմամբ՝ կռիվը սկսվել է Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ:
Խորհրդարանի հանձնաժողովներում քննարկվում է կառավարության հակաճգնաժամային նախագիծը: Դրա հետ կապված Սահակաշվիլիի կողմնակից «Ազատ տարածք» երիտասարդական կազմակերպության ռադիկալները շրջապատել են շենքը: Հակառակ ակցիա են արել Սահակաշվիլիի հակառակորդները: Նրանց միջեւ կռիվ է ծագել, որում ներքաշվել են Բոկերիան եւ Գաբաշվիլին: Ոստիկանությունը բաժանել է կռվողներին եւ ձերբակալել է մի քանի հոգու:
Այդ ընթացքում Վրաստանի խորհրդարանում իշխող «Վրացական երազանք» խմբակցության պատգամավորները եւ «ազգայնականները» հանձնաժողովների լսումների ժամանակ միմյանց քննադատում էին հակապետական գործունեությունների համար:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի ժամանակ տնտեսական ճիշտ քաղաքականություն մշակելու եւ հասարակության հետ շփվելու համար կոչ է արել հաշվի առնել տարածաշրջանում տիրող իրավիճակը. «Ցավոք սրտի մենք պետք է հաշվի նստենք տարածաշրջանային իրադրության հետ: Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Թուրքիայում կատարվող իրադարձությունները, ինչպես նաեւ ամբողջ Եվրոպայում տիրող ճգնաժամը անդրադառնում է մեր վրա»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ